Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տվե՛ք որբերի նպաստները»

Դեկտեմբեր 18,2009 00:00

Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել «Հայկական ավիաուղիներին» պատկանող՝ 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված «ՅԱԿ-40» ինքնաթիռի զոհված անձնակազմի ընտանիքի անդամները: Նրանք արդեն 23 ամիս չեն ստացել «Հայկական ավիաուղիների» կողմից վճարվող պարտքերը: «SOS. Տվեք մեր որբերի նպաստները, «Հայկական ավիաուղիների «ՅԱԿ-40»-ը», «Ինչքան կարելի է պայքարել մեր խնդրի լուծման համար» պաստառներով ցուցարարները պահանջում էին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունի եւ լսի իրենց խնդիրը: (Նրանց խնդրին «Առավոտը» երեկվա համարում անդրադարձել է): Լարիսա Օհանյանն ասաց. «Ամեն անգամ մենք նամակ ենք գրում բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ նրանք մակագրում են քաղավիացիային: Իսկ քաղավիացիան մեզ ասել էր՝ ով կերել է փողերը՝ գնացեք նրանից էլ պահանջեք: Վարչապետը վստահեցրել էր, որ եթե քաղավիացիայից բավարար պատասխան չստանան, նոր ինքը մեզ կընդունի: Մենք էլ հայտարարում ենք, քաղավիացիան մեր հարցերին չի պատասխանում ու պահանջում ենք, որ կառավարության ղեկավարը մեզ ընդունի: Առավոտ շուտ անչափահաս երեխաներն այստեղ կանգնած սպասում են, որ պաշտոնյաներից մեկը պատասխան տա»: Այնինչ, կառավարությունը առավոտյան մեկնել էր Արմավիրի մարզ՝ արտագնա նիստի, իսկ ցուցարարները մինչեւ առ 16.30-ը սպասել են, որ կառավարության անդամները կվերադառնան Երեւան եւ իրենց կնկատեն: Լ. Օհանյանի խոսքերով՝ «Այս 5 ընտանիքները զրկվել են իրենց միակ կերակրողից, իսկ  «Հայկական ավիաուղիները» պարտավոր է վճարել նրանց 10 տարվա աշխատավարձերը, ինչը չի անում: Մենք բոլորս անչափահաս երեխաներ ունենք, եկամտի աղբյուր չունենք: Մեզ չի հետաքրքրում՝ ով է կերել փողերը, պետությունը պարտավոր է միջամտել եւ մեր խնդրին լուծում տալ»: Ցուցարարները վստահեցրին, որ երեկ վարչապետին կրկին հեռագիր են ուղղել, որպեսզի նա իրենց ընդունի. «Հեռագիր ենք ուղարկել, որպեսզի շուտ հասնի տեղ, այլ ոչ թե ամիսներ ձգձգվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել