Ֆուտբոլի Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականները Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլում միմյանց չեն հանդիպի:
Չնայած վիճակահանությունը կայանալու է եկող տարվա փետրվարի 7-ին՝ Վարշավայում, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռեւազ Արվելաձեն արդեն հայտարարել է, թե ՈՒԵՖԱ-ի ղեկավարության հետ հանդիպումից հետո երկու երկրներին երաշխավորվել է, որ նրանք նույն ենթախմբում չեն հայտնվի: Տարբեր ենթախմբերում են ընդգրկվելու նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի ազգային հավաքականները:
Հիշեցնենք, որ վիճակահանության քմահաճույքով Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրանիները նախկինում եղել են միեւնույն ենթախմբում ու Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարում նրանց հանդիպումները ՈՒԵՖԱ-ի աննախադեպ որոշումով չկայացան՝ երկու հավաքականների հաշվարկում էլ զրո միավոր գրանցելով: Այն ժամանակ հայկական կողմը պատրաստ էր առաջինը մեկնել Բաքու եւ դրանից հետո սեփական հարկի տակ ընդունել մրցակցին: Իսկ Ադրբեջանը պնդում էր, որպեսզի երկու հանդիպումներն էլ կազմակերպվեն չեզոք դաշտում: