Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նույն կաթսայից ճաշ ենք կերել»

Դեկտեմբեր 18,2009 00:00

«Հանրապետականը 2009-ին հասարակության մոտ գլուխ գովելու տեղ չունի: Ըստ էության, 2009-ը իր կենսամակարդակը չբարձրացրեց»,- երեկ մամուլի ասուլիսում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Ըստ պարոն Սահակյանի. «Ակտիվ քաղաքական տարում գնահատականի արժանի միակ գործընթացը հայ-թուրքականն է»:
Խոսելով Սասուն Միքայելյանի եւ նրա ազատման օգտին ստորագրած իր գործընկերների մասին՝ պարոն Սահակյանն ասել է. «Վեց-յոթ օր հետո Սասուն Միքայելյանի առողջական վիճակը լրիվ կանոնավորված կլինի այդ առումով: Նման վիրահատություններ ամեն օր կատարվում են ցանկացած հիվանդանոցում, որտեղ այդ բաժանմունքը կա: Այնպես որ՝ Սասուն Միքայելյանի խնամքը մեր հարգարժան լրագրողները թող թողնեն մեզ: Մենք շատ ուշադիր ենք եւ երբեք ու երբեք, անկախ նրանից, թե ինչպիսի դավադիր վերաբերմունք ունեցավ Սասունը, մենք ուշադիր ենք, որպեսզի օրենքի խախտում չլինի նրա նկատմամբ: Սասունին ես չեմ կարող ասել հանցագործ, բայց ոչ էլ կարող եմ ասել քաղբանտարկյալ: Ընդհանուր առմամբ՝ ես չեմ կարծում՝ այստեղ նստածներից որեւէ մեկը ավելի շատ ցավի Սասունի համար, քան ես, որովհետեւ տասնյակ տարիներ նույն կաթսայից ճաշ ենք կերել, իրար հետ քնել-վեր ենք կացել, իրար հետ գործողությունների մեջ ենք եղել: Այնպես որ՝ Սասունին մենք չենք օտարել որպես անձ, օտարել ենք որպես բնավորություն»: ՀՀ նախագահին ուղղված նամակում՝ 21 պատգամավոր, հիմնականում Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից, խնդրել էին Սասուն Միքայելյանին ներում շնորհել առողջական խնդիրների պատճառով: Գալուստ Սահակյանը ի պատասխան՝ երեկ ասել է, որ նամակը ստորագրած 8 հանրապետական պատգամավորները անպայման պատասխանատվության կենթարկվեն. «Այն պատգամավորները, ովքեր ստորագրել են խմբակցությունից, մեր կողմից դատապարտվել են: Բնականաբար՝ իրավունք չունեին այդ քայլն անեին՝ մանավանդ Սասուն Միքայելյանի նկատմամբ: Այս ամբողջ գործընթացները ավելի շատ վարկաբեկեցին Սասուն Միքայելյանին որպես անձ, քան ինքը կա: Իհարկե՝ Սասուն Միքայելյանը թիմի նկատմամբ դավադիր է եղել, բայց մեր ընկերն է: Եթե Սասուն Միքայելյանը նման խնդիր ունենար, իր ձեռքով կդիմեր նախագահին կամ խմբակցությանը: Եթե պատգամավորների ստորագրություն էր անհրաժեշտ, կարծում եմ, որ առանց որեւէ բանի կարող էին դիմել «Ժառանգությանը», եւ բոլորը միանգամից կստորագրեին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել