Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԴ ԳՈՐԾ Է

Դեկտեմբեր 18,2009 00:00

Այսօր Հայաստանում վաճառվող բազմաթիվ ներմուծված դեղամիջոցների ներդիր-թերթիկները ռուսերեն եւ անգլերեն են: Այսինքն՝ դեղի մասին ինֆորմացիան գրվում է ոչ թե հայերենով, այլ՝ օտար լեզուներով: Այս հանգամանքը առողջապահության նախարարությունից «Առավոտին» պատճառաբանեցին, որ ներմուծողների համար ձեռնտու չէ Հայաստանի նման փոքր շուկայի համար հավելյալ ծախս անել ու հայերեն էլ մակնշել, ուստի ներկրված դեղամիջոցների ներդիր-թերթիկները գրվում են հայերի համար հասկանալի՝ ռուսերեն: Եթե ներմուծվող դեղերի դեպքում հայերեն մակնշումը պարտադիր չէ, ապա տեղական արտադրության մի շարք դեղամիջոցներ եւս հայերեն չեն մակնշվում: Հայկական «Լիկվոր» ընկերության «մոկսիցին» դեղամիջոցի ներդիր-թերթիկը գրված է միայն ռուսերեն: Այս առնչությամբ նախարարությունից վստահեցրին, որ «Դեղերի մասին» օրենքը չի պարտադրում թե ներմուծվող եւ թե տեղական արտադրության դեղամիջոցների ներդիր-թերթիկները հայերեն գրել, այնպես որ՝ օրենք չի խախտվում:
«Լիկվոր» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանն «Առավոտին» վստահեցրեց, որ իրենք արտադրում են մի շարք դեղամիջոցներ, որոնցից 7 անուն դեղերի ներդիր-թերթիկներն արդեն նաեւ հայերեն են գրվում: Իսկ ինչ վերաբերում է հենց «մոկսիցինին», պարոն Մաթեւոսյանն ասաց. «Այդ դեղամիջոցի հայերեն մակնշման գործընթացն արդեն սկսվել է եւ շուտով «մոկսիցինի» ներդիր-թերթիկը կլինի ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն»: Մեր հարցին՝ ինչո՞ւ մինչ օրս հայերեն չէին գրում, Ս. Մաթեւոսյանն ասաց. «Դեղերի մասին տեղեկություն թարգմանելը բարդ գործընթաց է: Նման թարգմանությունները պետք է անեն լիցենզավորված մասնագետները, որովհետեւ եթե անգամ մի բառ սխալ թարգմանվի, դա լուրջ խնդիր կլինի: Այս պահին մասնագետներն աշխատում են եւ մեր դեղամիջոցների ներդիր-թերթիկները կլինեն երկու լեզվով՝ հայերեն եւ ռուսերեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել