Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է, ՄՅՈՒՍԸ՝ ԱՂԱՎԱՂՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 18,2009 00:00

Բունդեսվերի նախկին տեսուչ գեներալ Վոլֆգանգ Շնայդերանը (նկարում ձախից), որը նոյեմբերին պաշտոնաթող արվեց ԳԴՀ պաշտպանության նախարար Կառլ-Թեոդոր Գուտենբերգերի (աջից) հրամանով՝ սեպտեմբերին աֆղանցիների վրա օդային հարձակման տվյալները թաքցնելու պատճառով, հայտարարել է, որ նախարարն ինքն է թաքցնում ճշմարտությունը:
Zeit գործակալությանը տված հարցազրույցում Շնայդերանը ժխտել է Գուտենբերգերի պնդումները, թե ինքը, լինելով տեսուչ-գեներալ, թաքցրել է պաշտպանության նախարարից օդային հարձակման հանգամանքներին առնչվող հետաքննության ներքին զեկույցի գոյության փաստը: «Թաքցնելը ենթադրում է ինչ-որ մտադրություն: Իմ կողմից ոչ մի նման բան չի եղել»,- ասել է Շնայդերանը:
Չնայած դրան՝ նա մեկ անգամ եւս հաստատել է, որ լիովին պատասխանատու է այն բանի համար, որ նախարարին չի տրամադրել սեպտեմբերի 4-ին Աֆղանստանի Կունդուզ գավառում տեղի ունեցած դեպքերի մասին ողջ տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ բունդեսվերի գնդապետ Գեորգ Կլյայնի հրամանով ՆԱՏՕ-ի ինքնաթիռները հարվածեցին թալիբների զավթած երկու բենզակիրներին: Արդյունքում զոհվել էր 142 մարդ, սակայն, բացի գրոհայիններից, զոհերի թվում են եղել մոտակա գյուղերի տասնյակ խաղաղ քաղաքացիներ, որոնք շրջապատել էին բենզինի ցիստեռնները, որպեսզի վառելիք ստանան: Այդ պատահարը հեռուն գնացող հետեւանքներ ունեցավ: Բացի Վոլֆգանգ Շնայդերանից, իրենց պաշտոններից զրկվեցին նաեւ պետքարտուղար Պիտեր Վիխերտը, աշխատանքի նախարար Ֆրանց-Յոզեֆ Յունգը, որը սեպտեմբերին զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը:
Դեկտեմբերի 16-ին աշխատանքն է սկսել բունդեսթագի հատուկ հանձնաժողովը, որը պետք է զբաղվի պատահարի հետաքննությամբ: Իսկ մինչ այդ գերմանական ԶԼՄ-ներում շարունակում են ի հայտ գալ օդային հարվածին առնչվող տարբեր մանրամասներ, որոնք կասկածի տակ են դնում իշխանությունների՝ նախկինում արած հայտարարությունները: Տեղեկացվում է, որ օդային հարվածի ծրագրմանն ու կատարմանը մասնակցություն են ունեցել էլիտար KSK ենթաբաժնի մարտիկները:
Բացի այդ, DPA գործակալության տվյալներով, այդ հարվածից մի քանի շաբաթ առաջ գերմանական հետախուզության ձեռքն էր ընկել Կունդուզում գտնվող բունդեսվերի ճամբարի վրա թալիբների ծրագրած հարձակման պլանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել