Լրահոս
Օրվա լրահոսը

16. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Դեկտեմբեր 18,2009 00:00

\"\"
Կիսակառույց տուն:

\"\"
Եռահարկ տուն:

\"\"
Հակոբը՝ երեխաների հետ:

50-րդ փողոցը հատող 7-րդ փողոցի սկզբին տուֆակերտ հետաքրքիր կիսակառույց առանձնատուն տեսա: Այն առանձնանում էր պատշգամբների ճարտարապետական տարօրինակ լուծումով: Երկրորդ հարկի աջ եւ ձախ պատշգամբները սյունաշարով եկեղեցիների զանգակատան ռոտոնդա էին հիշեցնում, իսկ մեջտեղինը իր երեք մուտքերով ավելի ընդարձակ էր: Առաջին հարկի կամարաձեւ մուտքն ու պատուհանները փակվել էին շարվածքով: Կցանկանայի տեսնել տիրոջն ու հետաքրքրվել, թե ի՞նչ է մտածել` նման լուծում ընտրելով պատշգամբների համար: Դիմեցի առաջին պատահած անցորդին.
– Ներեցեք, ո՞ւմ տունն է սա:
– Սարգիս է տան տիրոջ անունը, տասը տարի առաջ կիսատ է թողել ու գնացել Ամերիկա:
Կիսակառույցի դիմաց տուֆաշեն եռահարկ շքեղ տան մոտ երիտասարդ կին էր կանգնած:
– Այս տա՞նն եք ապրում,- դիմեցի ես:
– Այո:
– Լրագրող եմ, ձեր թաղում հետաքրքիր մարդու հետ կցանկանայի զրուցել:
– Հիմա զանգեմ ամուսնուս, կարծում եմ, որ նա կհետաքրքրի ձեզ,- վստահ պատասխանեց նա:
Մի քանի րոպեից եկավ ամուսինը, ներկայացավ.
– Հակոբ է անունս,- ասաց նա,- ինձ Աստծո կողմից շնորհ է տրվել, կարող եմ այդ մասին պատմել: – Ներս հրավիրեց ու անմիջապես էլ սկսեց պատմել:- Մեկուկես տարի առաջ մեր տան վրա հարձակում է եղել: Դիմակներով չորս հոգի էին, զինված ատրճանակներով: Տանը  մայրս էր, կինս, երկու տղաներս ու քույրս: Ոսկեղեն ու փող էին ուզում: Ասացին. «Եթե այսպիսի շքեղ տուն ես կառուցել, ուրեմն փող էլ կունենաս»: Ասացի, որ հայրս է կառուցել տունը, ես հասարակ իրավաբան եմ, հազիվ եմ ընտանիքս պահում: Ինձ ու մորս կապկպեցին աթոռներին, իսկ երեխաներիս, կնոջս ու քույրերիս վրա ատրճանակ էին պահել: Երեխաների վրա ատրճանակ պահողը բարի էր երեւում, հանգստացնում էր երեխաներին, իսկ ինձ հարվածողը դաժան էր, անխնա ծեծում էր ինձ:  Մեզ վրա ինչ ոսկեղեն կար` վերցրին: Միս ծեծելու գործիքով խփեցին գլխիս: Անընդհատ արյուն էր հոսում վերքից: Գլխավորին «Քերոբ» անունով էին դիմում: Ասացին, որ խուզարկում են տունը, ու եթե թաքցրած գումար գտան՝ կսպանեն բոլորիս: Ինչ-որ տեղից $3000 գտան: Մայրս հայտնեց, որ ինքն է թաքցրել, ոչ ոք տնեցիներից տեղյակ չէր այդ գումարի մասին: Խոստացա, որ անմիջապես ոստիկանություն չեմ զանգի, միայն թե մեզ վնաս չպատճառեն ու հեռանան: Միայն հաջորդ օրը դիմեցի ոստիկանություն: Հարվածից ուղեղի ցնցում էի ստացել ու չէի կարողանում քայլել: Վիճակս անընդհատ վատանում էր: Գլխապտույտներիս վերջ չկար: Երկու ամիս հետո առողջությունս  սկսեց կարգավորվել: Գիշերը չքնեցի, իսկ առավոտյան քունս տարավ: Երեխան բակից կանչեց. «Հա՜յր, հա՜յրիկ, դուրս արի տես, թե ինչ կա մեր տան վերեւում»: Ամպերի մեջ էլիպսաձեւ օղակ էր բացվել: Երեխաները բջջային հեռախոսներով լուսանկարում էին այն: Պահել են լուսանկարները, կարող եք նայել: Ես դրա վրա առանձին ուշադրություն չդարձրի, սակայն երկու օր ներսումս տարօրինակ փոփոխություններ էի զգում: Հաջորդ օրը ատամս սկսեց ցավել: Ոչ մի միջոց չէր օգնում: Մի պահ ձեռքս հպեցի դեմքիս: Նույն պահին ցավն անցավ: Զարմացա: Մայրս ասաց, որ զուգադիպություն կարող է լինել. դեղերն ազդեցին: Ես անհանգիստ էի: Մայրս ճնշում ուներ ու 160-ից չէր իջնում: Իսկ այդ դեպքից հետո վիճակն ավելի էր ծանրացել: Ձեռքս մի քանի անգամ դրեցի մորս գլխին: Գլխացավն անցավ, ճնշումը կարգավորվեց: Հարեւաններին պատմեցի: Հիվանդներ եկան: Ձեռքի հպումով բուժում էի հիվանդությունները: Հիվանդություններից գաղափար չունեմ, բայց ձեռքի հպումից զգում եմ հիվանդության օջախը: Ներսումս անբացատրելի ուժ եմ զգում: Դա, անշուշտ, իմ խելքի բանը չի, Աստծո տվածն է: Հիմա հարեւաններս տարածել են իմ այս կարողության մասին: Բայց ամեն մի սեանսից հսկայական եռանդ եմ կորցնում: Միայն տասը ժամից եմ վերականգնվում:
– Իսկ ի՞նչ գումար ես վերցնում բուժման համար,- հարցրի ես:
– Քանի որ այս շնորհը Աստծո տվածն է, ես ոչ մի գումար չեմ պահանջում: Եթե ինչ-որ տալիս են` բավարար եմ համարում:
– Մինչեւ հիմա ինչքա՞ն հիվանդ ես ընդունել: 
– Երեւի երեսուն հոգու: Երբեմն ասում են` չարի ուժից է իմ այս կարողությունը: Բայց եթե չարի, սատանայի ուժից է, ինչո՞ւ է օգնում բուժելու մարդկանց: 
Քանի որ էքստրասենսի անվան տակ շատ խաբեբաների էի հանդիպել, ես ոգեւորված չէի բացահայտումով, սակայն իմ այս ճանապարհորդության ընթացքում, որպես լրագրող, իրավունք չեմ վերապահում ինձ միջամտելու հասարակական երեւույթներին ու հանդես եմ գալիս միմիայն արձանագրողի դերում, ապա մեկնությունները թողնում եմ ընթերցողներին:
Նոր Արեշի 50 եւ 9-րդ փողոցների հատման տեղում, արկղի վրա դրված նարդիի շուրջը մոտ մեկ տասնյակ տղամարդ էր հավաքվել: Հիշում եմ, Նուբարաշենի այգում դժվարին զրույց ստացվեց նարդի խաղացողների հետ: Չէին վստահում: Սպասեցի մինչեւ խաղն ավարտվի, նոր միայն բացատրեցի ճամփորդությանս նպատակն ու առաջարկեցի զրուցել:
– Բոլորս էլ անգործ ենք, թե չէ` օրվա էս ժամին ինչո՞ւ պետք է ժամանակը նարդի խաղի վրա ծախսենք,- ասաց Արմեն Սարգսյանը:
– Ի՞նչ կրթություն ունես:
– Պոլիտեխնիկականի մեքենաշինականն եմ ավարտել: Բոլոր ինժեներները հեղափոխությունից ու ԽՍՀՄ փլուզումից հետո դուրս մնացին հասարակական կյանքից: Ինժեները, տեխնոլոգը, որը մարդկության զարգացման հիմնական կրողն էր, հիմա մեկուսացված է, ոչ ոքի պետք չի:
– Տասը տարի է, ինչ անգործ եմ,- ասաց Սեդրակ Սարգսյանը,- ֆինբաժնում եմ աշխատել: Անունս մի գրի, գործ չունես, կգան, կտանեն…
– Հա էլի, եկան ու տարան, պետք լինեիր՝ գործի կդնեին,- ասաց տարեց մի մարդ:
– Առոգանությունդ ղարաբաղյան է,- ասացի ես,- որտեղի՞ց ես արմատներով:
– Շահումյանի Էրքեջ գյուղից:
– 80-ականներին եմ եղել ձեր գյուղում, իմ «Հարյուր տարվա երկխոսություն» գրքում գրել եմ ձեր գյուղի մասին: Հետո պատերազմի ժամանակ եմ եղել ձեր գյուղում:
– Տեսնո՞ւմ ես՝ ինչ բնություն էր: Էհ, թշնամուն թողեցինք… Ինքս 1964 թվականին եմ բանակից հետո Երեւան տեղափոխվել:
– Իմ մասին էլ կգրես,- ասաց ծերունին, որն անհամբեր խոսելու իր հերթին էր սպասում,- Թոփչյան Կարապետ Սարգսի, 1946-ին ընտանիքով Բուլղարիայից ենք տեղափոխվել: Երկու աղջիկ ու մի տղա ունեմ: Աղջիկներս իրենց ընտանիքներն ունեն, իսկ տղաս, որն ինձ հետ է, աշխատանք չունի:
– Բայց դու թոշակ ես ստանում, չէ՞:
– Հա՞, ութ հազար դրամը թոշա՞կ ես անվանում: 84 տարեկան մարդ եմ: Ինձ ու տղայիս ընտանիքը ո՞նց պահեմ: Խորհրդային խնայբանկում 450 հազար ռուբլի գումար է մնացել: Ե՞րբ են վերադարձնելու: Գրի հասցես. Նոր Արեշի 32 փողոց, տուն 10: Քսաներեք տարի է անցել, ոչինչ չեն տալիս: Աներձագս` Դավիթ Սարդարովը, Իսրայել է տեղափոխվել: Բաքվի փախստականներից է: Ամեն օր զանգում է` ե՞րբ է ստանալու խնայբանկի իր 400 հազար ռուբլու դիմաց գումարը:
– Լսիր,- ծերունուն դիմեց Սեդրակը,- գնա Սեփոյին բռնի, նրա մորաքրոջ աղջիկը սոցնախարարությունում վարչության պետ է, երեւի նա օգնի, իսկ այս մարդը լրագրող է:
– Հայրիկ, ի՞նչ մասնագիտություն ունես:
– Ողջ կյանքս տուն եմ կառուցել, շինարար եմ:
– Պետակա՞ն:
– Չէ, Արեշում ի՞նչ պետական, բոլորը մասնավոր տներ են: Հիմա գազ ենք վառում, բայց վարձը ո՞նց պիտի տանք, չգիտեմ:
– Եթե որեւէ խնդիր է լինում, ո՞ւմ եք դիմում:
– Հիմա թաղապետարան գոյություն չունի, բոլոր ֆունկցիաները քաղաքապետարանին են հանձնել, քաղաքապետարանն էլ ի վիճակի չէ բոլոր հարցերը լուծել,-ասաց Սեդրակը,- այ մարդ, խնդրեցի` անունս չգրես, կգան, կբռնեն:
– Հիմա փող ունեցողն էլ է դժգոհ, չունեցողն էլ,- ասաց Արմենը,- պատճառը համատարած անարդարությունն է, ցանկացած տուն մտիր, միակ սնունդը կարտոֆիլն է: Հիշո՞ւմ ես, այն վատ տարիներին միակ սնունդը Սեւանի սիգն էր:
– Կարտոֆիլ, թթու կաղամբ ու հաց: Վերջ: Երեք հոգով ընտանիքը 300 կիլոգրամ կարտոֆիլ է գնում,- ասաց Սեդրակը,- թուրքերի հետ սահման են բացում: Թուրքի առաջ դեռ հարցեր ունենք դնելու:
– Էհ, բացում են, Թուրքիայից էժան քըրջ ու փալաս կբերեն կլցեն, հարուստները ավելի կհարստանան, աղքատները ավելի կաղքատանան:
Դիմացի մայթի անվադողերի նորոգման կետը մտա: Կլոր ու լիքը դեմքով տղան` Գարիկը, աթոռին փռված հեռուստացույց էր նայում:
– Այսօր քանի՞ անվադող ես նորոգել,- դիմեցի ես:
– Ոչ մի,- պատասխանեց Գարիկը:
– Օրական միջինը ինչքա՞ն ես վաստակում:
– Երկուսուկես հազար դրամ:
– Ընտանիք ունե՞ս, Գարիկ:
– Չէ, այս աշխատավարձով ընտանիք չեմ կարող պահել:
Հարեւան տաղավարի պատուհանին կանաչ ու կարմիր գույնի խոշոր տառերով գրված էր. «բուղաչա», «բորեկ»: Կուզենայի տեսնել, թե դրանք ի՞նչ ուտելիքներ են: Սակայն տաղավարը փակ էր, ներսում իրար վրա էին շարված պլաստմասսայե սեղանները: Հարեւան տաղավարի դռան վերեւում գրված է. «վաճառվում է», տակը` հեռախոսահամարը:  Երկհարկանի տան առաջին հարկի երկար սրահում տարբեր մարկայի ավտոմեքենաներ էին շարված: Դրանք հիմնականում զարգացած երկրներում արդեն դուրս գրված մեքենաներ են, որոնք երրորդ աշխարհի երկրների մարդիկ գնում են, ուղարկում այդ երկրները` վաճառքի: Մի երիտասարդ ինձ ընդառաջ դուրս եկավ:
– Կարողանո՞ւմ եք վաճառել մեքենաները,- դիմեցի ես:
– Չէ, հա, ճգնաժամ ա,- պատասխանեց պատանին:
– Խանութի տիրոջ հետ կցանկանայի խոսել:
– Մի ժամից կգա:
Այստեղից սկիզբ են առնում Նոր Արեշի 50-րդ ու դեպի գերեզմանոց տանող փողոցները: Դեպի խաչմերուկ եկող ճանապարհի աջ կողմում ծաղկավաճառների՝ իրար կողքի շարված տասնվեց կրպակներն էին: Տասնվեց ընտանիք փաստորեն եկամտի աղբյուր ունի: Մինչ այդ էլ ճանապարհին նման կրպակներ կան: Սա մի հսկա համակարգի վերջին օղակն է: Մինչ այդ՝ ջերմոցներում ծաղիկների արտադրությունն է, միջնորդների կողմից գնումն ու մեծածախ առեւտրական կետում ծաղկավաճառներին վաճառքը: Զրուցեցի կրպակներից մեկի տիրոջ` Աշոտի հետ: Տարբեր գուներանգի քրիզանթեմներ էր վաճառում: Ծաղիկների մեծ մասը Մխչյան գյուղում են աճեցնում: Սակայն բոլորն էլ կախված են գերեզմանին ծաղիկ տանելու մարդկանց սովորությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել