Լրահոս
Օրվա լրահոսը

Տանգո, ո՛չ երկուսի համար

Դեկտեմբեր 18,2009 00:00

Թուրք լրագրողի կարծիքով՝ քաղաքական «պարում» Հայաստանն ու Թուրքիան մենակ չեն

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «Միլիեթ» օրաթերթի լրագրող Քադրի Գյուրսելը եւ թուրքական եւ հայկական մամուլում հայ-թուրքական հարաբերությունների թեմայի վերաբերյալ քննարկումներն ուսումնասիրող CNN Turk-ի թղթակից Ֆերհաթ Բորաթավը:
Քադրի Գյուրսելը հիշեցնում է. «Երբ 2009թ. մայիսի սկզբին նախաստորագրված արձանագրությունների հիմքը դրվեց, Թուրքիայի վարչապետ Էրդողանը Բաքվում հայտարարեց՝ եթե Ղարաբաղի խնդրում որեւէ առաջխաղացում չլինի,  արձանագրությունները չեն կարող վավերացվել, թեպետ արձանագրություններում այդ մասին ոչ մի տող չկա: Այդ ժամանակից մինչ այսօր Թուրքիայի կողմից տեսակետի փոփոխություն չի արձանագրվել»: Լրագրողը կարծում է, որ եթե մինչեւ արձանագրությունների վավերացումը ղարաբաղյան հարցում առաջիկա ամիսներին որեւէ առաջխաղացում տեղի չունենա, ոչ մի վավերացում էլ չի լինի: Ղարաբաղյան խնդրի հետ կապված լրագրողների մտահոգությանը՝ այդ դեպքում ի՞նչ է նշանակում առանց նախապայմանների արձանագրություն, Ք. Գյուրսելը նշում է. «Մենք պետք է նկատի ունենանք, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կապերը բավականին խնդրահարույց են, եւ ամեն դեպքում փաստաթուղթը մենք ընդունում ենք որպես առանց նախապայմանների, բայց պետք է  նկատի ունենանք, որ իրական կյանքն ուրիշ է»: Նրա խոսքով. «Փաստենք, որ Թուրքիայի կառավարությունն իրեն պարտավորված զգաց ճնշումների պատճառով, չնախատեսված չափի մեծ ճնշման ենթարկվեցինք, սակայն եթե այդ ճնշումը նախօրոք զգային, անպայման կա՛մ արձանագրություններում համապատասխան կետեր կմտցնեին, կա՛մ գոնե ապրիլին՝ Շվեյցարիայում ինչ-ինչ հայտարարություններ կլինեին»:
CNN Turk-ի լրագրող Ֆերհաթ Բորաթավը գտնում է, որ խնդրին չպետք է նայել որպես Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ «կապրիզային» խաղերի, որովհետեւ, բացի Ադրբեջանից, այստեղ նաեւ մի շարք այլ պետություններ են խառնված: «Թուրքիան եւ Հայաստանը տանգո պարող  զույգ չեն… տվյալ դեպքում սա մի տարօրինակ պար է, որտեղ 5 հոգով են տանգո պարում, այս խնդրի մեջ են Ամերիկան եւ Ռուսաստանը: Թուրքիան եւ Ադրբեջանը մեծ խաղի խաղացողներ են, որը կոչվում է Արեւելք-Արեւմուտք էներգիայի առանցք… Ադրբեջանի՝ այս խաղի մեջ մնալը միայն Թուրքիայի խնդիրը չէ, Ամերիկան էլ է դա ուզում»: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Թուրքիան առանց Ադրբեջանի շահերը հարցնելու՝ վավերացնի արձանագրությունները, «Միլիեթի» լրագրողը պատասխանեց. «Եթե Թուրքիան որոշի, որ Ադրբեջանը կորցնելու հաշվին գնա այս քայլին, այդ ժամանակ ուրիշ գործոններ կարող են առաջ գալ: Չեմ կարծում, որ այդ արձանագրությունները ստորագրվեն հակառակ Ադրբեջանի»: Ք. Գյուրսելի կարծիքով՝ Թուրքիան այսօր Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում այնպես վճռական է, ինչպես երբեք չի եղել եւ ամեն ինչ անում է խնդրի լուծման համար: Ֆերհաթ Բորաթավն էլ ընդգծեց. «Ղարաբաղի հարցի լուծումն այսօր չի ի հայտ եկել,  այն տարիներ՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի կողմից ձգձգման թողնված մի խնդիր է: Երկու կողմի մտահոգությունները կանխող մի լուծում գտնելը միայն Թուրքիայի ցանկությունը չէ, այլ՝ ամբողջ աշխարհի: Ինչպես Սերժ Սարգսյանը գնաց Սփյուռքի հետ հանդիպեց եւ փորձեց համոզել, այնպես էլ Թուրքիան է Ադրբեջանի հետ խոսում եւ փորձում  համոզել, բայց Թուրքիային դեռեւս չի հաջողվում համոզել»:
«Միլիեթ» օրաթերթի լրագրող Ք. Գյուրսելը չմոռացավ իր կողմից «հաթաթա» տալ, ասելով՝ «Այս արձանագրությունների ստորագրումը չպետք է բերի նրան, որ Հայաստանն իրեն այլեւս ազատ զգա ղարաբաղյան հարցում որեւէ առաջխաղացում չկատարելուց»: Հայ լրագրողներն էլ խնդրեցին թուրքերին փոխանցել, որ Թուրքիան էլ ազատ չզգա Ցեղասպանությունը չճանաչելու հարցում: Ֆ. Բորաթավն ի պատասխան հավելեց. «Նայել, իմանալ, հիշել, այլ ոչ ներողություն խնդրել ու մոռանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել