Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակեց ազգային հավաքականների դեկտեմբեր ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակը, որով ամփոփվում է նաեւ մրցաշրջան 2009-ը:
Նոյեմբերի համեմատությամբ, առաջատար տասնյակում թիմերի դասավորվածության փոփոխություն չի արձանագրվել: Տարին առաջին հորիզոնականում եզրափակել է Իսպանիայի ընտրանին (նկարում): Նրան ըստ հերթականության հետեւում են. 2 Բրազիլիա, 3. Հոլանդիա, 4. Իտալիա, 5. Պորտուգալիա, 6. Գերմանիա, 7. Ֆրանսիա, 8. Արգենտինա, 9. Անգլիա, 10. Խորվաթիա: Ինչպես տեսնում ենք, համաշխարհային ֆուտբոլի վերնախավը հիմնականում կազմում են եվրոպական երկրները, չնայած Հին աշխարհամասի ակումբներին բարձրակարգ ֆուտբոլիստներով մատակարարող երկրները եղել եւ մնում են Բրազիլիան եւ Արգենտինան: Հայաստանի ազգային հավաքականն այս անգամ նահանջել է մեկ քայլով՝ եզրափակելով աշխարհի առաջին հարյուրյակը: