Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկո՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 140-ամյակին

Դեկտեմբեր 17,2009 00:00

Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» հայկական մշակութային միությունը օրերս կազմակերպել էր գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 140-ամյակին: Երեկոն բացեց եւ Կոմիտասի կյանքի ու գործունեության մասին խոսեց միության նախագահ, «Լրագիր» ամսաթերթի գլխավոր խմբագիր եւ Բելգիայի հայկական կազմակերպությունների նորաստեղծ ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Մինասյանը: Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի երգերը Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ, ինչպես նաեւ իր հրաշալի ձայնով ներկաներին հիացրեց Լենա Բեգլարյանը: Կոմիտասի մշակած երկերը կատարեց նաեւ «Նուարդ» միության շաբաթօրյա դպրոցի մանկական երգչախումբը (ղեկավար՝ Լենա Բեգլարյան), իսկ բանաստեղծությունները՝ նույն դպրոցի ասմունքի խմբակի սաները՝ դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Գինոսյանի ղեկավարությամբ: Երեկոյին գեղարվեստական լարում հաղորդեցին ասմունքող Անյա Նալբանդյանը եւ Նարինե Շահվերդյանի պատրաստած թատերական փոքրիկ ներկայացումը: Իսկ ջութակահար Արա Հակոբյանը հուզմունքի ու հիացմունքի նոր երանգ հաղորդեց իր չքնաղ կատարումով:
Երեկոյին իր մասնակցությունը բերեց ու իր խոսքն ասաց նաեւ բելգիահայոց հոգեւոր հովիվ տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Երկար ժամանակ սրահում հնչում էին Կոմիտասի անկրկնելի կատարումները: Մասնակիցների կարծիքով՝ իրենք նման հուզումնալի պահեր վաղուց չէին ապրել…
Նշենք, որ միջոցառումը «Նուարդ» մշակութային միության հերթական ներկայացումն էր՝ նվիրված հայ մեծերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել