Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճույք՝ ինքնացուցադրվելուց

Դեկտեմբեր 17,2009 00:00

Էքսհիբիցիոնիզմ՝ նշանակում է ցուցադրել։ Առաջին անգամ էքսհիբիցիոնիզմի ախտորոշիչ ցուցանիշները հստակեցվել են Կրաֆտ-Էբինգի կողմից: Այն ունի սեռային բացարձակ պատկանելություն, քանի որ բնորոշ է միայն տղամարդկանց։ Չնայած, ըստ որոշ հեղինակների, այն հանդիպում է նաեւ կանանց մոտ, ինչպես նաեւ առավել հատկանշական է մտավոր հետամնացներին եւ շիզոֆրենիայով հիվանդներին։
Էքսհիբիցիոնիզմը հասարակական վայրերում անծանոթ մարդկանց (հաճախ հակառակ սեռի ներկայացուցիչներին) սեփական սեռական օրգանները ցուցադրելու հակումն է՝ սեռական հաճույք ստանալու նպատակով, առանց ինտիմ հարաբերության առաջարկի եւ նույնիսկ մտահղացման։ Երբեմն ցուցադրման ժամանակ առաջանում է սեռական գրգռվածություն, որը ուղեկցվում է ձեռնաշարժությամբ: Այս հակումը կարող է դրսեւորվել միայն հուզական գերլարված վիճակում, որին հաջորդում է տեւական շրջան՝ առանց նման երեւույթների։ Ընդհանրացնելով գրականության տվյալները, կարելի է ասել, որ հիմնականում էքսհիբիցիոնիստներին բնորոշ է ամոթխածությունը, ընկճվածությունը, պարփակվածությունը, համեստությունը եւ վախկոտությունը։ Նրանց մոտ արտահայտված է անլիարժեքության զգացումը, նույնիսկ ամաչում են սեփական մարմնից։ Էքսհիբիցիոնիզմը տիպիկ նեւրոտիկ ախտանիշ է, որի հիմքում ընկած է անինքնավստահությունը, վախը կանանցից, նրանց հետ շփվելու անկարողությունը եւ այլն։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ էքսհիբիցիոնիստների մեծ մասը չի հասել սոցիալական հասունության։ Դա հետեւանք է սեփական ուժերի հանդեպ ծայրահեղ անվստահության, որը դժվարացնում է մրցակցության նրանց դիմակայումը եւ սահմանափակում ինքնադրսեւորման ունակությունը։
Նման հակումը անձի վարքագծի եւ ագրեսիայի դրսեւորման համակցված տարբերակ է։ Քանի որ էքսհիբիցիոնիզմը վախեցնում է կանանց, այն հաճախ դիտվում է որպես բռնություն։ Չնայած գերմանացի գիտնականների կողմից էքսհիբիցիոնիզմի վերաբերյալ դատական գործերի հետազոտության արդյունքում որեւէ բռնաբարության դեպք չի հայտնաբերվել։ 903 երիտասարդ աղջիկների հարցումը ցույց է տվել, որ նրանցից ամեն երկրորդը հանդիպել է էքսհիբիցիոնիստի, ինչը նրանց մեծ տհաճություն է պատճառել, սակայն լուրջ հոգեբանական հետեւանքներ չի թողել։ Նման դեպքերում անհրաժեշտ է պարզապես ուշադրություն չդարձնել կամ հեգնական ծիծաղել։ Ըստ doctors.am-ի՝ էքսհիբիցիոնիստը իրեն լավ է զգում, երբ դիմացինը վախենում եւ խուճապի է մատնվում, հակառակ դեպքում՝ նա իրեն խաբված եւ հիասթափված է զգում, նույնիսկ ամոթի զգացում է ունենում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել