Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱԴՈՄԱԶՈԽԻԶՄ»

Դեկտեմբեր 18,2009 00:00

Այդ ե՞րբ «Ժառանգությունը» որդեգրեց սոցիալիստական ուղղություն

\"\"

Նախապես հայտարարված ՍԴՀԿ արտակարգ համագումարի փոխարեն՝ նախորդ օրերին Ծաղկաձորում տեղի է ունեցել արտահերթ համագումար: Այն հռչակել է կուսակցության նոր կազմ, նույնիսկ նոր ատենապետ՝ Գեւորգ Պերկուպեկյան: Նոր վարչությունում են նաեւ վերջերս «Ժառանգությունից» հեռացված Վարդան Խաչատրյանը, ՍԴՀԿ հիմնադիր անդամ Հրանտ Ամիրյանը, «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանը, ովքեր երեկ «Հայացք» ակումբում հաղորդակցվեցին լրագրողների հետ: Հիշեցնենք, որ սա այն շիլաշփոթի շարունակությունն է, որը ՍԴՀԿ-ում սկսեցին Վահան Շիրխանյանը, Վարդան Խաչատրյանը՝ համահնչակյան կենտրոնի ատենապետ Սեդրակ Աճեմյանի հովանավորությամբ: Նարեկ Գալստյանը հայտարարեց, որ իրենք Հայ ազգային կոնգրեսից հեռանալու մտադրություն չունեն, եւ անձամբ ինքը մասնակցելու է հունվարի 8-ի հանրահավաքին: Բանախոսները նշեցին, որ համագումարին 51 պատվիրակ է մասնակցել, եւ ստահոդ համարեցին լուրերը, թե այդ միջոցառմանը մասնակցել են կուսակցության հետ կապ չունեցող մարդիկ: Լրագրողների պնդումներին՝ հրապարակել կուսակցության վետերանների միությունից մի քանի անուններ, ովքեր մասնակցել են ծաղկաձորյան համագումարին, ներկաները միմյանց վրա գցեցին: Հետո այդ բեռն իր վրա վերցրեց հնաբնակ հնչակյան Հրանտ Ամիրյանը. «Միայն երեք ընկեր Սուրեն է մասնակցել. մեկը՝ վաստակավոր մարզիչ, մյուսը՝ լողորդ, երրորդը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ընկեր Անիկը, ընկեր Մառան եւ էլի մեկը, որին չեմ հիշում»: Ամիրյանին ընդհատեց Վարդան Խաչատրյանը՝ «Լրագրողների ուզած հինգը լրացավ»: Նորահռչակ ատենապետը փաստեց, որ ինքն ու Նարեկ Գալստյանը պապենական, տոհմական հնչակյաններ են, բայց հարցերին ավելի շատ պատասխանում էր նորաթուխ հնչակյան Վարդան Խաչատրյանը: Ասուլիսը բավականին զվարճալի էր նաեւ այն առումով, որ այլ բացահայտումներ էլ եղան: Մասնավորաբար՝ «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է սոցիալիստ Վարդան Խաչատրյանն, այնուամենայնիվ, կառչած մնում ԱԺ լիբերալ գաղափարախոսությամբ խմբակցությունից՝ «Ժառանգությունից», հատկապես, որ արդեն ՍԴՀԿ վարչության անդամ է, վերջինս ասաց. «Ժառանգությունն» այն ամեն դրականի ժառանգորդն է, ինչը գոյություն ունի հայ ժողովրդի վերջին տարիների պատմության մեջ: Նրանում կա եւ սոցիալիզմ, եւ այն ամենը, ինչը դրական է եղել մեր ժողովրդի համար: Խիստ ընդգծված լիբերալ կառույց երբեւէ չի եղել»: Ի գիտություն Վարդան Խաչատրյանի՝ նշենք, որ «Ժառանգության» կանոնադրությամբ ամրագրված է, որ այն «լիբերալ-ազատական» քաղաքական ուժ է: Ասուլիսի ժամանակ պարզվեց նաեւ, որ կուսակցության «Փարամազ» մասնաճյուղը, որը կազմավորվել է 1888-ին, գործել է կոմկուսի անվան տակ, քանի որ կոմունիստական միակուսակցական համակարգում այլ կուսակցություն չէր կարող «թպրտալ»:
Բանախոսները ՍԴՀԿ իրական ատենապետ (ում ձեռքին, որ կուսակցության կնիքն է) Լյուդմիլա Սարգսյանին անվանեցին ինքնահռչակ եւ մի շարք ապօրինությունների հեղինակ՝ դեռ 2004 թվականից: Ուշագրավ է, որ այդ առիթով լրագրողների հարցերին ջանում էր պատասխանել Վարդան Խաչատրյանը, եւ «Առավոտի» դիտարկմանը՝ թողեք տիկին ատենապետի ապօրինությունների մասին խոսեն ավելի ստաժավոր հնչակյանները, նա հայտարարեց, թե 2003 թվականից է ծանոթ կուսակցության անցուդարձերին: Նկատենք, որ «Ժառանգությունը» հիմնադրվել է 2003-ին, եւ Վարդան Խաչատրյանն էլ ի սկզբանե անդամակցել է կուսակցությանը:
Այս ամենի առիթով Լյուդմիլա Սարգսյանը «Առավոտին» փոխանցեց. «Ոչ Նարեկ Գալստյանը, ոչ Գեւորգ Պերկուպեկյանը, ոչ Հրանտ Ամիրյանը եւ առավել եւս Վարդան Խաչատրյանը այդ ժամանակ կուսակցության անդամներ չեն եղել: Իսկ Հրանտ Ամիրյանին հիշեցնեմ, որ լինելով համահնչակյան Կենտրոնի անդամ՝ հեռացվել է եւ վերականգնվել է միայն իմ միջնորդության արդյունքում: Մի քանի ամիս հետո նա ինքը հեռացավ կուսակցությունից՝ չցանկանալով աշխատել Սեդրակ Աճեմյանի հետ ու նրա երեսին շպրտեց՝ «Դու մարդ չես, Սեթո»: Փաստացի լինելով Կենտրոնի անդամ՝ նա Աճեմյանի կողմից նույնիսկ համահնչակյան 19-րդ համագումարին չի հրավիրվել, որը տեղի ունեցավ սեպտեմբեր ամսին, Հայաստանում: Հանկարծ այսօր Ամիրյանը մեջտեղ է եկել ու Աճեմյանի ջատագովն է դարձել՝ մոռանալով, որ ամենավերջին խոսքերն էր ասում նրա հասցեին: Ապշում եմ, որ մարդը կարող է 10 երես ունենալ»: Շիրխանյանական հնչակների՝ «այնտեղ վարչություն գոյություն չունի» մեղադրանքներին էլ տիկին Սարգսյանը հակադարձում է. «Այդ դեպքում ինչպե՞ս է Պերկուպեկյանը մասնակցել դեկտեմբերի 8-ի նիստին, ինչպե՞ս է հոկտեմբերի 31-ին կայացած վարչության նիստում «կողմ» քվեարկել հունվարի 9-ին կայանալիք 7-րդ համագումարին: Այդ երիտասարդը ժխտո՞ւմ է իր գոյությունը»:
Իսկ ՍԴՀԿ ԿՎ անդամ Արարատ Մկրտչյանը փաստում է, որ ծաղկաձորյան գեղատեսիլ վայրում կայացած «համագումարը» հակասում է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքին, ըստ որի՝ բացառվում է փակ եւ գաղտնի կուսակցական գործունեությունը: Իսկ ծաղկաձորյան համագումարը փակ էր: Ընդհանրապես, Արարատ Մկրտչյանը այս ամենը որակում է ներկուսակցական եւ քաղաքական սադոմազոխիզմ, որի հեղինակներն են Սեդրակ Աճեմյանը եւ Վահան Շիրխանյանը. «Ամենացավալին այն է, որ այս ախտը տարածվում է պայծառ երիտասարդների վրա»: Գուրգեն Եղիազարյանն էլ հավելեց, որ լինելով ինքնահռչակ՝ Լ. Սարգսյանը չէր կարող Կիպրոսում մասնակցել համահնչակյան 18-րդ համագումարին, իսկ 19-րդ համագումարում համահնչակյան ընտանիքը դրական գնահատականի չէր արժանացնի հայաստանյան կառույցին:
Երեկ կուսակցությունից փոխադարձ հեռացումներ են եղել. նորահռչակ վարչությունը հեռացրել է Լյուդմիլա Սարգսյանին եւ Գուրգեն Եղիազարյանին, իսկ մյուս թեւը՝ Նարեկ Գալստյանին, Արսեն Կուպելյանին, Գեւորգ Պերկուպեկյանին, Վահան Շիրխանյանին: Երեկ հնչակյան կուսակցությունում խմորումների առիթով հայտարարություն է տարածել ՀԱԿ-ը՝ ցավ հայտնելով, որ ՍԴՀԿ-ում առաջացել են միասնականությունը վտանգող խնդիրներ: «Կոնգրեսի համար ընդունելի չէ ՀՀ օրենսդրությանը եւ կուսակցության կանոնադրությանը հակասող որեւէ զարգացում: Հույս ենք հայտնում, որ հնարավոր է սկիզբ տալ մի այնպիսի գործընթացի, որի շնորհիվ կվերականգնվի կուսակցության համախմբվածությունը եւ կգտնվի ընդունելի լուծում, որը կտեղավորվի օրենքների եւ կանոնադրական պահանջների շրջանակում: Իսկ մինչ այդպիսի լուծումը՝ Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է որպես իր գործընկեր պաշտոնապես ճանաչել Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: Վերջինս կշարունակի հանդիսանալ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, իսկ Կոնգրեսի կուսակցությունների քաղաքական խորհրդում ՍԴՀԿ-ն կշարունակի ներկայացնել Արարատ Մկրտչյանը»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել