Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

Դեկտեմբեր 18,2009 00:00

\"\"Պետպատվերով բուժսպասարկման իրավունք ունեցողներից
աջ ու ձախ գումար են շորթում

ՀՀ կառավարության՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ, որն ընդունվել է 2004 թ.-ին, մինչեւ 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը մեր երկրում պետք է իրականացվի պետպատվերի շրջանակներում: Յուրաքանչյուր տարի պետությունն այդ ուղղությամբ գումար է հատկացնում, մանկական բուժհիմնարկներում պետպատվեր տեղադրում: Սակայն կառավարության այս որոշումը ոչ բոլոր բուժհիմնարկների ղեկավարներն են ընկալել. նրանցից ոմանք ինքնագործունեությամբ են զբաղվում՝ սահմանելով իրենց նախընտրած գնացուցակը: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, որն առավել հայտնի է որպես 3-րդ մանկական հիվանդանոց, տարիներ շարունակ ստացիոնար բուժսպասարկում ստացող երեխաների ծնողներից յուրաքանչյուր ծառայության համար անլեգալ գումար են գանձում: Այստեղ բուժանձնակազմը չմուծող ծնողներին հասկացնում է, որ հոգատար եւ ուշադիր վերաբերմունք չակնկալեն: Եղել են դեպքեր, երբ այս բուժհիմնարկում գումար են պահանջել անգամ վերակենդանացման եւ նորածնային բաժանմունքներում բուժսպասարկում ստացող երեխաների ծնողներից:
Տաթեւիկ Գրիգորյանը, սուր բրոնխիտով տառապող իր 6-ամյա տղայի հետ մի քանի օր գտնվելով նշված բուժհիմնարկում, անմարդկային վերաբերմունքի է արժանացել: «Սենյակը մեզ տվեցին ահավոր կեղտոտ վիճակում, մահճակալների տակ փոշի էր կուտակված, որը շնչում են երեխաները: Այս բուժհիմնարկի 5-րդ հարկում, որտեղ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքն է տեղակայված, սանիտարահիգիենիկ տարրական նորմերը բացակայում են: Սանիտարկաները մեզ ասում են՝ դուք վերցրեք, մաքրեք: Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք այդ աշխատատեղն զբաղեցնում, եթե իրենց պարտականությունը չեն կատարում»,- վրդովված պատմեց ծնողը: Այս բուժհիմնարկում հիվանդներից գումար են պահանջում անգամ հավաքարարները, իսկ մուծել չցանկացողներին սպառնում են չսպասարկել: Գումար չվճարած եւ իրենց իրավունքներն իմացող ծնողները բախվել են արհամարհական վերաբերմունքի՝ հավաքարարը մեզի եւ արյան անալիզները չի տարել լաբորատորիա, այլ թողել է զուգարանում. «Ի՞նչ պատասխան կարելի է ստանալ այդ անալիզից: Դրա պատճառով սենյակում գարշահոտություն էր տարածվել: Սանիտարկան ասում էր՝ լաբորատորիայում ինձ վրա կխոսեն, եթե գումար չտաք: Մեզի անալիզը տեղափոխելու համար պահանջում են 500, արյանը՝ 1000 դրամ: Զուգարանները նույնպես ահավոր կեղտոտ վիճակում են»:
«Սուրբ Աստվածամայր» բուժհիմնարկի անձնակազմի՝ գումարի հանդեպ ունեցած ցանկությունները երեխաների ծնողները ոչ մի կերպ չեն կարողանում զսպել. անգամ չի օգնում առողջապահության նախարարություն զանգելու սպառնալիքը: Կենտրոնում հիվանդների համար անկետա բացելու նպատակով 1000-2000 դրամ են պահանջում, իսկ երբ հիվանդատերերը կտրոն են պահանջում, զարմացած հայացքների են հանդիպում:
Սուր բրոնխիտով տառապող իր 10 ամսական փոքրիկի հետ այստեղ գտնվող մի ծնող էլ պատմեց, որ իրենից ռենտգենի համար 2000 դրամ էին պահանջում. «Մի քանի անգամ հետեւիցս եկան, գնացին: Ճիշտն ասած՝ սկզբում չգիտեինք, որ անվճար պետք է լինի, ամուսինս զանգեց առողջապահության նախարարություն, ճշտեց, որ մեր երեխայի բուժսպասարկումն անվճար է: Բայց այդքանից հետո էլ ԷԿԳ-ից փող ուզեցին»: Այս բուժհիմնարկի բժիշկները համբերատար սպասում են, մինչեւ հիվանդ երեխայի հայրը գալիս է, հետո գնացուցակը ներկայացնում են: «Ավելի լավ է սկզբում կոնկրետ գումար գանձեն, քան թե ասեն պետպատվերով եք բուժվելու եւ ամեն օր գումար վերցնեն»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին ծնողները:
Վայքից իր 10 ամսական երեխայի հետ այս բուժհիմնարկում գտնվող մի ծնող էլ, որը չցանկացավ ներկայանալ, նույնպես գոհ չէր: Նրա պատմելով՝ երեխան ցնցումների մեջ էր ընկել Վայքի բժիշկների սխալի պատճառով եւ ցածր ջերմաստիճանով ու ցնցումներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 9 օրվա ընթացքում նորածին երեխայի ծնողն այստեղ արդեն 100 հազար դրամ էր ծախսել:
Ծնողների ներկայացմամբ՝ բաժանմունքների վարիչները չեն թողնում, որ բուժող բժիշկներին հիվանդատերերն իրենց ցանկությամբ շնորհակալություն հայտնեն: Նրանց հրամանով բժիշկները հիվանդներին հորդորում են. «Մի հատ էլ բաժնի վարիչին տեսեք»: Հիվանդատերերի շրջանում լուրեր են պտտվում, թե այստեղ բժիշկներն ասել են՝ «մեզ մոտ ստավկան 15-20 հազար դրամից է սկսվում»:
Այս բուժհիմնարկի գլխավոր տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը բազմիցս հայտարարել է, որ իր ղեկավարած բուժհիմնարկում բուժսպասարկումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան: Սակայն այս բուժհիմնարկում անլեգալ գանձումներն ու սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները, մեղմ ասած, հեռու են միջազգային չափանիշներից:
Ի դեպ՝ բուժհիմնարկ կատարած մեր այցելության պահին մուտքի դռների վրա փակցված էր հայտարարություն, ըստ որի. «գրիպի կարանտինի պատճառով տեսակցությունները ժամանակավորապես արգելվում են»: Սակայն այցելուներն անարգել ելումուտ էին անում:
Առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնից «Առավոտի» հարցին ի պատասխան հաստատեցին, որ հանրապետության բոլոր մանկաբուժական հաստատությունները մինչեւ 7 տարեկան երեխաների բուժումը պարտավոր են իրականացնել բացառապես պետպատվերի շրջանակներում. «Նշված բուժհիմնարկը մինչեւ 7 տարեկանների նկատմամբ պետք է միայն պետպատվեր կիրառի»:
Ստացվում է, որ պետությունը վճարում է, սակայն չի սահմանում անհրաժեշտ վերահսկողություն, որպեսզի հատկացումներն իրենց նպատակին ծառայեն: Արդյունքում՝ բյուջետային գումարները ոմանց թեթեւ ձեռքով փոշիանում են, իսկ հանցագործություն կատարողները պատասխանատվության չեն ենթարկվում: Սա այն դեպքում, երբ ոլորտի պատասխանատուներն ամեն տարի հայտարարում են, թե առողջապահության բյուջեն սուղ է, եւ միջոցները պետք է նպատակային օգտագործել:

Պատրաստակամ ենք տպագրելու նաեւ հիվանդանոցի պատասխատանտուների տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել