Արդեն 3-ամյա Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը երեկվա ասուլիսում ամփոփեց տարին: Լրագրողներին տրված մամուլի հաղորդագրության մեջ մանրամասն ներկայացվում էր, թե որ նախագծի վրա ինչքան գումար է ծախսվել, որ ֆիլմը ինչ մրցանակ է ստացել «դրսի» փառատոներում եւ այլն: Այդ ամենի վրա չենք ծանրանա, քանի որ արդեն անդրադարձել ենք «Առավոտի» շաբաթօրյա համարում՝ «Կինոկենտրոնը փող բաժանող կառույց չէ» հարցազրույցում: Գ. Գեւորգյանը նաեւ թվարկեց կինոկենտրոնի դժվարությունները՝ տեխնիկական միջոցների, հատկապես ձայնային որակյալ սարքավորումների սակավություն, երկրորդ օղակի մասնագետների բացակայություն (երկրորդ օպերատորներ, մոնտաժողներ, ձայնային տեխնիկներ եւ այլն):
Կինոոլորտի համար, տնօրենի կարծիքով, մեծ խոչընդոտներ է ստեղծում անկատար օրենսդրական դաշտը: Չնայած այս ամենին, Գ. Գեւորգյանը կարծում է, որ կինոն սկսել է նորից հետաքրքրել հանրությանը, կինոհանդիսատեսը ավելի ակտիվորեն այցելել կինոդահլիճ, լրագրողներն էլ ավելի մեծ ուշադրություն են դարձրել կինոյին: Նա նաեւ նշեց, որ CNC-ի եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ կնքված պայմանագրի արդյունքում հայ-ֆրանսիական կինոարտադրության լայն հեռանկարներ կբացվեն առաջիկայում: Նույնպիսի ակնկալիքներ կան նաեւ ՌԴ-ի հետ կնքված միջպետական պայմանագրից: