Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ

Դեկտեմբեր 17,2009 00:00

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը դժվարանում է հավատալ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու իրական ցանկություններին:

\"\"

Քանի որ վերջին շրջանում էլ բավականին ինտենսիվ են դարձել նման հայտարարությունները, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն «Առավոտին» տված հարցազրույցում նկատում է. «Մինչ օրս պայքարը զուտ հայտարարությունների մակարդակում է, բայց շարքային քաղաքացիները գիտեն, թե ինչո՞վ է ավարտվում չինովնիկների հետ հանդիպումը: Կոռուպցիայի դեմ պայքարը մշակման ենթակա լրջագույն քաղաքականություն է: Բայց ամենակարեւորը՝ քաղաքական կամքն է: Դա ոչ միայն վարչապետի, այլ ողջ իշխանության եւ ողջ հանրության խնդիրն է: Հանձնաժողովներ ձեւավորելով եւ հայեցակարգեր մշակելով՝ հարցը չի լուծվում»: Կոռուպցիայի դեմ պայքարելու, մարդու իրավունքները պաշտպանելու ՀՀ բարձրագույն չինովնիկների ցանկությունների ֆոնին, մեր զրուցակիցն անդրադառնում է 2010 թվականի ՀՀ բյուջեին, որն օրերս, կարելի է ասել՝ որոշ չինովնիկների կյանքի գնով, ընդունվեց խորհրդարանում: Նա գտնում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, մասնավորաբար՝ սոցիալական պաշտպանվածությունը, պետք է իր լուծումը գտներ բյուջեում. «Բայց բյուջեն նման հարց չի առաջադրում, հետեւաբար նաեւ լուծում չի տրվում: Անցնելով ֆինանսատնտեսական ճգնաժամը, 2010-ին մենք կանգնելու ենք սոցիալական ճգնաժամի շեմին»: Ի հիմնավորումն ասվածի, առողջապահության նախկին նախարարն անդրադառնում է բյուջեի առողջապահական հատվածին. «Բյուջեով առողջապահությանը տրամադրվելիք գումարները կրճատվել են 11 միլիարդ դրամով, որը 2009-ի բյուջեի նկատմամբ 18 տոկոս է կազմում: Արդեն իրականություն են դառնում այն կանխատեսումները, որ ՀՀ-ում սոցիալապես անապահով խավի թիվն ավելանալու է 170 հազար մարդով: Բյուջեի առողջապահական մասով հոդված կա՝ սոցիալապես անապահով խավի առողջապահության կազմակերպում: Այսինքն, որպեսզի պաշտպանված լինեին այդ 170 հազար մարդը, մենք պետք է բյուջեն ավելացնեինք: Իսկ եթե երկիրն իսկապես հնարավորություններ չունի, գոնե վերաբաշխում պետք է կատարվեր եւ պաշտպանիչ խնդիրներ լուծվեր այդ նոր 170 հազարի առողջության պահպանման խնդիրները լուծելու առումով»: Այս բացարձակ թվերի պարզ համադրումը մեր զրուցակցին թույլ են տալիս ենթադրել, որ այդ 170 հազարը պաշտպանված չեն լինելու:
«Իսկ իրականում՝ ընդհանրապես սոցիալապես անապահով խավը պաշտպանված չի լինելու». այս եզրահանգմանն էլ մեր զրուցակիցը եկել է՝ ուսումնասիրելով ՀՀ-ում գործազուրկներին վճարվող նպաստների չափը: «Գործազուրկին մենք վճարում ենք 48 դոլարին համարժեք դրամ, այն դեպքում, երբ ՌԴ-ն իր մեկ գործազուրկին վճարում է 180, իսկ Ադրբեջանը՝ 200 դոլարին համարժեք գումար: Եթե գոնե նպաստը բարձր լիներ, սոցիալապես անապահով խավ համարվող գործազուրկը հնարավորություն կունենար իր առողջական խնդիրները ինչ-որ չափով լուծել: Ստացվում է՝ բյուջեն ոչ սոցիալական պաշտպանվածության խնդիր է լուծում, ոչ էլ առողջապահության համակարգի բյուջեով ենք պաշտպանիչ շերտ ստեղծում»,- ասում է առողջապահության նախկին նախարարը: Եվ կոռուպցիայի մասին անընդհատ խոսել սիրող իշխանավորներին ասում է. «Բյուջեն այդ սկզբունքներով հաստատելով, մենք ի սկզբանե լրջագույն կոռուպցիոն ռիսկեր ենք դնում: Այսինքն, օրենսդիրի մակարդակով մենք համակարգին դրդում ենք գնալ կոռուպցիոն մեխանիզմների ձեւավորմանը եւ կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը: Շատ պարզունակ եւ ակներեւ փաստ. սահմանելով առողջապահական բյուջեի ծավալը 55 միլիարդ դրամի սահմաններում՝ մարդկանց խոստանում ենք գրեթե եվրոպական առողջապահություն՝ սա անվճար, նա անվճար, այս, այն տարիքային խմբերին եւ այլն: Այն ֆինանսական միջոցները, որոնք տրամադրվում են նման ամպագոռգոռ, լայնածավալ ծրագրեր առողջապահության բնագավառում իրականացնելու, համակարգին անմիջապես ստիպում են իրավիճակին հարմարվել: Ֆինանսավորման փոքր եւ ծրագրերի մեծ ծավալների բացը մեկը պետք է լրացնի: Դա անում է քաղաքացին, քանի որ այդ անհամապատասխանության արդյունքում է, որ ստեղծվում են հիվանդ-բուժաշխատող հարաբերությունների առկա նողկալի եւ անընդունելի ձեւերը»: Նա չի էլ մեղադրում իր կոլեգաներին, քանի որ, եթե փորձ է արվում հանրության ամենաթանկ եւ անգնահատելի արժեքը՝ առողջությունը, տեղավորել փոքրիկ թվերի մեջ, փոխհատուցման խնդիրն ինքնին առաջանում է: Հակակոռուպցիոն ծրագրերի եւ հանձնաժողովների մասին խոսելու փոխարեն, պարոն Մկրտչյանը խորհուրդ է տալիս օրենսդիրներին իրենց մշակած օրենքները լրջագույն հակակոռուպցիոն փորձաքննության ենթարկել:
Այս ամենը նա չի համարում համակարգի պատասխանատուների ոչ կոմպետենտության արդյունք. «Սա ընտրություններից ընտրություն շարունակվող գործընթաց է: Իշխանության գալով՝ այս կամ այն քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրերում բազմաթիվ խոստումներ է տալիս՝ հաշվի չառնելով իրատեսությունը: Ընտրողին հաճոյանալու, քվեներ ստանալու խնդիր ունեն: Նորմալ է, բայց պոպուլիզմի չափ կա: Նախընտրական շրջանի գերպոպուլիզմը բերում է պարտավորությունների, որոնք ստիպված ես իրականացնել ու պոպուլիստական ծրագրերը սկսում են տեղավորվել տարեցտարի համարյա նույն մակարդակն ունեցող բյուջեների սահմաններում»:
Իրավիճակից դուրս գալու եւ առողջապահության համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, մեր զրուցակիցը երկու խնդիր է մատնանշում՝ կազմակերպակառուցվածքային օրենսդրական խնդիրների հստակեցում եւ ֆինանսական նորագույն մեխանիզմների ոչ թե հատվածային, այլ համալիր ներդրում: Այս համատեքստում նա հիշեցնում է դեռ 1990-ականներից շրջանառվող, սակայն մինչ օրս այդպես էլ իրականություն չդարձած սոցիալական պաշտպանվածության ծրագրերը, որոնք պետք է դրվեին առողջապահության բնագավառում: Ինչպես նաեւ՝ կարեւորում է անցումը պարտադիր բժշկական ապահովագրությանը. «Ինչքան հետաձգում ենք հարցը, խուսափում ենք դրան անդրադառնալուց, այնքան ավելի է խորանում այս իրավիճակը: Ջայլամային քաղաքականություն ենք վարում: Համակարգային կոնսերվատիզմ. սա է խանգարում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը, որը շատ երկրներում ներդրվել է հենց տնտեսական լարված պայմաններում: Աշխարհում տասնամյակների փորձ կա եւ դա չի կարելի անտեսել»: Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման մասով նա մատնացույց է անում երկու գերատեսչությունների՝ առողջապահության եւ ֆինանսների նախարարության ներգերատեսչական կոնսերվատիզմը. «Խորհրդային ժամանակներից պահպանվել է փող բաժանելու, ֆինանսավորելու ավանդույթն ու մոլուցքը: Այս երկու նախարարությունները չեն պատկերացնում, որ իրենք իբրեւ գերատեսչական մարմին, կարող են ընդամենը սահմանափակ դերակատարություն ունենալ առողջապահության համակարգի ֆինանսավորման խնդիրներում: Ոլորտի բարեփոխումներին յուրաքանչյուրը նայում է իր գերատեսչական բարձունքից ու ամբիցիաներից»:
Ընդհանրապես, նախկին նախարարը առավել վտանգավոր է համարում համակարգի կառավարման ոլորտի կոռուպցիոն երեւույթները: Այս համատեքստում մատնանշում է ՀՀ վերահսկիչ պալատի կողմից անցկացված ստուգումների արդյունքները միայն. «Տարիներ շարունակ նախարարության կողմից տարեսկզբին առկա դեբիտորական պարտքերից մարվել է միայն մի մասը, տարեվերջին թողնելով բավականին մեծ գումարի դեբիտորական պարտքեր՝ ակնկալելով պետական բյուջեից ավելի գումարների ստացում: «Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով ձեռքբերված դեղորայքից շուրջ 764,9 մլն դրամ արժեքով դեղորայքի պիտանելիության ժամկետները ձեռքբերման պահին չեն համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրերում սահմանված պիտանելիության ժամկետներին։ Մարդասիրական օգնությամբ ստացված դեղորայքը՝ շուրջ 60,8 մլն դրամ, որը ստացման պահին ունեցել է 6 ամսից 1,5 տարի պիտանելիության ժամկետ, ժամանակին չի բաշխվել եւ օգտագործվել, արդյունքում՝ կորցրել են պիտանելիության ժամկետը եւ դարձել ոչ պիտանի: Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերման համար կնքված պայմանագրերի պահանջները «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի պետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից պատշաճ մակարդակով չկատարելու արդյունքում ձեռքբերված 17 անվանում դեղորայքի համար շուկայում առկա նվազագույն գներից ավելի քան 200 մլն դրամ ավելի է վճարվել։
Պայմանագրով նախատեսված հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման ծառայությունները կատարվել է պակաս ծավալով, սակայն հավելագրման արդյունքում 2006, 2007, եւ 2008թթ. 9 ամիսների «ԱՎՏ ստուդիա» ՍՊ ընկերությանը վճարվել է ավելի քան 13,7 մլն դրամ ավելի գումար: Նախարարության ենթակայության 50% եւ ավելի պետական բաժնեմաս ունեցող որոշ ընկերություններ, խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքը եւ ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներով սահմանած պահանջները, տարեկան զուտ շահույթը սխալ հաշվարկելու հետեւանքով շուրջ 7,7 մլն դրամ պակաս շահաբաժին է հաշվարկվել եւ վճարվել ՀՀ պետական բյուջե: Կորոնարոգրաֆիայի, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի, կոմպյուտերային տոմոգրաֆով ոչ ինվազիվ անգիոգրաֆիայի, կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտությունների ուղեգրումները իրականացվել են սահմանված չափորոշիչների պահանջների խախտմամբ: Պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսը չի ապահովել ծրագրով ակնկալվող արդյունավետությունը:
Խոլերայի հայտնաբերման նպատակով մանրէաբանական հետազոտության համար ձեռք բերված եւ օգտագործված նյութերը, ըստ գործող նորմատիվների, չեն բավարարում կատարողականներով ցույց տրված հետազոտությունների քանակներին, որի արդյունքում ավելի է հաշվարկվել եւ վճարվել մոտ 76,5 մլն դրամ:
ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության տարածքային չորս փորձագիտական կենտրոնների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է չկատարված հետազոտությունների դիմաց ավելի հաշվարկված եւ վճարված 44,652.2 հազ. դրամ» եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել