Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑԱՆՔ»

Դեկտեմբեր 18,2009 00:00

\"\"ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ «Առավոտի» հետ զրույցում փորձեց ամփոփել անցնող տարին:

– Անցնող տարվա գնահատականը խիստ իրարամերժ է՝ ոմանք խոսում են հաջողություններից, ուրիշները ոչ մի հաջողություն չեն տեսնում:
– 2009-ը բավականին հագեցած տարի էր, հագեցած էր առաջին հերթին արտաքին քաղաքականության ոլորտում, որովհետեւ նախագահի նախաձեռնող քաղաքականության արդյունքում բավականին լուրջ ձեռքբերումներ ունեցանք: Ես ընդունում եմ, որ կան գործիչներ եւ քաղաքական ուժեր, որոնք չեն ցանկանում տեսնել լավը, բայց, իրոք, այդ հաջողությունները եւ առաջընթացը կան: Հայաստանը այս տարվա ընթացքում նախագահի վարած արտաքին քաղաքականության արդյունքում վերածվել է տարածաշրջանային առաջատար երկրի, Հայաստանի դերը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում բարձրացել է, եւ դա պատահական չէ, պայմանավորված է մի շարք գործոններով: Բնականաբար, կարեւորը հայ-թուրքական հարաբերություններն են եւ սկսված գործընթացը: Կարեւորն այն է, որ նախագահ Սարգսյանի կարծիքը գնալով ավելի է հստակեցվում՝ մշտապես ելնելով մեր պետության եւ ազգային շահերից, այսինքն՝ այս բարդ գործընթացների ընթացքում նախագահը երեւաց որպես շատ ճկուն եւ շատ հստակ քաղաքական հայացքներ ունեցող քաղաքական եւ պետական գործիչ, երեւաց, որ իր նպատակներին հասնելու համար նախագահն ունի բավարար քաղաքական կամք: Ես շատ եմ կարեւորում այն փաստը, որ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Էրդողան-Օբամա հանդիպումից հետո Հայաստանի նախագահը ավելի հստակեցրեց եւ կոշտացրեց մեր երկրի դիրքորոշումը, որից հետո հաջորդեց տիկին Քլինթոնի հեռախոսազանգը, որը վերահաստատեց, որ ԱՄՆ-ը, եւ ոչ միայն ԱՄՆ-ը, պաշտպանում է հայկական կողմի դիրքերը:
Միայն այս տարվա ընթացքում շուրջ ինը երկրների նախագահներ են այցելել մեր հանրապետություն. սա եւս խոսում է մեր հանրապետության դերի բարձրացման մասին: Բավականին հագեցած է եղել նախագահի ուղեւորությունների գրաֆիկը, եղել են եւ աշխատանքային, եւ պաշտոնական այցեր, եղավ գրեթե պատմական ուղեւորությունը Սփյուռք: Գաղտնիք չէ, որ խորանում են մեր երկրի հարաբերությունները ՀԱՊԿ անդամ երկրների, մասնավորապես ՌԴ-ի հետ, հաճախակիացել են նախագահներ Սարգսյանի եւ Մեդվեդեւի հանդիպումները: Պատահական չէ, որ պարոն Բորդյուժան Հայաստանը համարում է ՀԱՊԿ-ի լոկոմոտիվը: Մյուս կողմից, նախաձեռնող քաղաքականության մեջ մենք ավելի ենք խորացնում մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացրեցինք, հիմա արդեն Հայաստանը պատրաստ է խաղաղապահ գործունեությամբ հանդես գալ Աֆղանստանի հյուսիսում: Սա նշանակում է՝ Հայաստանի դերը գնալով բարձրանում է: Ինչ վերաբերում է անմիջական հարեւանների հետ հարաբերություններին, ապա գաղտնիք չէ, որ Երեւանն է միջնորդ հանդիսանում Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ Վերին Լարսի բացման հարցի քննարկման գործընթացում: Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում մենք առաջնորդվում ենք ոչ թե պոպուլիստական հայտարարություններով, այլ ազգային շահերով եւ արձանագրությունների ոգով:
– Ասուլիսներից մեկի ժամանակ, նախքան Էրդողանի եւ Օբամայի հանդիպումը, դուք համոզված պնդում էիք, որ արձանագրությունները կստորագրվեն մինչ այդ հանդիպումը կամ դրանից անմիջապես հետո, սակայն, ինչպես տեսնում եք, այդ բանը տեղի չունեցավ:
– Ես ոչ թե ասել էի, որ վավերացում կլինի, այլ ասել էի՝ կարծում եմ, որ մինչեւ այդ հանդիպումը Թուրքիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կտա դրական եզրակացություն: Դա չեղավ, բայց չեղավ նաեւ բացասական եզրակացությունը: Ավելին, դեկտեմբերի 7-ի հանդիպումից հետո, ըստ նույն թուրքական լրատվամիջոցների, իսկ հետո այդ մասին խոսեցին նաեւ ամերիկյան լրատվամիջոցները, ամերիկյան կողմը հստակ հասկացնել տվեց թուրքական կողմին, որ եթե մինչեւ եկող տարվա ապրիլի 24-ը արձանագրությունները չվավերացվեն, ապա ԱՄՆ Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:
– Գուցե ավելի լավ կլինի, եթե չվավերացնեն եւ նման բանաձեւ ընդունվի՞:
– Մեր խնդիրը չպետք է լինի «կամ-կամ»-ը, մեր խնդիրը պետք է լինի՝ «եւ-եւ»-ը: Մենք կողմնակից ենք եւ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը, եւ, իհարկե, մեր արտաքին քաղաքականության օրակարգում է մնում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել