Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՆԻՔԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»

Դեկտեմբեր 19,2009 00:00

\"\"Վահան Շիրխանյանը՝ ՍԴՀԿ-ի խմորումների մասին

– Կուսակցական այս շիլաշփոթի մեջ հիմնականում ձեր եւ Սեդրակ Աճեմյանի անունն էր շոշափվում, իսկ դուք լռում էիք: Ինչո՞ւ:

– Մենք ղեկավարվում էինք կուսակցության կանոնադրությամբ, որը արգելում է ներկուսակցական հարցերի քննարկումը մամուլում, կարծելով, որ հակառակ կողմը նույնպես հնչակյաններ են։ Բայց պարզվեց, որ նրանք հնչակյաններ չեն։

– Ի՞նչ հակափաստարկներ կարող եք ներկայացնել այն մեղադրանքներին, որ Վահան Շիրխանյանն իշխանությունների սցենարն է իրականացնում:

– Ես նախ դրա կարիքը չունեմ։ Եթե մի մարդ, ոչ մի իրավունք չունենալով, իրեն հայտարարում է ատենապետ, օդից վճիռներ կայացնում, նրա խոսքը ոչ մի մտածող մարդ լուրջ ընդունել չի կարող։

– Ինչո՞վ կբացատրեք իրողությունը, որ կուսակցության ղեկավարի դեմ դուրս եք եկել հիմնականում դուք եւ Վարդան Խաչատրյանը. մարդիկ, ովքեր նոր են դարձել հնչակյան:

– Դա բացարձակ թյուր կարծիք է։ Նրա դեմ դուրս է եկել ամբողջ կուսակցությունը, ոչ թե երկու կամ երեք մարդ։ Նրա հետ մնացել են վարչության ընտրված 9 անդամներից երկուսը եւ ութ մասնաճյուղից միայն մեկի մի մասը։ Դեռ ամիսներ առաջ նրան անվստահություն է հայտնել կուսակցության երիտասարդական թեւը։ Իրականում հակասությունները անձնականի եւ գաղափարականի միջեւ են։ Լ. Սարգսյանը անօրինական է՝ եւ որպես վարչության անդամ, եւ որպես ատենապետ։ Իսկ մի քանի օր առաջ «Կենտրոն» հեռուստաալիքով նա ընդունեց, որ ինքը հնչակյան չի։ Նա բառացիորեն ասաց. «ես դեմոկրատ եմ, իսկ Շիրխանյանը սոցիալիստ է»։ Այդ դեպքում նա ի՞նչ է անում սոցիալիստական գաղափարախոսության վրա ստեղծված եւ գործող կուսակցությունում։ Պարզ է, որ ՍԴՀԿ ծրագիրը ոչ մի անգամ չի կարդացել։

– Ի՞նչ խնդիր լուծվեց ծաղկաձորյան համագումարով եւ ինչի՞ է դա հանգեցնելու: Ինչո՞ւ այս ամենը չարվեց առանց ավելորդ աղմուկ-աղաղակի:

– Արտակարգ համագումարը փրկեց ՍԴՀԿ-ն վերջնական փլուզումից։ Հնգամյա «ատենապետության» ընթացքում կուսակցության գործող կառույցների թիվը Լ. Սարգսյանը 8-ից հասցրել է 3-ի, բազմապատիկ նվազել է անդամների թիվը։ Կուսակցության ղեկավարման գլխավոր չափանիշները գաղափարականությունն է եւ բարոյականությունը։ ՍԴՀԿ սոցիալ-դեմոկրատական արժեհամակարգի տարածման ու արմատավորմանն ուղղված աշխատանքի մասին խոսելն իսկ ծիծաղելի է։ Ինչ վերաբերում է բարոյականությանը, Լ. Սարգսյանը, տարիներ շարունակ արհամարհելով եւ անտեսելով Հայրենական պատերազմի մասնակիցներից ձեւավորված «Հայկ Բժշկյանց» մասնաճյուղի հարյուրից ավելի անդամների գոյությունը, այսօր հայտարարում է, որ «նրանց մեծ մասը մահացել է, իսկ մնացածները շարժվել չեն կարող»։ Այստեղ պետք է փաստել, որ նա Կանոնագիրն էլ չի կարդացել, քանզի այն ուղղակի պարտադրում է հատուկ հոգածություն ցուցաբերել վետերանների հանդեպ։ Իսկ «շարժվել չկարողացող», Թամանյան դիվիզիայի դրոշակակիր, գնդապետ Սուրեն Մարգարյանը մեկ տարում կարողացել է այցելել 20 զորամաս՝ Հորադիզից մինչեւ Քարվաճառ։

Մենք երկար ժամանակ փորձում էինք խնդիրները լուծել Կանոնագրի շրջանակներում։ Ստեղծվել էր հերթական համագումարի անցկացման կազմկոմիտե, կուսակցության ֆինանսական գործունեությունը ստուգելու հանձնաժողով։ Ըստ երեւույթին, ընտրված անձերը ձեռնտու չէին, դրա համար էլ նա ստեղծեց այս ամբողջ, ձեր ասած, շիլաշփոթը։

– ՀԱԿ-ը հայտարարեց, որ ճանաչում է եւ համագործակցելու է Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ի հետ: Որո՞նք են լինելու սրանից բխող ձեր գործողությունները:

– Ես լիովին համաձայն եմ, որ ՀՀ օրենսդրությանը եւ կուսակցության կանոնադրությանը հակասող կառույցներ ՀԱԿ-ում չպետք է լինեն, այլապես սահմանադրական կարգը եւ օրինականությունը վերականգնելու՝ ՀԱԿ-ի պայքարը կիմաստազրկվի։ Բայց հայտարարությունը անանուն է եւ ինչքան ինձ հայտնի է՝ քաղխորհրդում չի ընդունված։ Կուսակցությունը ինքը պետք է իր խնդիրները լուծի, որից հետո ՀԱԿ-ը կհայտնի իր դիրքորոշումը։

– Ձեզ նույնպես հեռացրել են կուսակցությունից, եւ քանի որ կնիքը տիկին Սարգսյանի ձեռքում է, չե՞ք կարծում, որ այդ հեռացումներն ավելի զորավոր են:

– Ես չեմ կարող լուրջ վերաբերվել Լ. Սարգսյանի որեւէ խոսքին կամ «որոշմանը»։ Իսկ կնիքը պատկանում է կուսակցությանը, ոչ թե անձին։

Հ. Գ. Երեկ մամուլի ասուլիսում Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ իրենք չեն ընդունում եւ անօրինական են համարում մինչ օրս Լ. Սարգսյանի ստորագրած կուսակցության անդամների հեռացման եւ անդամության սառեցման բոլոր որոշումները: «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ միայն այդ որոշումները, չէ՞ որ Լ. Սարգսյանն այլ որոշումների տակ էլ է ստորագրել, Շիրխանյանը պատասխանեց. «Մենք համարել ենք, որ արդարության վերականգնման առաջնահերթ խնդիրը դա է: Ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի այդ տարիների ամբողջ կազմակերպական, կուսակցական, ֆինանսական հարցերը եւ ներկայացնի իր եզրակացությունը: Այդ ժամանակ վարչությունը կամ որոշում կընդունի, կամ՝ լիագումար ժողով կհավաքի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել