Կանանց բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի 6-րդ տուրի «Հատիս» (Երեւան)-«Բեշիկթաշ» (Ստամբուլ) հանդիպումը, որը երեկ կայացավ «Միկա» մարզական ակումբի դահլիճում, մեր թիմի համար մարզական առումով կարեւոր էր այնքանով, թե խմբից հաջորդ փուլ ո՞ր տեղով կանցնենք:
Բայց խաղն ուներ նաեւ սկզբունքային այլ նշանակություն: Թասիբի խնդիր էր, որից մեր աղջիկները պատվով դուրս եկան՝ առավելության հասնելով 78:74 հաշվով: «Միկայի» տրիբունաները լեփ-լեցուն էին երկրպագուներով, որոնք իրենց ջերմ աջակցությամբ մեծապես նպաստեցին վերջնական հաղթանակին, ինչի մասին խաղավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում հատուկ ընդգծեցին թե «Բեշիկթաշի» եւ թե «Հատիսի» գլխավոր մարզիչները: Հյուրերի մարզիչը տպավորված էր ընդունելությամբ, իրենց համար ստեղծված պայմաններով: Բայց նրա վրա ավելի մեծ տպավորություն էր գործել ֆուտբոլային լեզվով ասած՝ 12-րդ խաղացողը՝ հանդիսատեսը: Նրա խոսքերով՝ ամեն տեղ չէ, որ տանը թիմին այսպիսի ջերմ աջակցություն է ցույց տրվում: Խոսելով «Հատիսի» խաղամակարդակի մասին, նա ասաց, որ Ստամբուլում կայացած առաջին հանդիպման ժամանակ իրենք թերագնահատել էին Հայաստանի թիմին, որի համար պատժվել էին: Իսկ այս երկրորդ հանդիպմանն ավելի լուրջ էին մոտեցել: Ճիշտ է, նա որոշակիորեն դժգոհ էր մրցավարությունից, սակայն խոստովանեց, որ վերջինների սխալները վերջնական հաշվի վրա էական ազդեցություն չունեցան: «Այդպես է լինում: Մրցավարները միշտ դաշտի տերերին ավելի բարի աչքով են նայում»,- խոսքն ավարտեց «Բեշիկթաշի մարզիչը:
Անդրադառնալով իր ղեկավարած թիմի երեկվա հանդիպմանը, «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը, բնականաբար, գոհ էր հաղթանակից: Սակայն նաեւ ասաց, որ սա, հավանաբար, թիմի ամենաթույլ խաղն էր: Եվ դրա պատճառն աղջիկների այն լարվածությունն էր, պատասխանատվության զգացումը, որ ճնշում էր այս հանդիպումից առաջ: «Ոչ մի անգամ մերոնք հենց թեկուզ տուգանային նետումների ժամանակ այսքան շատ վրիպումներ թույլ չէին տվել»,- ասաց մարզիչը: Եվ խոստացավ, որ այսուհետեւ նման բաները կբացառվեն: Պարոն Ղազանչյանի խոսքերով՝ 2009 թվականի մրցաշրջանի ավարտից հետո թիմի հիմնական կորիզը կպահպանվի, սակայն հնարավոր են որոշ փոփոխություններ, քանի որ այսօրվա խաղացողների մի մասի հետ դեռ վերջնական պայմանագիր չի ստորագրվել, եւ շատ բան կախված է լինելու նաեւ բացվող տրանսֆերային պատուհանի ժամանակ բասկետբոլիստուհիներին այլ ակումբներից արվելիք հնարավոր առաջարկներից: Իսկ ինչ վերաբերում է առաջիկա կոնկրետ անելիքներին, իրենք նախապատրաստվելու են հաջորդ փուլին: Թե ո՞վ կլինի հաջորդ մրցակիցը, դեռ հայտնի չէ: Բայց Գիա Ղազանչյանի խոսքերով՝ ով էլ լինի, ցանկալի է, որպեսզի առաջին խաղը կայանա նրա դաշտում, հետո մրցակիցը հյուրընկալվի մեզ մոտ: