Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խոզի գրիպի» ախտորոշումն այլեւս անհրաժեշտ չէ

Դեկտեմբեր 18,2009 00:00

Քանի որ այն երկիր մտնելով՝ գրավում է բոլոր վիրուսների տեղը

«Մինչեւ հիմա պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունում հետազոտվել է 500-ից ավելի քաղաքացի, որոնց մոտ եղել են «խոզագրիպի» ախտանիշներ: Նրանցից 92-ի մոտ այս գրիպը հաստատվել է»,- այս մասին երեկ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց տեսչության պետ Արտավազդ Վանյանը: Նրա խոսքերով, այս թվերով հասարակության մեջ A գրիպի տարածվածության մասին համեմատություններ անելն անիմաստ է, քանի որ անպայման չէ, որ ամեն 5-րդը հիվանդ լինի. «Ոչ ոք չի կարող ասել այս գրիպի իրական ծավալների մասին»:
Իսկ հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանն էլ վստահ է, որ իրականում ամեն 5-րդը կարող է A գրպով վարակված լինել. «Քանի որ սա պանդեմիկ գրիպ է»: Նա ասում է նաեւ, որ պետք չէ բոլոր կասկածելի դեպքերը հետազոտել. «Ոչ մի երկրում առաջին դեպքերից հետո այլեւս ախտորոշում չի արվում, այսինքն՝ հիվանդության տարածման 3-րդ շաբաթից այլեւս անհրաժեշտություն չկա ախտորոշում անելու։ Մենք Եվրոպայի նման հարուստ չենք, որ անտեղի միջոցներ ծախսենք ախտորոշման վրա: Երբ այս գրիպը մտնում է երկիր, գրավում է բոլոր վիրուսների 90 տոկոսն ու ավելին: Ուստի անիմաստ է անալիզներ անելը»։
Նա խոսեց նաեւ «խոզագրիպի» դեմ առաջացած իմունիտետի մասին. «60 տարեկանից բարձր քաղաքացիները չեն հիվանդանում այս հիվանդությամբ, քանի որ նրանք 40-ական թվականներին հիվանդացել են եւ արդեն ունեն իմունիտետ։ Հիմա հիմնականում հիվանդանում են ամենաակտիվ տարիքի քաղաքացիները, այսինքն՝ 25-45 տարեկանները, քանի որ այս տարիքում բոլորը չէ, որ իրենց հետեւում են»։
Մեր այն հարցին, հիմա՞ էլ է «խոզագրիպով» հիվանդացած մարդկանց մոտ իմունիտետ առաջանում, նա պատասխանեց. «Բնականաբար իրենց մոտ իմունիտետ ձեւավորվում է, սակայն չեմ կարող ասել՝ որքան ժամանակով։ Կարծում եմ, գոնե 6 ամսով կլինեն պաշտպանված։ Ասեմ, որ այս հիվանդության 95% դեպքերը ընթանում են շատ թեթեւ, մեկը տանը հոնով կամ այլ բանով թեյ է խմում եւ լավանում է։ Մեզ ավելի շատ անհանգստացնում է մնացած 5%-ը, որոնց մոտ այս հիվանդությունն ընթանում է միջին ծանրության եւ ծանր։ Մենք վախենում ենք նաեւ ռիսկային խմբերի հիվանդություններից։ Ռիսկի խմբում են մինչեւ 2 տարեկան երեխաները, հղի կանայք, այն քաղաքացիները, որոնք ունեն խրոնիկական հիվանդություններ՝ շնչառական, սրտանոթային համակարգի, դիաբետով հիվանդները։ Նման քաղաքացիներին ուզում եմ ասել, որ գրիպի առաջին իսկ ախտանիշների դեպքում դիմեն իրենց տարածքային պոլիկլինիկա, եթե կարիք լինի՝ կուղեգրեն հիվանդանոց։ Համապատասխան դեղամիջոց շատ կա, նախարարը այնքան «տամիֆլյու» է ներկրել Հայաստան, որ ամենավերջին գյուղի քաղաքացին էլ եթե հիվանդանա եւ կարիքն ունենա դեղամիջոցի, անպայման կունենա բուժվելու դեղ։ Այս դեղամիջոցը շատ լավն է: Ամենավերջին սերնդի դեղամիջոցն է։ Ցավալին նաեւ այն է, որ այսօր մեզ դիմողները ուշացած են գալիս: Սրանք այն մարդիկ են, որոնք, ինչպես մեր ազգի մեջ ընդունված է, կյանքում չեն դիմում բժշկի։ Մենք այդ մարդկանց այսօր տեսնում ենք մեզ մոտ։ Դաժան է, սակայն ճիշտն եմ ասում»։
Մեր այն դիտարկման էլ, թե կարծիքներ են հնչում, որ Ա. Ասոյանը դպրոցներն ու մանկապարտեզները փակելով կատարել է իշխանությունների պատվերը՝ այս ճգնաժամային իրավիճակում օգնելով խնայել ուսումնական հաստատություններին տրվող գումարները, գլխավոր վարակաբանը պատասխանեց. «Շատ տեղերում էլ ասում են, որ կերել եմ այդ գումարները։ Այս կարծիքներին ուզում եմ պատասխանել այսպես՝ եթե լսել եք իմ ելույթները, ես միշտ ասել եմ, որ պնդում եմ՝ դպրոցներն ու մանկապարտեզները փակել։ Որեւէ մեկը չէր պնդում, ո՛չ իշխանությունը, ո՛չ կառավարությունը։ Ես որպես մասնագետ, իսկ ես ինձ համարում եմ մասնագետ, գտնում եմ, որ օդակաթիլային վարակի դեպքում ճիշտ էր ուսումնական հաստատությունների փակումը։ Մեր կանխատեսումներն էլ իրականացան՝ դպրոցների եւ մանկապարտեզների փակումը տվեց արդյունք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել