Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԻՄ-Ը ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏ ՉԷ»

Դեկտեմբեր 18,2009 00:00

Համայնքները դեմ են խոշորացմանը, բայց ծրագիրը իրականացվելու է զգուշությամբ եւ առանց շտապողականության

Առաջին տարին չէ, որ ՀՀ-ում խոսում են համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման մասին: Բայց միայն այս տարի ընտրվեց խոշորացման երեք փորձնական խումբ: ՀՀ կառավարությունը մտադիր է խոշորացնել Գեղարքունիքի մարզի Վերին, Ներքին Շորժաներ ու Այրք, Շիրակի մարզի Հոռոմ ու Հովտաշեն եւ Սյունիքի մարզի Թասիկ ու Թանահատ գյուղերը: Բայց պարզվեց, որ եւ միավորվելիք, եւ այլ գյուղերի ղեկավարներն ու բնակիչները դեմ են միավորմանը: Հովտաշենի գյուղապետը ՀՀ կառավարությունում փոխվարչապետի եւ մի շարք նախարարների ներկայությամբ պաշտոնապես հայտարարեց, որ միավորման դեպքում իրենց գյուղը կկորչի, Հոռոմն էլ տարիներ շարունակ գողացել է իրենց հողերը: Վերին Շորժայի գյուղապետը նույն մարդկանց մոտ իր դեմ լինելը այսպես բացատրեց. «բաներ կան, որ այստեղ ասելու չի»: Մեր տեղեկություններով, միավորվելիք գյուղապետերից մեկը հարցի լրջությունը ներկայացնելու համար ասել է. «եթե միավորեք՝ արյուն կթափվի»: Այս ոչ ոգեւորիչ հանրագումարից հետո ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանից հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է համայնքների խոշորացման ծրագիրը դադարեցվի, սառեցվի, կասեցվի: «Նախ եկեք հարց տանք. ովքե՞ր են դեմ: Գյուղապետեր, որ կարծում են, թե խոշորացված համայնքում ընտրվելու փոքր շանսեր ունեն: Բայց բացի նրանցից, պետք է խոսել նաեւ այն գյուղապետերի հետ, ովքեր կարծում են, որ ընտրվելու մեծ շանս ունեն, եւ նրանց հետ զրույցը կտար ամբողջությամբ դրական պատկեր: Չպետք է հենվել ոչ այն բացասականի, ոչ այս դրականի վրա: Դրանք երկուսն էլ խոցելի են»,- նկատեց Վաչե Տերտերյանը, հավելելով, որ երկուսն էլ սխալվում են՝ խոշորացումը մեխանիկական չի լինելու, միավորման մեջ դոմինանտ համայնք չի լինելու, միավորման ավագանում փոքր համայնքները հաստատ ներկայացված են լինելու:
Միավորման թեկնածու վերը նշված համայնքների բնակիչների եւ ավագանու անդամների հետ հանդիպումներից հետո Վաչե Տերտերյանը եկել է եզրակացության, որ բնակիչները դեմ են, որովհետեւ շատ հաճախ իրազեկ չեն, թե ինչ է ենթադրում միավորումը: Ավելին: Ժամանակին փախստականներով բնակեցված Վերին Շորժան այժմ ունի 28 բնակիչ, վարդենիսցիների համար արոտատեղի է ծառայում. մարդիկ այնտեղ են միայն ամռանը, ձմռանը անասուններով հանդերձ իջնում են ներքեւ: «Եթե որեւէ մեկը ինձ կապացուցի, որ կարող է լինել համայնք, որը հինգ ամիս, ողջ բնակչությամբ եւ համայնքապետով տեղում չէ, ես կհրաժարվեմ խոշորացման գաղափարից»,- ասաց պարոն Տերտերյանը: Եվ արդեն որերորդ անգամ անիրազեկ բնակչության համար հայտարարեց, որ միավորումը նշանակում է միջոցների առավել արդյունավետ օգտագործում, եղած խնդիրների լուծման առավել մեծ հնարավորություններ. ճանապարհները վատն են, կնորոգվեն եւ այլն. «Իմ պատկերացմամբ, համայնքների խորոշացումը կմեղմի գյուղերից բնակչության հեռացումը, գյուղերի դատարկվելը: Ծառայությունների մատուցման եւ վիճակի բարելավմանը նպաստող գործոն է խոշորացումը: Ընտրությունից ընտրություն նշում ենք, որ գյուղերում գերիշխող է հարազատ-բարեկամական կապը, չկա հասարակական ակտիվություն, քաղաքականություն: Այո՝ չկա: Բայց այդ ամենը չի կարող լինել 100 հոգանոց գյուղում: Այսպիսի գյուղում չի կարող լինել տեղական ինքնակառավարում իր բուն իմաստով. մրցակցություն, թափանցիկություն, կառավարելիություն եւ այլն»: Համայնքապետերը ասում են, մի խոշորացրեք, որ մեր համայնքը չկորչի: Վաչե Տերտերյանը հակադարձում է. «Դե եկեք մանրացնենք, որ չկորչի, գյուղը ամրանա: Մեծ գյուղերը բաժանենք չորս մասի, ամեն մի մասը մի գյուղապետիկ կունենա, վարչական իշխանություն եւ այլն: Բայց փոքր գյուղերում այդ վարչակազմը երեք-չորս կիսատ-պռատ հաստիք է ստեղծում, աշխատավարձ տալիս եւ վերջ: Բայց չէ՞ որ ՏԻՄ-ը սոցիալական նպաստ չէ»:
Ըստ Վաչե Տերտերյանի, խոշորացնելիս համայնքները չեն դասակարգվում լավ եւ վատ տեսակների, խնդիրը համայնքի մասշտաբն է, բնակչության թիվը: Մոտ 400 փոքր համայնքներ ունենք, որ միայն փոքրության արդյունքում դառնում են տեղական ինքնակառավարման զարգացման խոչընդոտ եւ, ասենք, 40 կամ 50 գյուղի համար որեւէ ծրագիր իրականացնելու փոխարեն, այժմ 100 կամ 120 գյուղի համար է դա արվում: Այս 120-ի մի 30 տոկոսն էլ չունեն այդ ծրագիրը իրականացնելու ռեսուրսներ: Այլ խոսքով. «Եթե գնում ես ֆուտբոլ խաղալու՝ մաթեմատիկոսին տանն ես թողնում, իսկ մաթեմատիկայի օլիմպիադայի մասնակցելիս՝ ֆուտբոլիստ չես տանում»,- նկատեց Վաչե Տերտերյանը:
Բայց ինչպես ասվեց, համայնքներում դեմ են խոշորացմանը, հնարավո՞ր է, որ սրա արդյունքում ծրագիրը ձգձգվի ու ձգձգվի: Ըստ Վաչե Տերտերյանի, ոչ ոք ավելորդ շտապողականություն չի դրսեւորում, բոլորը շատ զգույշ են աշխատում, բայց Հայաստանը կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելու խնդիր ունի, լուծումներից մեկն էլ համայնքների խոշորացումն է, «պատմությունն է վկայում, բոլոր բարեփոխումներն էլ, անգամ ամենահաջողները, սկզբնական շրջանում վատատեսության տարր են ունենում: Երբ 1990-ականներին բոլոր 900 գյուղերը հայտարարվեցին համայնք, ոչ մի բան էլ չեղավ: Եթե այն ժամանակ հայտարարվեր 400 համայնք, էլի բան չէր լինի, ու հիմա կխոսեինք այդ 400-ը 300 դարձնելու մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել