Դեկտեմբերի 11-ին Խաշթառակ գյուղի մատույցներում սողանքից վնասվել է Իջեւանի եւ Բերդի տարածաշրջանները սնուցող գազատարը: Գազազրկվել են այդ տարածաշրջանների բնակիչների տները, նաեւ՝ ավտոմեքենաների գազալցակայանները: Գործում է միայն Իջեւան քաղաքից մի քանի կմ հեռավորությամբ գտնվող գազալցակայանը: Այդ կայանի առաջ ամեն օր մեքենաների հսկայական հերթեր են գոյանում: Ինչո՞ւ միայն այս կայանը գազ ունի: Տավուշի գազամատակարման եւ գազիֆիկացման միավորման տնօրենի տեղակալ Վահան Այդինյանն ասաց, որ այդ կայանն իրենց բաժանորդը չէ, գազ է ստանում «Տրանսգազից»: Ինչո՞ւ է գազալցավորման կայանին թույլատրվել գազ ստանալ մայր գազատարից: Այս հարցին ի պատասխան՝ Այդինյանն ասաց, որ դա շուտ է կատարվել:
Հավաստի տեղեկատվության համաձայն, այս կայանի փայատերերից մեկը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է: Ի դեպ, սույն կայանի գործարկումից հետո տեւական ժամանակ այստեղ մեքենաների հերթերը չէին նվազում, որովհետեւ այն ժամանակ դա տարածաշրջանի միակ գազալցավորման կայանն էր: Վահան Այդինյանն ասաց, որ վթարված գազատարի վերականգնման աշխատանքներ են ընթանում, եւ դեկտեմբերի 16-ին Իջեւանի տարածաշրջանի բնակավայրերի մի մասի գազամատակարարումը վերականգնված կլինի: