Այսպես են գնահատում Հայաստանի վիճակը ՏՏ ոլորտի որոշ մասնագետներ
Օգտակար հանածոներով ոչ այնքան հարուստ Հայաստանը հաճախ է հպարտանում իր մտավոր ներուժով, իշխանություններն էլ բազմիցս շեշտում են, որ ՏՏ ոլորտը պետք է ճանապարհ հարթի երկրի տնտեսական զարգացման համար եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա ճյուղ է հայտարարված: Սակայն ՏՏ-ին նվիրված՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա զեկույցների արդյունքները, որոնք վերաբերում են երկրների ցանցային պատրաստվածությանը, տարեցտարի ավելի տխուր պատկեր են արձանագրում. աճի փոխարեն՝ հետեւողական անկում: «The Global Information Technology Report 2008-2009»-ում Հայաստանը բավականին ետ է իր հարեւաններից: 134 երկրների ցանկում մեր երկիրը 114-րդն է, Ադրբեջանը՝ 60-րդը, Թուրքիան՝ 61-րդը, իսկ Վրաստանը 88-րդն է: Հայաստանը այդ ցանկում «ընկերակցում» է Բուրկինա Ֆասոյին եւ Ղրղըզստանին:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով. «Խայտառակ եւ ամոթալի 114-րդ տեղը՝ լաց լինելու աստիճան մտահոգիչ է ու ավելի կարեւոր է այն, որ ամեն տարի 8-10 տեղ հետ ենք գնում: Սկզբում 86-րդն էինք, հետո՝ 96-ը, հետո՝ 106-ը»: Պարոն Վարդանյանը «Առավոտի» հետ զրույցում իրավիճակը պայմանավորում է նախեւառաջ արտաքին ճնշումներով, մասնավորապես՝ կապված ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ: Ըստ նրա. «ՏՏ ոլորտը մեծապես օգտագործվում է PR-ի համար, եւ պաշտոնյաներն այնքան էլ հետաքրքրված չեն ոլորտով, որովհետեւ մեր երկրում ՏՏ-ի զարգացումը հակասում է միջազգային պարտնյորների տեսակետներին: Մասնավորապես, անընդհատ Հայաստանում դժվարացվում է երկակի նշանակության, բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը, իսկ այն պրոցեդուրաները, որոնք ԱՄՆ-ն եւ Եվրոպան չեն կիրառում, հայ պաշտոնյաների միջոցով ստիպում են, որ մենք կիրառենք, այսպիսով անընդհատ փակելով Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական երկրի հնարավորությունները: Դա բացատրում են Իրան զենք չտանելու խնդրով, բայց հենց իրենք ԱՄՆ-ից, Եվրոպայից Իրանին ամեն ինչ էլ վաճառում են: Սա պատրվակ է Հայաստանում տեխնոլոգիական զարգացումները կանգնեցնելու համար»: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ խնդիրները բազմաթիվ են նաեւ հաղորդակցության, կրթության, բիզնես-միջավայրի ոլորտներում: «Անորակ ինտերնետի համար մի կարգ ավելի ենք վճարում, համալսարաններում ծնողները փող են տալիս իրենց երեխաների չսովորելու համար: Ամենաբարդը ժողովրդի «տեղավորվելու» հոգեբանությունն է, պատասխանատվությունը նախագահի, վարչապետի եւ այլոց վրա բարդելը… Հասարակության ու կառավարության համար մեկ է՝ որ տեղն ենք զբաղեցնում, 114-ին նայում ենք ինչպես ֆուտբոլի հաշվի»,- նշում է ԻՏՁՄ-ի տնօրենը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը համարում է, որ Հայաստանն իրականում ավելի առաջնակարգ տեղ է զբաղեցնում: «Զեկույցի մի մասը հնացած տվյալներ են, մյուս մասը հիմնված է հարցման վրա, որը հայտնի չէ, թե ոնց է ստացվել ու մշակվել: Երբ հետազոտությունը հրապարակվեց, մենք նայեցինք բաղադրիչները, պարզվեց, որ որոշ ցուցանիշներ 2005 թվականի են»,-«Առավոտին» ասաց վարչության պետը: Նրա կարծիքով՝ հայկական շուկայում բնականոն զարգացումներ են տեղի ունենում ու առաջընթացն ակնհայտ է. «Մեծածախ ինտերնետի գինը իջել է մոտ 60 տոկոսով, որովհետեւ հոկտեմբերից իր գործունեությունն է սկսել «GNC Alfa» ընկերությունը, որն «ԱրմենՏելից» ու «Ֆայբերնետից» հետո երրորդ ներմուծողն է: «Համակարգիչ բոլորի համար» նախաձեռնությունը լուրջ խթան կհանդիսանա համակարգիչների քանակի ավելացմանը»: Իսկ հայ-թուրքական սահմանի բացումը, զրուցակիցներիս կարծիքով, դրականորեն կանդրադառնա Հայաստան ինտերնետի հասանելիության տեսանկյունից, որովհետեւ Թուրքիայում բարձրորակ ինտերնետ կա: Կ. Վարդանյանը, չնայած իր նշած խնդիրներին, գտնում է, որ ՏՏ ոլորտի համար 2009-ը ամեն դեպքում հաջող տարի էր: