Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԻՐԵՆ ՄՐՑԱԿԻՑ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

Դեկտեմբեր 19,2009 00:00

Թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության բոլոր թեկնածուներն էլ իրենց անհաղթ են համարում

Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին սպասվում են մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: Տեղն ազատ է Խաչատուր Սուքիասյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու պատճառով:

Հունվարի 10-ին պատգամավորական մանդատի համար պայքարելու են Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

Երեկ որոշեցի շրջայց կատարել այս ընտրատարածքում՝ պարզելու ընտրողների տրամադրությունները, սպասելիքները եւ տեղեկացվածությունը: Թեպետ մամուլը ամեն օր լեցուն է այս ընտրատարածքում սպասվող ընտրությունների մասին նյութերով, թեկնածուների եւ նրանց վստահված անձանց տարաբնույթ հայտարարություններով, սակայն բուն ընտրատարածքում ամեն ինչ չափից դուրս խաղաղ էր, ընտրողները անգամ տեղյակ չէին, որ իրենց նոր ընտրություններ են սպասվում: Մարդկանց ավելի շատ տարեվերջյան հոգսերն էին հուզում, քան որեւէ ընտրություն: Իմ հարցումներին՝ ո՞ւմ են ընտրելու հունվարի 10-ին, ինձ հանդիպած շիլաչեցիք զարմանում էին. «Ինչի մեր պատգամավորը Սուքիասյան Խաչիկը չի՞»: Ոմանք անգամ չգիտեին, որ պարոն Սուքիասյանը այլեւս ԱԺ պատգամավոր չէ:

Շրջելով Տիգրան Մեծ պողոտայում եւ նրան հարակից փողոցներում, հասնելով Սարի թաղի փեշերը՝ չտեսա որեւէ թեկնածուի նախընտրական շտաբ, քարոզչական պաստառ, ցուցադրական գովազդ: Միակ շտաբը, որ իմ որոնումների ճանապարհին պատահեց, հայտնվեց անսպասելի՝ ավտոմեքենայի անվադողեր վաճառող մի կրպակի վրա. պատգամավորության թեկնածու Արա Սիմոնյանի նախընտրական շտաբն էր: Ներսում գտնվողները ներկայացան որպես «Արայիկի ընկերներ»՝ Էդիկը, Ժիրայրը եւ Դուրեկանը, վստահ էին, որ իրենց թեկնածուն է հաղթելու. «Ինքը շատ խելացի տղա ա, մեր էլ հարեւանն ա, ես էլ պրոպագանդա եմ տանում, որ իմ հարազատներով, բարեկամներով իրան ընտրենք: Մի դասատու կա, որ իրեն դաս է տվել, ասել է՝ դուք միանգամայն ճիշտ եք, իրան ընտրեք»,- ասաց Ժիրայրը: Անգամ հիշեցին, որ 1991-ին Արա Սիմոնյանը այս նույն տարածքում պարտվեց ՀՀՇ-ի ներկայացուցիչ Արա Սահակյանին:

Ավելի ուշ խմբագրությունից զանգահարեցի թեկնածուներին եւ նրանց վստահված անձանց: Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը մեզ տեղեկացրեց, որ գլխավոր շտաբը գործում է ՀԱԿ գրասենյակում, բացի դրանից՝ գործում են նաեւ 7 ենթաշտաբներ: Քարոզարշավը անցկացվում է «Դռնեդուռ» սկզբունքով, այցելելու են մարդկանց տները, 12 հազար բնակարան, մարդկանց հանձնելու են «Նիկոլ Փաշինյանի փաթեթը, որում ներկայացված են Նիկոլի գաղափարները, անցած ուղին, Նիկոլի խոսքը»: Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Արամազդ Ղալամքարյանը մեզ հայտնեց, որ թեկնածուներից ոչ մեկին իրենց թեկնածուի մրցակիցը չեն համարում. «Հանձինս այդ անձերի, մենք չենք տեսնում մրցակիցներ, մեր մրցակիցը կամ ավելի ճիշտ մեզ խանգարողը ռեժիմն է»: Նիկոլ Փաշինյանի ընտրվելու հավանականությունը գնահատեց «հաղթական»: Նիկոլ Փաշինյանի կարգախոսն է. «Ի՛մ հաղթանակը քո՛ հաղթանակն է»: Նախընտրական շտաբը քարոզչությունը իրականացնելու է հիմնականում պաստառների միջոցով. «Հեռուստատեսություն դիմել ենք վճարովի հիմունքներով ֆիլմը ցուցադրելու համար, դեռեւս որեւէ հեռուստաընկերությունից դրական պատասխան չունենք»: Պարոն Ղալամքարյանը չուզեց հրապարակել այն հեռուստաընկերությունների անունները, որոնց դիմել են. «Չեմ ուզում անուններ տալ, որովհետեւ դեռ շփումների մեջ ենք, դեռ հույս ունեմ, որ վերջնական որոշումներ չեն եւ կարող են փոխվել»: Ի պատասխան մեր դիտարկման, որ ընտրողները տեղեկացված չէին, թե իրենց նոր ընտրություն է սպասվում, պարոն Ղալամքարյանը նկատեց. «Ընտրություններ անցկացնելու մասին ինֆորմացիա տարածելը թեկնածուների միայն լրացուցիչ պարտականությունն է, դրա համար գոյություն ունեն ԿԸՀ, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, ՏԻ մարմիններ: Մեր խնդիրը ընտրությունների մասին տեղյակ պահելը չէ, մեր խնդիրն է այնպես անել, որ մարդիկ մեր թեկնածուին ընտրեն»:

Արա Սիմոնյանը մեր հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ գործում է այս պահին 7 ենթաշտաբ, քարոզչությունը իրականացնում են բակերում, բնակարաններում: Թեկնածուի ասելով, նախընտրական բուկլետները «հենց նոր բերեցին»: Այս թեկնածուն եւս որեւէ մեկին չի համարում իր մրցակիցը. «Ես որեւէ մեկի հետ ոչ մրցակցելու խնդիր ունեմ, ոչ էլ համեմատվելու: Ես ինձ մրցակից ոչ մեկին չեմ համարում, մենք մեր ծրագրով գնում ենք ժողովրդից վստահության քվե ստանալու: Թե ով կա մասնակցող, ինչ են նրանք ասում, բացարձակ չի հետաքրքրում, եւ խնդիր չեմ դրել որեւէ մեկի հետ մրցակցել»: Այս թեկնածուի կարգախոսն է՝ «Հանուն մեր ազգի միաբանության»: Իր ընտրվելու հավանականությունը գնահատեց «շատ բարձր»:

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը արդեն վաղուց էր հայտարարել, որ չի ունենալու նախընտրական շտաբ կամ ենթաշտաբ: Մեր հարցին՝ այդ դեպքում ընտրողները ինչպե՞ս են շփվելու իր հետ, պարոն Հակոբյանն ասաց. «15 տարի այս ազգն ինձ հետ շփվել է, էլ կարիք չկա անհամության: Ես անգամ ոչ մի հեռուստաելույթ չեմ ունենալու: Այ, էսօր դաշնակները խնդրեցին ինձ 15 րոպե, ես հրաժարվել եմ, անհամություն է, մարդիկ թող զբաղվեն Նոր տարվա իրենց փնտրտուքներով, իրենց ուրախություններով, իրենց հոգսերով, ավելորդ գլուխ ցավացնելու կարիք չկա, ես չեմ զգում այդ կարիքը»: Իր ընտրվելու հավանականությունը մարքսիստը գնահատեց «գերազանց: Բայց իմացեք՝ եթե ես չանցնեմ, ով անցնի՝ ուրեմն կեղծարար է: Իմ երեք ախոյաններին էլ համարում եմ պոտենցիալ կեղծարար, որովհետեւ ինչի՞ վրա են հույսները դրել՝ բանականությա՞ն, թե՞ հեղինակության: Երկուսն էլ չունեն եւ ոչ մի հավակնորդ: Ես օֆիցիալ հայտարարում եմ՝ եթե նրանցից որեւէ մեկն անցնի, ուրեմն անցել է ընտրակաշառքով եւ լցոնումներով, ուրիշ ելք չունեն անցնելու: Իրենց «Պեսենկան ուժե դավնիմ-դավնօ սլիխալի»: Բացառվում է»: Ի պատասխան մեր հարցի՝ ինչո՞ւ է ինքն իր վրա այդքան վստահ, պարոն Հակոբյանն ասաց. «2007-ին Տավուշի մարզում մեծամասնական ընտրակարգով 18 հազար ձայն եմ հավաքել, եւ իմ ասածները դատարկ հոխորտանքներ չեն, ես ասում եմ՝ ելնելով այդ ընտրությունների տվյալներից»:

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի նախընտրական շտաբները տեղավորված են «իմ համախոհների մի քանի բնակարաններում, շտաբի պետը Սերգեյ Սարգսյանն է, եւ մենք շատ ուշադիր հետեւում ենք այն իրադրություններին, որոնք արդեն սկսվել են այդ ընտրատարածքում»: Պարոն Հովհաննիսյանը պատրաստվում է դեկտեմբերի 28-ին հանել իր թեկնածությունը հօգուտ Նիկոլ Փաշինյանի: Այս թեկնածուն վստահ է, որ իր ընտրազանգվածը, իր ասելով՝ կենտրոնի մտավորականները, մանկավարժները եւ ուսյալ մասսան, իրենց ձայնը կտան Նիկոլ Փաշինյանին՝ Հմայակ Հովհաննիսյանի հորդորով: Քանի որ հանելու է թեկնածությունը, պարոն Հովհաննիսյանը փոխել է նաեւ իր կարգախոսը: Եթե մինչ թեկնածությունը հանելու մասին որոշում կայացնելը նրա կարգախոսն էր. «Անկուսակցականներ հայոց աշխարհի՝ միացեք», հիմա համարում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ «Ի՛մ հաղթանակը քո՛ հաղթանակն է» կարգախոսը նաեւ իրենն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել