Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա դպրոցը կփակե՞ն… Ես դեռ ցույց կտա՜մ»

Դեկտեմբեր 18,2009 00:00

Վրաստանի դպրոցներից մեկի հայկական սեկցիան իշխանությունները դարձրել են ադրբեջանական

«Բա դպրոցը կփակե՞ն… Ո՞ւր մնաց մեր բարեկամությունը… Բա մեր հայ մանուկները մեղք չե՞ն.. Գնան վրացանա՞ն… Ես դեռ ցույց կտա՜մ»,- սրանք էին 70-ամյա բոլնիսեցի Սերյոժա Մարտիրոսի Ափրամյանի վերջին խոսքերը, որից հետո ծանր հիվանդությամբ մի քանի օր տառապելուց հետո՝ կնքեց իր մահկանացուն։ Նրա մահով Բոլնիս քաղաքի հայկական զանգվածը ծանր կորուստ կրեց. համայնքից հեռացավ մի ծերունի, որն իր ողջ կյանքը նվիրել էր բոլնիսահայության ազգային խնդիրների բարձրացմանը։ Բոլնիս քաղաքի երիտասարդները վախենում էին ամուսնանալ վրացու կամ ադրբեջանցու հետ. եթե այդ մասին հանկարծ տեղեկանար Ս. Ափրամյանը, էլ պրծում չէր լինի։ Հյուսիսային Լոռու՝ ներկայումս Վրաստանի կազմում գտնվող Բոլնիսի շրջանը հիմնականում համընկնում է պատմական Գուգարք նահանգի Բողնոփոր եւ Քվիշափոր գավառներին: Մինչեւ 18-րդ դարի առաջին կեսը եղել է գրեթե զուտ հայաբնակ: Լեզգիների ավերիչ արշավանքների հետեւանքով ամայանալով` վերստին հայանում է նույն դարի վերջերին Արցախից եկած վերաբնակների շնորհիվ: Ներկայումս Բոլնիսի շրջանում բնակվում է մոտ 5 000 հայ, որոնք տեղաբաշխված են Բոլնիս քաղաքում՝ քաղաքի «գերմանական» թաղամասում։ Հայեր ապրում են նաեւ Բոլնիս-Խաչեն, Կիանեթ գյուղերում, Կազրեթ ավանում, Բալիճ (վրացախոս), Դարպաս (վրացախոս), Սամծեւրիս, Փոլադաուրի գյուղերում: Բոլնիս քաղաքը, որը վրացական հետեւողական քաղաքականության շնորհիվ դարձել է հիմնականում վրացաբնակ, ներկայումս (2002թ. պաշտոնական տվյալներով) ունի 17 650 բնակիչ, որից 82%-ը՝ վրացիներ, 8%-ը՝ հայեր, 5%-ը ադրբեջանցիներ, 2%-ը ռուսներ, 2%-ը՝ հույներ։
Բոլնիս քաղաքի՝ երեք վրացական դպրոցներից մեկը մինչ ս/թ նոր ուսումնական տարին՝ ուներ նաեւ հայկական սեկցիա, ուր սովորում էին ընդհանուր թվով 55-60 հայ աշակերտներ։ Քաղաքը չունի ոչ հոգեւորական, ոչ հայկական մշակութային հաստատություն։ Հայերի գոյությունն «ապացուցող» միակ հաստատությունը, փաստորեն, վերոնշյալ դպրոցական բաժանմունքն էր։ Նշենք, որ քաղաքի որոշ աշակերտներ հաճախում են քաղաքից որոշ հեռավորության վրա գտնվող նշանավոր Բոլնիս-Խաչեն գյուղի դպրոցը։
2009-2010 ուսոմնական տարում հերթական անգամ սեւ ամպեր կուտակվեցին Բոլնիսի վրացական դպրոցի հայկական սեկցիայի գլխին։ Նորից դրվեց վերջինի փակման տխրահռչակ հարցը։ Վրացական ղեկավարությունն ընդառաջելով տեղի ադրբեջանցիների խնդրանքին, Բոլնիս քաղաքի հայկական դպրոցական բաժանմունքը վերածեց ադրբեջանականի։ Տեղի հայ մանուկները զրկվեցին հայեցի կրթություն ստանալու հնարավորությունից։ Չօգնեցին անգամ Բոլնիսի մունիցիպալիտետի կիսով չափ հայ, կիսով չափ ադրբեջանցի ղեկավարին ուղղված դիմումները, խնդրանքի, ամոթանքի ու սպառնալիքի կոչերը։
«Բա դպրոցը կփակե՞ն,  այս ապերախտ վրացիներն այսպե՞ս են երախտահատույց լինում մեր Սուրբ Մաշտոցին, որի շնորհիվ այսօր իրենք տառ ու գիր ունեն, դպրոցներ ունեն։ Մաշտոցը բացեց վրացիների առաջին դպրոցները, որ մերն իրենք քանդե՞ն, ես դրանց…»,- զայրացած ասել էր բոլնիսեցի Սերյոժա Ափրամյանը:
Ներկայումս կարծես մարել է Բոլնիս քաղաքի հայկական շունչը։ Տեղի հայ մանուկներն օր օրի, ժամ առ ժամ վրացանում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել