ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ
Ավանեսյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին:
– Ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղի հարցի կարգավորման այս պահը:
– Շատ անորոշ:
– Ի՞նչ տրամադրություններ ունեն այսօր ղարաբաղցիները: Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ ճիշտ կլինի Ղարաբաղը միջամտի, ասի իր խոսքը, մասնակցի բանակցությունների։
– Ղարաբաղի բոլոր քաղաքական շրջանակների համար ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությունը բանակցություններին կասկած չի հարուցում, եւ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները մոտակա ժամանակաշրջանում կնպաստեն, որ այդպես էլ տեղի ունենա։
– Մադրիդյան սկզբունքները, որոնց շրջանակում կարծես տեղի է ունենալու հարցի լուծումը, ձեզ բավարարո՞ւմ է:
– Ես չեմ ուզում այդ թեմայով ընդհանրապես խոսել, որովհետեւ այդ սկզբունքները մշակվել են Հայաստանի եւ համապատասխան կառույցների միջեւ, մեր հանրապետության եւ, մասնավորապես, իմ կողմից դրանց գնահատական տալը ես համարում եմ ոչ ճիշտ: Այդ պատճառով էլ ես կարծիք չեմ արտահայտում:
– Ինչպե՞ս եք գնահատում համանախագահների հայտարարությունները, նրանց ջանքերը եւ վերջերս ավելի հաճախ արտահայտվող այն միտքը, որ 2010-ին պատրաստ կլինի ղարաբաղյան հարցի լուծման շրջանակային համաձայնագիրը, եւ հարցի լուծումը կտեղափոխվի շատ ավելի կոնկրետ դաշտ:
– Շրջանառվող բոլոր կարծիքները եւ լուրերը շատ իրարամերժ են, եւ այդ հիմքի վրա որեւէ լուրջ բան ասելը, կարծում եմ, ժամանակավրեպ է։
– Դուք հավատո՞ւմ եք, որ հայ-թուրքական հարաբերությունները լուծվելու են առանց ղարաբաղյան հարցը որպես նախապայման դիտարկելու:
– Ես չեմ կարող պատկերացնել, որ երբեւէ այդպիսի նախապայմաններով հնարավոր էր Ղարաբաղի հարցի լուծումը: