Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործադուլը արդյունք տվեց

Դեկտեմբեր 18,2009 00:00

Թիվ 41 երթուղու վարորդների գործադուլից հետո, գծատերը 2 հազար դրամով իջեցրեց «գծի պլանը»

Վերջին 2 ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ է, ինչ մայրաքաղաքի թիվ 41 երթուղայինի վարորդները գործադուլ են հայտարարում: Նախօրեին դարձյալ այս երթուղու ուղեւորները մնացել էին կանգառներում կանգնած, քանի որ վարորդները հրաժարվել են գիծ դուրս գալ: Պատճառը գծատիրոջ հետ ունեցած տարաձայնությունն է: Նշենք, որ թիվ 41 երթուղու սեփականատերը՝ այս տարվա  հոկտեմբերի 9-ին վթարի հետեւանքով զոհված պատգամավոր Մելիք Գասպարյանն էր: Հիմա գիծը տնօրինում է վերջինիս որդին՝ Ապրես Գասպարյանը, որից էլ դժգոհում են վարորդները: Նրանք հրաժարվում են գիծ դուրս գալ այնքան ժամանակ, մինչեւ վերջինս չիջեցնի 1 օրվա  համար գանձվող գումարի չափը, այլ կերպ ասած՝ «գծի պլանը»: Վարորդների հավաստմամբ, իրենք գծատիրոջը վճարում են օրական 15 հազար դրամ, իսկ իրենց 2-3 հազար դրամ հազիվ է մնում: Ըստ վարորդների, նախորդ ամսվա բողոքի ակցիայից հետո՝ գծատերը իրենց ընդառաջել է ու 1000 դրամով իջեցրել է օրվա պլանը. «Ճիշտ է, մի մեծ գումար չի, բայց օրական 2-3 հազար աշխատող մարդու համար դա էլ մեծ նշանակություն ունի»: Վարորդների հավաստմամբ, իրենք փորձել են լեզու գտնել գծի սեփականատիրոջ հետ, սակայն վերջինս նրանց պատասխանել է, որ հարկային մուծումները շատ են եւ եթե պլանի փողը իջեցնի, ստիպված պետք է լինի աշխատել  վնասով:
Վարորդ-գծատեր «հակամարտության» արդյունքում տուժում են ուղեւորները, որոնք, ստիպված 2 այլ երթուղային են փոխում՝ իրենց նախընտրած վայրը հասնելու համար:
Խնդրի առնչությամբ «Առավոտը» պարզաբանում խնդրեց Երեւանի քաղաքապետարանից, քանի որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի վերահսկողությունն ու կանոնակարգումը իրականացվում է վերջինիս կողմից: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացանք հետեւյալ պարզաբանումը. «Ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների եւ վարորդների միջեւ ֆինանսական հարցերի կարգավորումը տվյալ կազմակերպության ներքին խնդիրն է։ Ինչ վերաբերում է վարորդ-կազմակերպություն հակամարտությունների կարգավորմանը, ապա Երեւանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են միջոցներ՝ կոնկրետ դեպքերում առաջացած իրադրությանը համարժեք։ Միկրոավտոբուսային թիվ 41 երթուղում ստեղծված իրավիճակը կարգավորված է, երթուղու կանոնավոր աշխատանքը վերականգնված է»։
«ՄԳ Հաուզինգ» ՍՊԸ-ի տնօրեն Վոլոդյա Մարտիրոսյանը եւս «Առավոտին» պարզաբանեց, որ խնդիրը շտկված է, ներկայումս թիվ 41-ի վարորդները նորմալ աշխատում են: Պարոն Մարտիրոսյանի տեղեկացմամբ, ընկերության ղեկավարությունը վարորդների հետ համաձայնության է եկել եւ գծի պլանը 15 հազարից իջեցվել է  օրական 13 հազար դրամի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել