Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրաժեշտ չտալով այս կանաչ-կարմիր աշխարհին…

Դեկտեմբեր 18,2009 00:00

Երբ իմ իշխանուհի մայրը պատրաստվում էր հեռանալ այս աշխարհից, իսկ նա գիտեր, որ հեռանում է, մի օր իր վեց զավակների ավագիս, այսինքն՝ ինձ, հրավիրեց դուրս, որ երկուսով նստենք մեր բակում: Հուլիս հրաշք ամիսն էր, աշխարհը ջահել էր ու ծաղկած, նույնիսկ փարթամորեն տերեւակալվել էին սիբիրյան աքսորից հետո Անապայում ապրող իր տարագիր հոր, իմ Արտաշես Սարյան պապիս այգուց բերած ընկույզի երեք ծառերը, երբ մինչ այդ Ջավախքում ընկույզ չէր աճում, թերեւս ենթադրում էին, որ չի աճում… Բայց մայրիկիս հաջողվել էր այդ ամենը, քանի որ շատ էր ուզում, որ իր աքսորյալ հայրիկի այգու ծառը իր այգում էլ աճի:
Երկուսով լուռ նստել էինք բակի շվաքում ու նայում էինք մեր բակին ու բակից այն կողմ բացվող ծաղկած աշխարհին: Լռությունն այնքան երկար տեւեց, որ ես բռնեցի, համբուրեցի մայրիկիս ձեռքը՝ փորձելով հասկանալ, թե ինչու հատկապես ինձ հրավիրեց բակ: Հետո մայրս հրեշտակի թեթեւությամբ թեքվեց ու գլուխը դրեց ուսիս, ասաց՝ նայիր բալես, ես գնում եմ, հանկարծ չխառնվեք իրար, ամեն ինչ կանեք պատվով: Աղջիկ չունեմ, որ վրաս լաց լինի, դուք ձեզ տղամարդ պահեք: Ես փորձեցի ընդհատել նրան եւ ասել հակառակը, բայց նա կանխեց ինձ ու ասաց՝ լսիր տղաս, հանգիստ լսիր, շրջվիր ու նայիր քո հայրական տանը եւ մեր ծաղկած բակ ու հողերին, որտեղ դու ես ծնվել ու բոլոր քո եղբայրները, ինձանից հետո հորդ մենակ չթողնեք, իսկ հորիցդ հետո, իրեն հարյուր տարվա կյանք տա Աստված, այս տունն ու այս ծաղկած բակը չվաճառեք հանկարծ, որովհետեւ դա արունք է եւ գին չունի: Ես գիտեի, թե մեր բարբառով ինչ է նշանակում արունք բառը՝ այսինքն թե՝ քո արյունն ու քո տան ճակատագիրը չտաս ուրիշին: Հետո մայրս երկար լռեց եւ մի տեսակ հրաժեշտի ձայնով ասաց՝ գյուղում անպայման կլինեն մարդիկ, որ կասեն՝ տղերքը հորը մենակ թողեցին, կլինեն մարդիկ, որ կասեն՝ տղերքը ուզում են հոր տունը ծախել, բայց ես գիտեմ, որ իմ զավակները ուր էլ լինեն, իրենց հայրական տան գերին են լինելու, գիտեմ նաեւ, բալես, որ դուք չեք մոռանալու ոչ միայն Ջավախքի ձեր հայրական տունը, այլեւ չեք մոռանալու նաեւ Էրզրումից գաղթած պապերի Ջրսուն եւ Ձիթով գյուղերը, որտեղ դուք նույնպես տուն ունեք պապական, քանի որ ես ձեզ այդպես եմ մեծացրել: Ես լսում էի մայրիկիս ու փորձում էի զսպել լացս, փորձում էի ինձ տղամարդ պահել՝ հասկանալով, որ մայրս ինձ հրաժեշտ է տալիս, որովհետեւ այդ երեկո ես Երեւան էի վերադառնալու: Հետո մայրս, ինչպես տարիներ առաջ, երբ ես երեխա էի, գրկեց ինձ ու ասաց՝ մի խնդրանք էլ ունեմ. մանկության օրերից միշտ վախեցել եմ, երբ մարդուն թաղելիս հող են լցնում եւ հողը դխկդխկում է դագաղի վրա, ինձ այնպես թաղեք, որ այդ ձայնը չլսեմ, կողքիս էլ տեղ պահեք հորդ համար… Երկու շաբաթ անց իշխանուհի մորս հողին հանձնեցինք՝ Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնանքը քանդակելով շիրմաքարին, եւ այնպես, որ մայրս չվախենար…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել