Իսկ «Ես իմ երեխային ավելի շատ կսիրեի, եթե նա լիներ իմ սիրած էակից» արտահայտությունը սխալ է
«Հոգեբանության մեջ ամենաբարդ ոլորտը մարդկային փոխհարաբերություններն են՝ օրինակ ծնող-երեխա, մասնավորապես՝ մայր եւ զավակ հարաբերությունները: Որովհետեւ, եթե այլ դեպքերում մարդիկ միմյանց հետ կարող են փոխհարաբերություններ ստեղծել, կիսատ թողնել, նորը կառուցել, վերականգնել հինը, ապա մայր- զավակ փոխհարաբերությունները ի սկզբանե են տրված: Նրանից մենք ձերբազատվել չենք կարող, այն վերակառուցելը շատ դժվար է: Այն ի սկզբանե կա. մայրը եւ զավակը եղել են մեկ մարմին, եւ դրանից դարձել երկու անհատներ: Այս երեւույթն իր մեջ ներառում է հոգեֆիզիոլոգիական կապ: Չէ՞ որ մեկ մարմնից ծնվում է մեկ այլ մարմին: Եթե երեխան սիրո, կրքի, ջերմության, հավատարմության, նորմալ ամուսնական կապից է ծնված՝ ծնող-երեխա փոխհարաբերություններն ավելի հեշտ են կառուցվում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Դիաննա Սարգսյանը, նշելով, որ նեգատիվ փոխհարաբերություններում ծնված երեխան զգում է իր նկատմամբ ոչ լիարժեք սիրը:
Հոգեբանի փոխանցմամբ՝ «Կյանքում կան դեպքեր, երբ, իսկապես, երեխան սիրո պտուղ չէ, եւ արդյունքում մայր-երեխա փոխհարաբերություններն այնպես են դասավորվում, որ կնոջ եւ ամուսնու միջեւ եղած կոնֆլիկտը, խնդիրները տրանսֆորմացվում են երեխայի վրա: Կամ պետք է մանկավարժները, հոգեբանները միջամտեն, կամ էլ մայրն ինքը խելացի գտնվի՝ կարգավորի եւ հասկանա իրավիճակը, որ երեխան քավության նոխազ չդառնա: Ամուսնական հարաբերություններում, ամուսինների միջեւ առկա խնդիրներում երեխաները կապ չունեն: Սակայն ոչ միջնորդավորված ձեւով այդ փոխհարաբերությունները վնասում են երեխային, եւ այդ ամենից առաջինը տուժում է երեխան: Արդյունքում երեխան պարբերաբար առնչվում է մոր կշտամբանքներին, թե՝ հորդ կերպարն ես, ամեն ինչով հորդ ես նման եւ այլն: Իսկ այս ամենը մեծ ազդեցություն է թողնում երեխայի հոգեկան զարգացման վրա»:
Հոգեբանի բնորոշմամբ, կան մի քանի պայմաններ ու կոնկրետ հարաբերությունների մի քանի տեսակներ, որոնք ավելի բարդ բնույթ են կրում. «Կոնֆլիկտներն ավելի սրվում են ծնող-երեխա, հատկապես՝ մոր եւ որդու փոխհարաբերություններում: Սեռային տարբերությունը կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ իդենտիֆիկացիայով տղան ավելի մոտենում է հորը, եւ այդ իդենտիֆիկացիան մայրը տեսնում է իր երեխայի մեջ. բնավորությամբ, արտաքինով, գենետիկական առանձնահատկություններով, շարժուձեւով եւ այլն: Եթե երեխան նման է հորը, իսկ հայրն արդեն նեգատիվ փոխհարաբերությունների մեջ է մոր հետ, ապա այս դեպքում երեխան մեխանիկորեն դառնում է քավության նոխազ: Այսինքն՝ մայրն այնքան ուժեղ պետք է լինի, որ չտրանսֆորմացնի այդ հարաբերությունները: Սակայն հաճախ դրանից խուսափելը դժվար է, որովհետեւ ամեն անգամ նայելով երեխային՝ տեսնում ես հորը: Այս դեպքում շատ դժվար է նաեւ մայրերի հետ հոգեբանական աշխատանք տանելը»:
Հոգեբանը նաեւ անդրադարձավ ծնողների կողմից երեխային դաստիարակելու փաստին. «Հայրը եւ մայրը՝ ամեն մեկն իր հերթին երեխային դաստիարակում է իր ձեւով, եւ անընդհատ այդ բախման կետը դառնում է երեխան, ինչի արդյունքում մոր մոտ հոր ու երեխայի իդենտիֆիկացիան նորից խառնվում է»:
Իսկ այն երեխաներն էլ, որոնք սիրո պտուղ չեն՝ ըստ Դ. Սարգսյանի, ոչ մի մեղք չունեն. «Երեխան երեխա է, այն քո պտուղն է, քո միջից դուրս եկած այն էակը, որը ոչ մի կապ չունի այն ապրումների հետ, որը դու ունեցել ես: Պետք չէ նրան էլ տանել այդ տառապանքի ուղիով, որովհետեւ երեխան հետո մի օր հասկանալու է, որ մայրն իր նկատմամբ այնպես չի տրամադրված, ինչպես որ մյուս մայրերը, եւ որ իր մայրն ավելին կարող էր տալ իրեն, քան տալիս է: Իսկ այս ապրումները երեխայի հոգեկանն ուղղակի փոթորկելու են»:
«Ես իմ երեխային ավելի շատ կսիրեի, եթե նա լիներ իմ սիրած էակից» արտահայտության մասին էլ հոգեբանը նշեց. «Սա շատ սխալ արտահայտություն է, որովհետեւ բերում է հոգեբանական օտարացման: Սա շատ վտանգավոր մի երեւույթ է մարդու կյանքում: Հոգեբանական օտարացումը շատ բարդ է, հատկապես, երբ այն տեղի է ունենում ծնող-երեխա փոխհարաբերություններում: Նույնիսկ 4-5 տարեկան փոքրիկը զգում է, որ իր եւ մոր միջեւ ինչ-որ անջրպետ կա, ինչ-որ մի անհասկանալի, անբացատրելի անվստահության գոտի: Երեխան շատ անօգնական է դառնում այս պայմաններում: Իսկ հոգեբանական օտարացումը երեխային կարող է տանել հակահասարակական վարքի, վատ շրջապատ ներքաշվելուն, ինքնաքայքայման… երեխան ինքն իրեն այնքան մեկուսացած կզգա, ինքնամփոփ, այնքան կմտածի այդ հարցերի շուրջ, որ նրա մոտ կառաջանան լուրջ հոգեբանական բարդույթներ: Իսկ այդ ամենից ելնելով՝ երեխան կարող է դադարել սիրել ծնողին, ինչը շատ վտանգավոր է»:
Դ. Սարգսյանի բնորոշմամբ՝ կյանքում ամենադժվարը ծնող-երեխա փոխհարաբերություններում վերջինի ճիշտ եւ արդյունավետ պահպանումն է, եւ «հնարավոր չէ երկրորդ անգամ մայր ունենալ»: