Օրերս Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայացավ Բելգիայում գործող հայկական կազմակերպությունների, միությունների եւ այլ կառույցների ղեկավարների հիմնադիր ժողովը, որը քննարկեց Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության առաջարկը՝ Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիա ստեղծելու մասին: Խոսելով հարցի հրատապության մասին, «Նուարդ» մշակութային միության նախագահ Գեւորգ Մինասյանը հիմնավորեց ֆեդերացիայի ստեղծման անհրաժեշտությունը, խոսեց առկա խնդիրների մասին, կարեւորեց Հայրենիք – Սփյուռք կապերի ամրապնդումը եւ հարցը դրեց քննարկման: Նախապես՝ ֆեդերացիայի մեջ մտնելու ցանկություն հայտնած 18 կազմակերպությունների ղեկավարներից ժողովին ներկա 14 նախագահներ առաջարկներ արեցին, քննարկեցին իրար հետ գործելու հնարավորությունները, դպրոցական, կադրային, ֆինանսական եւ այլ հարցեր: Հիմնադիր ժողովը միաձայն ֆեդերացիայի նախագահ ընտրեց «Նուարդ» մշակութային միության նախագահ, «Լրագիր» ամսաթերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Մինասյանին:
Նորաստեղծ ֆեդերացիային հաջողություն մաղթեց եւ իր օրհնությունը տվեց բելգիահայոց հոգեւոր հովիվ տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Այնուհետ ընտրվեց վարչության կազմ, ճշգրտվեցին բաժանմունքները, գործունեության ծրագրերը: Ժողովին իր մասնակցությունն էր բերել Հոլանդիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը, որը խոսեց հնգամյա պատմություն ունեցող իրենց ֆեդերացիայի փորձի, ծրագրերի ու համագործակցելու մասին: Նշենք, որ ֆեդերացիա ստեղծելու գաղափարը արծարծվել էր Բենելյուքսի երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցի եւ Գեւորգ Մինասյանի հանդիպման ժամանակ:
Ֆեդերացիայի ղեկավարությունը կարծում է, որ իր կազմի մեջ առաջիկայում կընդգրկվեն հայկական այլ կառուցներ եւ ոչ հայկական կազմակերպություններ, որոնք տանում են հայանպաստ աշխատանքներ: