Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորարարության մեջ հանդգնություն է պետք»

Դեկտեմբեր 17,2009 00:00

Արդյոք ՀՀ դպրոցներն ունե՞ն այդ հանդգնությունը

«Գործընկերներ ուսուցման ոլորտում» ծրագրի շրջանակներում երեկ մեկնարկեց «Նորարար ուսուցիչներ» հայաստանյան առաջին ֆորումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների՝ կրթական գործընթացում ներդրման եւ կիրառման «արշավի» մեկնարկը տրվեց 2008-ի հոկտեմբերի 31-ին, երբ «Մայքրոսոֆթ» ընկերության եւ ԿԳՆ-ի միջեւ ստորագրվեց փոխհամագործակցության համաձայնագիր:
Երեկվա ֆորումի ընթացքում հնչեցին ՏՀՏ գործիքների՝ կրթության բնագավառ «ինտեգրելու» մասին բազում զեկուցումներ, ներկայացվեց դասավանդման գործընթացում ՏՀՏ-ների կիրառման այլ երկրների փորձը: Իսկ ֆորումի ավարտին ամփոփվեցին հոկտեմբերի 26-ին հայտարարված «Նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչների» մրցույթի արդյունքները, որին ներկայացվել էր 17 նախագիծ Երեւանից եւ մարզերից: Լավագույն 2 նախագծի հեղինակները՝ Վանաձորի թիվ 19 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Թորոսյանը եւ «Անանիա Շիրակացի» ճեմարանի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Սուսաննա Գալստյանը, հնարավորություն կստանան իրենց նախագծերը ներկայացնելու եվրոպական «Նորարար ուսուցիչների» ֆորումին՝ մարտին, Բեռլինում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց այն դրական ազդեցությունները, որոնք կրթական գործընթաց են բերում ՏՀՏ-ները: Հետաքրքրվեցինք՝ արդյոք այսօր մեր դպրոցներում ստեղծվո՞ւմ է այդ միջավայրը, որպեսզի ուսուցիչներն էլ իրենց երեւակայության սահմաններում եւ հանդգնության չափով ստեղծագործեն: Պարոն Բլեյանը նկատեց. «Ինչպե՞ս կարող են բոլորը դա անել, եթե շատ դպրոցներում մարդիկ ազատ չեն այդ փորձը կիրառելու. պիտի վերաբերմունքը փոխվի: Օրինակ՝ ինտերնետը այսօր տեխնիկապես խոշոր հաշվով հասանելի է, բայց, ցավոք, կան դպրոցներ, որտեղ պարզապես ինտերնետի պահանջ չի զգացվում»:
Զրուցեցինք նաեւ մրցույթին իրենց նախագծերով ներկայացած ուսուցիչների հետ: Օրինակ՝ Կուպալյան վարժարանի ինֆորմատիկայի ուսուցչուհի Ռուզաննա Մարգարյանը ներկայացրել է տեղեկատվական գործունեության վերաբերյալ դասի մի մոդել՝ 10-րդցիների համար: Նա ասաց. «Այս մոդելի համաձայն, կարելի է պահպանել միջառարկայական կապը, ինչը թույլ կտա ինֆորմատիկայի դասը յուրացնելուն զուգահեռ ամրապնդել գիտելիքները այլ առարկաներից»: Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի անգլերենի ուսուցչուհի Տաթեւիկ Մելքոնյանն էլ ներկայացրել է մի դասի օրինակ, որտեղ օտար լեզուն դասավանդվում է խաղի միջոցով: Օրինակ՝ այս դպրոցի երեխաները մի ծառ են պատրաստել, որի միջոցով պատկերավոր կերպով ասում են, թե ինչու են իրենք անգլերեն սովորում: Ուսուցչուհին ասաց. «Երեխան պիտի ուրախությամբ սովորի, եթե խանդավառված է սովորում, այդ գիտելիքը կլինի ամբողջ կյանքի համար: Օտար լեզվի դասերին խաղային մեթոդների կիրառումը նպաստում է հաղորդակցման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, օգնում սովորողներին տեսնել օտար լեզվով շփվելու իրական միջոցները»: Թիվ 69 դպրոցը ներկայացել է բարեգործության թեմայով պատրաստված էլեկտրոնային ցուցադրությամբ: Փոխտնօրեն Կարինե Սամվելյանը նշեց. «Նախագծում բարեգործությունը ներկայացվում է որպես համամարդկային արժեք: Այս նախագիծը կյանքի է կոչվել երեխաների ջանքերով, որի ընթացքում նրանք ամրապնդել են իրենց գիտելիքները: Օրինակ՝ օգտագործելով համակարգչային գիտելիքները՝ համացանցից տեղեկություններ են հավաքել բարեգործության մասին, լեզվաիմացությունն ամրապնդել են՝ ռուսերենից, անգլերենից հայերեն թարգմանությունների միջոցով եւ այլն: Մի խոսքով՝ չնայած տեխնիկապես երբեմն որքան որ ցանկանում ենք չենք կարողանում մեր ծրագրերն իրագործել, բայց անում ենք ամեն ինչ կրթական գործընթացում ՏՀՏ-ների կիրառման համար»:
Նշենք, որ տարբեր առիթներով դպրոցների պատրաստած տեղեկատվական այսպիսի պաշարները ոչ բոլոր դեպքերում են տեղադրվում նրանց կայքէջերում, ինչը թույլ չի տալիս, որ ստեղծված կրթական նյութը դառնա ուսումնական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել