Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԵԳՎԱՁԵՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 17,2009 00:00

\"\"Երգչուհին խոստանում է 2010-ի գարնանը Բաբաջանյան հնչեցնել հայաստանյան մենահամերգին

Ուրախալի է, որ վերջին տարիներին կրկին հետաքրքրություն է ձեւավորվում խորհրդային էստրադայի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի, այսպես կոչված՝ «թեթեւ ժանրի» ստեղծագործությունների նկատմամբ, որոնք ժամանակին  շլյագերներ լինելով, այսօր էլ ստիպում են հուզվել եւ դրանց միջոցով տեսնել ժամանակների երաժշտական կապը: «Առնո» էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի համանախագահն էր ճանաչված երգչուհի, ԽՍՀՄ եւ Վրաստանի ժողովրդական արտիստուհի Նանի Բրեգվաձեն: Արվեստագետ, որը հայտնի դարձավ վրացական լեգենդար «Օրերա» վոկալ-գործիքային անսամբլից եւ մինչ օրս  ապշեցնում է իր բեմական երկարակեցությամբ:
Հայ ունկնդիրը բարձր գնահատելով Ն. Բրեգվաձեի արվեստը, նրան սիրեց հատկապես Ալեքսեյ Հեքիմյանի «Ձյունաթափ» երգի  անկրկնելի կատարումից հետո: Իսկ թե ինչու երգչուհին  իր բազմամյա ստեղծագործական կյանքում չանդրադարձավ այլ հայ կոմպոզիտորի, հատկապես Առնո Բաբաջանյանի երգերին, «Առավոտի» հետ զրույցում տիկին Բրեգվաձեն  ասաց. «Ես սիրահարված եմ Առնո Հարությունովիչի արվեստին, թեեւ նրա բարձրարժեք երգերից  եւ ոչ մեկը այդպես էլ չհայտնվեց իմ ծրագրում: Բայց դեռ ամեն ինչ ավարտված չէ: 2010-ի գարնանը ծրագրված երեւանյան մենահամերգում  խոստանում եմ հնչեցնել նաեւ Բաբաջանյան: Ինչ վերաբերում է Հեքիմյանի «Ձյունաթափին», առայսօր այդ երգը հնչեցնում եմ աշխարհի տարբեր բեմերում, եւ պետք է տեսնեք, թե ինչ հուզմունքով է հանդիսատեսն այն ընդունում, մանավանդ որ, մեր ժամանակներում մեղեդային երգի դեֆիցիտ է»:
Այսօր ռուսական շոու-բիզնեսում իրենց նշանակալի տեղն ունեն վրաց երգարվեստի ներկայացուցիչները՝ Թամարա Գվերցիդելին, Վալերի Մելաձեն, Սոսո Պավլիաշվիլին, ինչպես նաեւ ազգությամբ հայ, բայց բնիկ թբիլիսցի Իրինա Օտիեւան: Հարցին, թե ինչպիսի՞ն են երգչուհու կապերը համերկրացի գործընկերների եւ շոու-բիզնեսի հետ, Ն. Բրեգվաձեն պատասխանեց. «Յուրաքանչյուր արվեստագետ ինքն է ընտրում իր ճանապարհը: Այսպես է եղել բոլոր ժամանակներում եւ, ինչպես հայտնի է, ժողովուրդն է, անկախ ազգությունից, ընդունում կամ մերժում արտիստին: Ձեր հիշատակած իմ կոլեգաները, այո, ռուսաստանյան շոու-բիզնեսում են, ինչի հետ ես բացարձակ կապ չունեմ: Տարիներ շարունակ  կողքիս է իմպրեսարիոս, ում  հարգում եմ, լսում եւ, որ ամենակարեւորն է՝ վստահում»:
Այսօր խաթարված են վրաց-ռուսական երբեմնի եղբայրական հարաբերությունները, եթե չասենք, որ երկու պետությունների միջեւ նույնիսկ որոշակի թշնամանք է ձեւավորվել: Այս ամենը ինչպե՞ս է արտացոլվում նաեւ Մոսկվայում բնակվող երգչուհու գործունեության վրա: «Կարծում եմ՝ եթե ասեմ միայն, որ պատերազմական գործողություններից հետո Մոսկվայում ոչ մի անգամ բեմ չեմ բարձրացել, ձեզ պարզ կլինի, թեեւ ես չեմ մեղադրում եւ սիրում եմ ռուս ժողովրդին: Վստահ եմ, որ  կգա ժամանակը եւ կերգեմ նրանց համար, բայց երբ՝ չգիտեմ…»,- պատասխանեց արվեստագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել