Լրահոս
Օրվա լրահոսը

Ճի՞շտ էր բուհերում դասապրոցեսը չդադարեցնելը

Դեկտեմբեր 18,2009 00:00

Լուրը, որ գրիպից մահացել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի, շատ արագ տարածվեց: Սկսվեցին քննարկումներ՝ ո՞վ է մեղավոր: Տեսակետ հնչեց, որ եթե ԿԳ նախարարը հրամայեր փակել ոչ միայն նախադպրոցական եւ հանրակրթական հաստատությունները, այլեւ՝ բուհերն ու միջին մասնագիտական հաստատությունները, նման բան չէր լինի: Այս մասին ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Բուհերում դասապրոցեսի դադարեցման մասին հրաման արձակելը նախարարության իրավասություններից դուրս է, դա ռեկտորատների որոշելու հարցն է: Նախարարը հայտարարել է, որ քանի որ կրթական գործընթացին զուգահեռ այս կամ այն բուհերում ընթանում են ավարտական ստուգարքներ ու քննություններ, ապա ռեկտորները, դատելով ուսանողների հաճախումներից եւ բուհում տիրող իրավիճակից, պետք է որոշեն՝ դադարեցնե՞լ կրթական գործընթացը, թե՝ ոչ: Մյուս կողմից՝ մանկապարտեզ եւ դպրոց հաճախող երեխաներն ավելի խոցելի խմբեր են դիտարկվում այն տեսանկյունից, որ ուսանողները, ի տարբերություն նրանց, հասուն մարդիկ են եւ իրենք կարող են որոշել՝ հաճախել բուհ, թե՝ ոչ»:
Գրիպի անցանկալի համաճարակից խուսափելու համար դեկտեմբերի 14-ին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից հայտարարեցին, որ մինչեւ դեկտեմբերի 18-ը համալսարանում դասեր չեն լինելու: Այս քայլին դիմեցին նաեւ մի շարք ոչ պետական բուհեր: Ներկայումս դասեր չեն ընթանում բազում ոչ պետական ուսումնական հաստատություններում, իսկ այն պետական բուհերում, որտեղ դասապրոցեսը դադարեցնելու մասին որոշում չի կայացվել, դասերի անցկացումը կրում է ոչ կանոնակարգված բնույթ: Այժմ բուհերում հիմնականում ընթանում են տարեվերջյան ավարտական ստուգարքներն ու քննությունները, իսկ 1-ին եւ 2-րդ կուրսեցիները որոշ բուհերում դեռ շարունակում են դասի գնալ: «Առավոտը» փոքրիկ հարցախույզ կատարեց, պարզելու՝ «խոզի» եւ մյուս բոլոր գրիպների տիրապետության դաշտում դասապրոցեսն ինչպե՞ս է կազմակերպվում: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանն «Առավոտին» փոխանցեց. «Ես իրավասու չեմ ասելու, թե իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհին ինչից է մահացել, բայց հաստատ գիտեմ, որ ոչ՝ «խոզի գրիպից»: Երբ դադարեցվեցին հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների պարապմունքները, ԵՊՀ ուսանողների շրջանում խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ կարելի է նաեւ համալսարանում դասերը դադարեցնել, բայց քանի որ եր կատրած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ վիճակն օրհասական չէ, բուհում դասապրոցեսը դադարեցնելու հարցով ԵՊՀ ղեկավարությունը չդիմեց ԿԳՆ՝ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համալսարանում սովորող ուսանողներն արդեն չափահաս մարդիկ են, իրենք կարող են հետեւել իրենց առողջությանը ու գրիպի կամ այլ հիվանդությունների ախտանիշներ նկատելու դեպքում չգան համալսարան»: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ) եւս պաշտոնապես որոշում չի ընդունել բուհում դասապրոցեսի դադարեցման հետ կապված, չնայած ղեկավարությունը բազմիցս «գցել-բռնել» է՝ դասապրոցեսը դադարեցնել, թե՝ ոչ: ՀՊՃՀ հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Վերոնիկա Խորասանյանը «Առավոտին» փոխանցեց. «Վերջին ժամանակներում տարածված համաճարակի հետ կապված՝ քննարկումներ եղել են նաեւ Պոլիտեխնիկումում, եւ ռեկտորատի վերջին նիստերում այդ հարցը եւս քննարկվել է: Սակայն բուհի ղեկավարությունը որոշել է, որ հարգելի համարվեն ուսանողների այն բացակայությունները, որոնք պայմանավորված են եղել շնչառական օրգանների հետ կապված խնդիրների հետ: Իսկ դասապրոցեսի դադարեցման հետ կապված որեւէ որոշում չի կայացվել, քանի որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ ուսանողների բացակայությունների թիվը կտրուկ տատանում չի տվել»: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մարտինետին էլ հայտնեց, որ իրենց բուհում եւս ամեն ինչ ընթանում է նորմայի սահմաններում: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի օգնական Սաթենիկ Ալավերդյանի փոխանցմամբ էլ, իրենց բուհում ամեն օր ՀՀ առողջապահության նախարարությանը հաշվետվություն են տալիս ուսանողների հաճախումների վերաբերյալ, իսկ դասապրոցեսը չի դադարեցվել: Ուսանողների շրջանում կատարած մեր հարցումները ցույց տվեցին, որ նրանց մեծամասնությունը ստիպված է գնում բուհ, որպեսզի իզուր «պարտքեր» չկուտակի: Մի ուսանողուհի էլ դժգոհեց, թե համալսարանում երբ դիմակով է շրջում, ուսանողները սկսում են իր վրա ծիծաղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել