Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ՉԷԻ՞Ն ԿԱՐԵՎՈՐԵԼ ՄԱՐՏԻ 1-Ը

Դեկտեմբեր 18,2009 00:00

\"\"ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում երեկ չքննարկվեց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, թեպետ այդ մասին հայտարարված էր վաղօրոք:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ Փարիզում պետք է քննարկեր մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը: Հայաստանյան պատվիրակության անդամները՝ Դավիթ Հարությունյանը, Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Ռուստամյանը մեկնել էին Փարիզ՝ Մոնիտորինգի հանձնաժողովի այդ նիստին մասնակցելու համար: Սակայն եվրոպացիները հերթական անակնկալը մատուցեցին մերոնց՝ նախապես հայտարարված քննարկումը տեղի չունեցավ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի բացակայության պատճառով:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Առավոտին» հայտնեց, որ համազեկուցողները նախապես չէին հայտնել, որ չեն մասնակցելու նիստին. «Եթե Պրեսկոտի դեպքում բանավոր տեղեկացումն ուներ հիմնավորում, քանի որ նա մասնակցում էր շրջակա միջավայրի թեմայով Կոպենհագենում տեղի ունեցող կոնֆերանսին, նաեւ զեկույց էր ունենալու, ապա պարոն Կոլոմբիեի վերաբերյալ որեւէ հիմնավոր փաստաթուղթ չտրամադրվեց, թե ինչո՞ւ է նա բացակայում: Ես կարծում եմ՝ սա իր մեջ ուներ որոշակի դիտավորություն: Փաստորեն, Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը չքննարկելը եկավ բացառելու ԵԽԽՎ հունվարյան լիագումար նիստում Հայաստանի հարցի քննարկման հավանականությունը: Մոնիտորինգի հանձնաժողովում հարցի քննարկման տապալման բուն նպատակը, կարծում եմ, հենց դա էր»: Տիկին Փոստանջյանը ասաց, որ մարտի 1-ի հանձնաժողովի զեկույցը հավանաբար կքննարկվի Մոնիտորինգի հանձնաժողովի՝ արդեն հունվարյան նիստում: Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ հարցի քննարկման տապալումը պատահական չէր. «Այսպես արվեց՝ բացառելու համար լիագումար նիստում Հայաստանի հարցի քննարկումը»,- կարծում է ընդդիմադիր պատգամավորը: «Ժառանգության» ներկայացուցիչը պատրաստվում է բողոք ներկայացնել Կոլոմբիեի եւ Պրեսկոտի դեմ. «Քանի որ նրանք իրենց այլ գործերն ավելի վեր են դասել, քան մեր հարցը, որը իրենց պարտականությունների մեջ էր: Եվ եթե իրենք չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, ապա իրենց պետք է ընդհանրապես զրկել համազեկուցող լինելուց: Հարկավոր է այս անձանց փոխել այնպիսիներով, որոնք իրենց պարտականությունները կկարողանան պատշաճ կերպով կատարել»,- «Առավոտին» հայտնեց տիկին Փոստանջյանը: Հետաքրքրվեցինք նաեւ, թե Հայաստանի պատվիրակությունը ինչպիսի տրամադրություններ ունի քննարկման այս տապալումից հետո: Տիկին Փոստանջյանը հայտնեց, որ ինքը այս հարցը չի քննարկել. «Քանի որ վստահ եմ, մարտի 1-ի հանձնաժողովի զեկույցը չքննարկելը Մոնիտորինգի հանձնաժողովում Դավիթ Հարությունյանի համար փրկության օղակ էր: Իր աշխատանքը շատ թեթեւացավ, եւ ինքը այս պահի դրությամբ որեւէ խնդիր չունի հակափաստարկներ բերելու, որ այդ ժամանակավոր հանձնաժողովը ոչինչ չի բացահայտել, եւ մարդու իրավունքների հարցում իրավիճակը մնացել է կրիտիկական, եւ չկա առաջընթաց: Մինչդեռ իմ ձեռքի տակ էր մարտի 1-ի զոհերի ծնողների նամակը, որում գրված է, որ այդ ժամանակավոր հանձնաժողովը ոչինչ չի արել, իշխանությունները մեղավորներին բացահայտելու ուղղությամբ իրենց պարտականությունները չեն իրականացնում: Այս նամակը բաժանվել է 23 օրինակով գրեթե բոլոր ներկաներին: Բացի այս նամակից, ես պատրաստել էի մի փաթեթ, որում տեղեկություններ կային քաղաքական հայացքների համար հետապնդվող 15 անձանց վերաբերյալ, նկարագրություն կար նաեւ Նիկոլ Փաշինյանին ապօրինի կալանքի տակ պահելու վերաբերյալ, Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ, այն մասին, որ նրա նկատմամբ քրեական գործը չի կարճվել: Կար նաեւ փաստահավաք խմբի կարծիքը: Ես առանձին մոտեցել եւ հանձնել եմ այդ նամակը եւ փաթեթը Մոնիտորինգի հանձնաժողովի գրեթե բոլոր անդամներին: Դավիթ Հարությունյանը խնդրեց, որ մի փաթեթ էլ իրեն տրամադրեմ, տրամադրել եմ: Այս ամենը էլեկտրոնային փոստով փոխանցվել է նաեւ Պրեսկոտին եւ Կոլումբիեին»:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում համազեկուցողների բացակայության պատճառն այսպես ներկայացրեց. «Պրեսկոտը Կոպենհագենում ներկայացնում է վեհաժողովը, նա կլիմայի փոփոխության հետ կապված զեկույց է ներկայացնում Կոպենհագենում, եւ դա Բյուրոյի որոշումն է: Վեհաժողովի Բյուրոն քննարկել եւ որոշում է կայացրել, որ Պրեսկոտը պետք է ղեկավարի վեհաժողովի պատվիրակությունը Կոպենհագենում, ինչը եւ նա կատարում է: Իսկ Կոլոմբիեն այսօր քաղաքական միջոցառում ունի այն համայնքում, որտեղից ինքը ընտրվել է, իսկ այդ համայնքը բավականին հեռու է գտնվում Փարիզից, մոտ հազար կիլոմետր»: Դավիթ Հարությունյանին հարցրինք՝ փաստորեն մարտի 1-ի հանձնաժողովի զեկույցի հարցն ընդհանրապե՞ս չի քննարկվի ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում: Պատվիրակության ղեկավարն ասաց, որ հարցը դեռ կքննարկվի, եւ քննարկումը կլինի արդեն հունվարին: Ըստ որոշ գնահատականների, այս ամենի արդյունքում Հայաստանի հարցը հաստատ հունվարյան նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվի: Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ, երբեք էլ հարցն այնպես չէր դրված, թե մեր երկրի հարցը կարող է մտնել հունվարյան նստաշրջանի օրակարգ. «Դրա հավանականությունը գրեթե մոտ էր զրոյի, մանավանդ՝ այդ հարցին անդրադարձել է Բյուրոն՝ դեռեւս Բեռնում տեղի ունեցած իր նիստի ժամանակ, եւ Հայաստանի հարցը դեռ այդ ժամանակ չի մտել օրակարգ: Հարցը կարող էր մտնել բացառիկ իրավիճակում, իսկ նման բացառիկության հիմք այս պահին չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել