«Armchess. am» կայքը տեղեկացնում է, որ բրազիլահայ 15-ամյա շախմատիստ Արմեն Պրուդյանը Ռիո դե Ժանեյրոյի մոտ գտնվող Մենդես քաղաքում անցկացված Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությունում, հանդես գալով մինչեւ 16 տարեկանների մրցաշարում, յոթ հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ նվաճել չեմպիոնի կոչումը: Դա շախմատիստին թույլ է տալիս այսուհետեւ կրել ՖԻԴԵ-ի վարպետի կոչում:
Նույն կայքից տեղեկանում ենք նաեւ, որ մեկ այլ բրազիլահայ շախմատիստ՝ միջազգային վարպետ, 23-ամյա Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Ամերիկանա քաղաքում ավարտված Բրազիլիայի 76-րդ առաջնությունում 7,5 միավորով (11 հնարավորից) գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոյի հետ միասին բաժանել է 3-4-րդ հորիզոնականները: