Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԿԱ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»

Դեկտեմբեր 18,2009 00:00

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով զոհված 10 անձանցից 9-ի հարազատների լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ իրավահաջորդների բողոքների կապակցությամբ Գլխավոր դատախազությունը որեւէ պատասխան չի տվել։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, պարոն Զեյնալյանը մանրամասնել է. «Բողոքը ներկայացվել է Գլխավոր դատախազին։ Դա ուղարկվել է փոստով, եւ բողոքները դատախազությունում մուտքագրվել են 2009 թվականի դեկտեմբերի 10-ին։ Համաձայն գործող օրենսդրության, դատախազությունը պարտավոր էր 3-օրյա ժամկետում որոշում կայացնել այս բողոքների կապակցությամբ»: Փաստելով դատախազության լռությունը՝  բանախոսը ենթադրել է. «Առկա է դատախազության անգործություն, դատախազությունը այս բողոքի կապակցությամբ արդյունավետ քննություն չի իրականացնում»։ Զեյնալյանի կարծիքով, դատախազության անգործության փաստերը առկա են ոչ միայն այս կոնկրետ դրվագում, այլեւ՝ «հենց սկզբից, երբ սպանությունների առիթով քրեական գործ չի հարուցվել»։ Մարտի 1-ին զոհվածների իրավահաջորդները պատրաստվում են դատախազության անգործության փաստի առթիվ դիմել դատարան։
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին էլ՝ Գլխավոր դատախազի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ Արտակ Զեյնալյանին հասցեագրված պատասխանը դատախազությունն ուղարկել է դեկտեմբերի 16-ին։
Արտակ Զեյնալյանը կրկին պնդել է, որ պատասխանը չի ստացվել։ Նա նաեւ նշել է, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 5-րդ կետի՝ դեկտեմբերի 15-ին բողոք ներկայացնողը պետք է ստացած լիներ դատախազության պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել