Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ եւ քննարկել բուհական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հետագա քայլերը: Նախագահը նշել է, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Կարեւորելով կրթության որակի բարձրացումը՝ նա ընդգծել է. «Ձեր ղեկավարած բուհերի գործունեությամբ է պայմանավորված, թե վաղը մենք ինչ մասնագետներ ենք ունենալու, ինչպիսին է լինելու մեր երկրի ապագան»:
Ռեկտորները պետության ղեկավարին են ներկայացրել կրթության որակի բարձրացման, կառավարման համակարգի կատարելագործման եւ ժամանակակից պահանջներին դրա համապատասխանեցման ուղղությամբ ընթացող աշխատանքները: Մասնավորապես, խոսվել է Հայաստանի՝ Բոլոնիայի գործընթացին միանալու, կրթական երկաստիճան եւ կրեդիտային համակարգերի ներդրման ընթացքում ի հայտ եկած խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին: Քննարկվել են նաեւ բուհերի կազմակերպաիրավական կարգավիճակի, մասնավոր բուհերի գործունեության, օտարերկրյա քաղաքացիների ուսումնառության գործընթացի կազմակերպման հետ կապված հարցեր: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ոլորտի զարգացման հիմնական գերակայություններից բխող քայլերի իրականացման ներկա ընթացքը: