Հավանաբար շուտով մանկապարտեզներում կրճատումներ կսկսվեն
«Մանկապարտեզների առումով քաղաքապետարանը ծանր ժառանգություն ստացավ»,-վերջերս նման կարծիք էր հայտնել Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության նորանշանակ պետ Գայանե Սողոմոնյանը՝ նկատի ունենալով, որ նախադպրոցական հաստատությունները, որոնք գտնվում էին համայնքապետարանների ենթակայության տակ, քաղաքապետարանին են հանձնվել շատ տխուր վիճակով: Նրա այս խոսքերը հարուցել են մի շարք մանկապարտեզների տնօրենների դժգոհությունը. վերջիններիս համոզմամբ՝ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախընտրական ծրագրով նախատեսված փոփոխություններն ի վնաս նախակրթարանների են իրականացվում:
Կառավարությունը որոշել է 2010-ին փոխել կրթական հաստատությունների ֆինանսավորման սկզբունքներն ու չափը եւ մանկապարտեզներին համայնքային բյուջեից տրամադրել ընդամենը 20 հազար դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար, որի մեջ ներառված է նաեւ ծնողների կողմից վճարվող վարձավճարը: Եթե այդ վճարը հանենք, կստացվի 12-14 հազար դրամ: Կենտրոնի «էլիտար» մանկապարտեզները գուցեեւ կարող են տեղավորվել բյուջեից հատկացվող այդ գումարի մեջ, որովհետեւ այնտեղ վարձավճարները բարձր են, հաճախող երեխաների թիվն էլ մեծ է: Իսկ ծայրամասային թաղամասերում գտնվող փոքրիկ մանկապարտեզներում ե՛ւ վարձավճարն է ցածր, ե՛ւ հաճախող երեխաներն են քիչ, ե՛ւ ջեռուցման համակարգ չկա, ուստի 12-14 հազար դրամի մեջ տեղավորվելու համար տնօրենները ստիպված են կրճատել աշխատողներին:
Այս խնդրի հետ կապված ներկայացնում ենք որոշ մանկապարտեզների տնօրենների մտահոգությունները: Նրանց անուններն իրենց խնդրանքով չենք հրապարակում. «Այն, որ մանկապարտեզները պետք է ֆինանսավորվեն երեխաների թվով՝ պարզապես կործանանար կլինի մեր մանկապարտեզների համար: Մի պարզ հաշվարկ կատարենք եւ կտեսնենք, թե այդ 14 հազար դրամը ինչքան ծիծաղելի գումար է փոքրիկ ու խեղճ թաղամասերի մանկապարտեզների համար: Նախ, մենք մանկապարտեզը ջեռուցում ենք փայտի վառարանով. ամեն օր թե՛ երեխաները, թե՛ աշխատակիցները մրի ու կեղտի մեջ կորչում են, ու մանկապարտեզն այդպես էլ չի տաքանում: Այստեղից-այնտեղից էժան փայտ ենք ճարում, որ մեր երեխաներին չսառեցնենք ու հիվանդացնենք: Եթե մանկապարտեզն ունի 120-130 երեխա, քաղաքապետարանը, հաշվարկելով նրանց հաճախելիությունը, միջինացված թիվ է հանում՝ 100 երեխա ու ամսական վճարում 1 մլն 400 հազար դրամ: Այդ գումարով պետք է տնօրենը սոցվճարումներ կատարի, վճարի աղբահանության համար, մանկապարտեզում դեղատիզացիա անի, վճարի աշխատակիցների աշխատավարձը, տնտեսական բազմաթիվ ծախսեր կատարի… 30 աշխատակցի համար աշխատավարձը կկազմի 33 հազար դրամ՝ գրեթե նվազագույն աշխատավարձի չափ: Մինչդեռ ես, օրենքի համաձայն, մանկավարժին պետք է 60 հազար դրամ տամ, այսինքն, իջեցնեմ դայակի աշխատավարձը: Նրան հո նվազագույն աշխատավարձից ցածր չե՞մ տալու: Ի վերջո, առավոտյան ժամը 8.30-ից մինչեւ 17-ը ո՞վ կգա աշխատելու այս թշվառ մանկապարտեզում՝ այդքան աշխատավարձով: Դպրոցի մանկավարժներն ավելի քիչ աշխատաժամ են ունենում, նրանք «փամփերսն» չեն փոխում, զուգարան չեն տանում, չեն հանվեցնում-քնեցնում-հագցնում, կերակրում, մինչդեռ ավելի շատ են վարձատրվում: Մեր դաստիարակի օգնականն առավոտյան շուտ է գալիս, որ վառարանը վառի, մի քիչ սենյակը տաքանա, երեխաները չգան ու ցրտահարվեն, հոգ է տանում մաքրության մասին, կերակրում է երեխաներին… մինչդեռ քաղաքապետարանը գտնում է, որ բյուջեում այդքան փող չկա՝ այդ հաստիքը պահելու, մեզ առաջարկում է այդ մարդուն դուրս շպրտել ու գործազուրկ դարձնել՝ նրա գործը հանձնարարելով դաստիարակին: Օրենքով մանկապարտեզում պետք է լինի լոգոպեդ, ով դժվար խոսող երեխաներին կօգնի արտահայտվել, մինչդեռ, եթե դայակի հաստիքն է քաղաքապետարանի համար ավելորդ, լոգոպեդի մասին խոսք լինել չի կարող: Փաստորեն, մեր երեխաներին պետք չէ նաեւ ֆիզհրահանգիչը, որը հատուկ ծրագրով օրական 2 ժամ պետք է մարզի ու կոփի բոլոր խմբերի մանուկներին: Քաղաքապետարանը գտնում է, որ մեզ մարզված եւ առողջ երեխաներ պետք չեն: Շատ երեխաներ սթրես են տանում, ուստի մանկապարտեզում պետք է լինի նաեւ հոգեբան, որն իր մեթոդներով կհանի սթրեսների հնարավոր բացասական ազդեցությունը, պետք է լինի պարուսույց, որը երեխաներին թեկուզ հանդեսից հանդես կսովորեցնի համաչափ շարժումներ անել, ճիշտ կեցվածք պահպանել: Այս հաստիքները քաղաքապետարանի համար մանկապարտեզում նույնպես ավելորդ են: Եթե մանկապարտեզը միայն 1-2 ոտանավոր սովորեցնելու համար է, ուրեմն ընդհանրապես թող փակեն մանկապարտեզները, այդ ոտանավորը երեխան դպրոցում էլ կսովորի: Այս օրերին քաղաքապետարանից մեզ ահազանգում են, թե աշխատողների հաստիքացուցակ բերեք: Ես ստիպված եմ ներկայացնել քիչ աշխատողների անուններ ու մնացածին կրճատել, բայց ձեռքս դողում է, չեմ կարողանում: Երբ քննարկումների ժամանակ քաղաքապետարանում ասում ենք՝ ո՞նց աշխատանքից հանենք այդքան մարդու, մեզ ասում են՝ բա դպրոցներում ո՞նց եղավ: Մի՞թե կարելի է այդքան անհոգի վերաբերմունք ցույց տալ: Դրանից բացի, քաղաքապետարանը դեռ ուզում է, որ հունվարին մանկապարտեզներն ընդհանրապես փակենք՝ ծախսերը կրճատելու համար: Ինչո՞ւ պիտի փակենք, եթե կարող ենք գոնե խմբերը խտացնել ու այդպես աշխատել: Ինչպե՞ս կարող ենք դայակին ու դաստիարակին հարկադիր արձակուրդի ուղարկել, եթե նա չի ուզում գնալ, ո՞նց ստիպենք, դրանով մենք Աշխատանքային օրենսգիրք ենք խախտելու: Գ. Բեգլարյանի նախընտրական ծրագրում նախակրթարանների համար գրված է՝ «հասնելու ենք նրան, որ ծնողը չվճարի մանկապարտեզի համար»: Սակայն հաշվի առնելով քաղաքապետարանի իրականացրած ծրագրերը՝ համոզվում ենք, որ ավելի շուտ հասնելու ենք նրան, որ մանկապարտեզներն իսկապես փակվեն ու դադարեն գործել»:
Տնօրենները հաշվարկել են, որ եթե քաղաքապետարանը 14 հազարի փոխարեն սահմանի գոնե 20 հազար դրամ, եւ դրան գումարվեն նաեւ ծնողների վճարումները, մի կերպ հնարավոր կլինի տեղավորվել այդ գումարի մեջ: