Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր երկրի թույլ կողմերը

Դեկտեմբեր 18,2009 00:00

Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի կարծիքով, Հայաստանի տնտեսական ցուցանիշները վկայում են այն մասին, որ ճգնաժամն իր «պիկը» հաղթահարել է եւ անգամ արդեն կայունացման նշաններ են երեւում: Նրա կարծիքով, 2009-ի տնտեսական անկումը կկազմի 16-17%, իսկ ՀՆԱ-ի աճը հաջորդ տարի կլինի 1,5%:
Անդրադառնալով ՀՀ պետական պարտքին, Ա. Վարուդակիսը նշել է. «ՀՀ պետական պարտքը, աճելով, ներկայումս կազմում է 37%, եւ կանխատեսվում է, որ մինչեւ 2011-ը կկազմի ՀՆԱ-ի մինչեւ 50%-ը: Ընդ որում, պետական պարտքի ոչ արտոնյալ մասում աճն ավելի մեծ է»: Նրա կարծիքով, Հայաստանն ունի 2 թույլ կողմ՝ հարկային հավաքագրումների ցածր մակարդակ, որը կազմում է ՀՆԱ-ի 17%-ը, եւ տնտեսությունը բավարար մրցունակ չէ, որի հետեւանքով էլ աճը հիմնականում կենտրոնացել էր 2 ճյուղերում, որոնցից մեկը շինարարությունն է:
Պարոն Վարուդակիսը գովաբանեց ՀՀ բանկային համակարգը, նշելով, որ ճգնաժամի պայմաններում այն բավական կայուն եւ կապիտալացված է եղել:
Խոսելով մեր կառավարության հակաճգնաժամային քաղաքականության մասին, Ա. Վարուդակիսն այն ընդհանուր առմամբ դրական գնահատեց, քանի որ «միջազգային դոնորների հատկացրած միջոցները հիմնականում ուղղվել են աշխատատեղերի ստեղծմանը, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն ու սոցիալական ոլորտին»:
ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենի խոսքով՝ Հայաստանում գնաճը տարվա կտրվածքով չի գերազանցի Կենտրոնական բանկի կողմից սահմանված նպատակային միջակայքը, այսինքն՝ 5,5%-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Նինկե Օմեսը հայտարարեց, որ 2009-ի դեկտեմբերին, 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, գնաճը Հայաստանում կգերազանցի 5,5%-ը: Իսկ Հայաստանի ԿԲ-ն տարեվերջյան գնաճը կանխատեսել է 5,4%-ի սահմանում:
Ա. Վարուդակիսն ասաց նաեւ, որ 2010-ին ՀԲ-ն նախատեսում է Հայաստանում իրականացնել 8 ծրագիր, որոնք գործադիր տնօրենների խորհրդի կողմից հաստատվելուց հետո՝ կներկայացվեն Ազգային ժողովին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել