Օրերս Մարգահովիտի կրթամարզամշակութային համալիրի (ԿՄՄՀ) երաժշտական բաժնի դասատու Հասմիկ Խաչատրյանը ցերեկույթ էր կազմակերպել՝ նվիրված Կոմիտասի 140-ամյակին: Երաժշտական բաժնի սաների կատարմամբ եւ Սերգեյ Հարությունյանի նվագակցությամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործություններից, երգահանի կյանքի ուշագրավ դեպքերից պատմեցին Հ. Խաչատրյանն ու Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս Նելլի Պապանյանը: «Այն ժամանակ Քյոթահիայում (Քութինա) խստիվ արգելվում էր հայահնչությունը, ու լռության էր մատնված հայերենը, եւ հայերեն արտահայտվելու համար հաճախ կարելի էր տեսնել լեզվի ծայրը կտրած մարդկանց, ուստի Կոմիտասի ծնողները նրան հայերեն չսովորեցրին,- նշեց Պապանյանը:- Մեկ դար կուտակված էներգիան ժայթքեց Կոմիտասի պայծառափայլությամբ»: Խոսելով հայոց հնագույն խազերի (հեղինակ՝ Սահակ Պարթեւ) վերծանման ուղղությամբ Կոմիտասի կատարած անգնահատելի աշխատանքի մասին՝ բանախոսը մեջբերեց հունական «Տելեգրաֆուս» թերթից մի հատված, որտեղ ասվում է. «Ե՞րբ պետք է հույն ժողովրդի մեջ Աստված հարուցանե մի Կոմիտաս, որ հին հելլենական երաժշտությունը փրկի կորստից»: