Այդ նպատակով է իրականացվում «Ինտերնշիպ» ծրագիրը
«Ուսումնական պրակտիկայի բարելավումը ՀՀ-ում» փորձնական ծրագիրը, որը հանրային շրջանառության մեջ մտավ «Ինտերնշիպ» աշխատանքային անվանումով, մեկնարկել էր դեռ ապրիլին եւ կավարտվի դեկտեմբերի 31-ին: Այս մասին «Առավոտն» արդեն տեղեկացրել է («Ինտերնշիպը՝ Հայաստանում», 10.11.09թ.):
Երեկ «Կոնգրես» հյուրանոցի սրահում Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը (ԵՊԼՀ) կազմակերպել էր ծրագրի արդյունքներն ամփոփող կլոր սեղան: Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ: Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ գերատեսչությունների ղեկավարներ, բուհերի ներկայացուցիչներ, գործատուներ, սկսնակ մասնագետներ: Ծրագրի հիմնական նպատակն է փորձարկել պրակտիկայի կազմակերպման փորձնականության ինտերնշիպ մեխանիզմը: Սկսնակ մասնագետների համար կազմակերպվել էին մեկամսյա «ստաժիրովկաներ» տարբեր գործատուների մոտ: Փորձնականություններից առաջ կազմակերպվել են աշխատանքային հանդիպումներ գործատուների հետ եւ դասընթացներ փորձնակների համար:
Ծրագրի ղեկավար Գայանե Մարկոսյանն իր ելույթում նշեց. «Սկսնակներին սովորեցրել ենք՝ ինչպես պիտի շփվել գործատուի հետ, ինչպես ներկայանալ նրան: Ինտերնշիպն ապահովում է գործատու-մասնագետ կենդանի կապը: Ցավոք, այսօր մեզանում երբեմն ուսումնական պրակտիկան դիտարկվում է որպես զուտ գնահատական ստանալու հերթական պարտավորություն եւ իրավունք, մինչդեռ այն կարող է լայն հեռանկարների ծառայել»: Ծրագրին մասնակցել են 25 գործատուներ՝ ՀՀ պետական եւ մասնավոր կառույցներ, բանկեր, վերլուծական կենտրոններ, զբոսաշրջության գործակալություններ, ուսումնական հաստատություններ եւ այլն: Մասնակից 185 ինտերներից փորձնականության համար ընտրվել են 137-ը, ինտերնշիպ անցել է 91-ը, որոնցից 15-ին արվել է աշխատանքի կամ պրակտիկան շարունակելու առաջարկ: Խոսելով գործատուների վերաբերմունքից՝ տիկին Մարկոսյանը նկատեց. «Եղան դեպքեր, որ գործատուները դժգոհեցին, թե իրենց մոտ կրճատումներ են գնում, իրենք չեն կարող անփորձ երիտասարդների ընդունել: Բայց եղան նաեւ դեպքեր, երբ գործատուները փայլուն կերպով ընդունեցին մեր առաջարկը»: Իսկ ԵՊԼՀ զարգացման գծով պրոռեկտոր Մկրտիչ Ավագյանը նկատեց. «Աշխատանքի տեղավորման խնդիրն այսօր ցանկացած շրջանավարտի համար ոչ միայն օրակարգային, այլեւ օրհասական է: Ցավոք, իրենց պասիվությամբ մեր գործատուներն էլ չեն կարողանում իրենք իսկ իրենց վաղվա հաջողության համար գտնել ճիշտ կադրերին: Գործատուների մոտ երբեմն թյուր կարծիք է ձեւավորված երկաստիճան կրթական համակարգի մասին եւ զրոյական կարծիք՝ բակալավրի մասնագիտական որակավորում ունեցող շրջանավարտների մասին: Ինչ-որ առումով նաեւ գործատուի խնդիրն է ճիշտ ուղղորդել բուհին, թե որտեղ է բուհի սխալը, ինչ ուղղություններով, ինչ առարկայացանկեր, ինչ գիտական, հետազոտական աշխատանքներ են անհրաժեշտ, որոնց տրամադրման պարագայում գործատուն կարող է ստանալ իր անհրաժեշտ կադրերին»:
ԵՀՀ տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը նշեց, որ հաճախ գործատուները այնքան էլ խանդավառված չեն սկսնակներին պրակտիկայի ընդունելու, քանի որ չեն ցանկանում խնդիրներ ունենալ հարկային դաշտի հետ, իսկ սա կապված է օրենսդրական դաշտի ոչ կատարյալ լինելու հետ: Իսկ Գ. Մարկոսյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ հնարավոր է առաջիկայում ԵՊԼՀ-ն հանդես գա այս առումով օրենսդրական դաշտի բարեփոխման առաջարկով: «Առավոտը» տիկին Մարկոսյանի հետ զրուցեց նաեւ բուհ-գործատու հակամարտության մասին, երբ գործատուները պնդում են, թե բուհերը պիտի ենթարկվեն շուկայի թելադրանքին, բուհերը՝ հակառակը: Տիկին Մարկոսյանն ասաց. «Երբ խոսքը շուկայի մասին է, ապա եթե եղած ապրանքը չի սպառվում, այն պիտի փոխել: Գուցե մի փոքր կոպիտ է հնչում, բայց եթե այդ մասնագետները չեն գտնում իրենց սպառվածությունը շուկայում, ուրեմն ինչ-որ բան կա: Մյուս կողմից էլ պետք չէ լրիվ տուրք տալ գործարարների պահանջներին այն առումով, որ կադրերին դարձնել ոչ թե գիտելիք ունեցող, այլ մեքենայացված հմտություններ կրող: Պետք է գիտելիքների ու մասնագիտական հմտությունների համակցություն լինի: Իսկ այդ հակամարտությունից ոչ բուհն է շահելու, ոչ գործատուն»: «Առավոտի» այն դիտարկմանը, թե ծրագրին արձագանքած գործատուների շարքում համեմատաբար քիչ էին պետական մարմինները, Գ. Մարկոսյանն այսպես պատասխանեց. «Արձագանքել են Սփյուռքի, մշակույթի նախարարությունները, Երեւանի քաղաքապետարանը, ուստի այնպես չէ, որ պետական մարմինները չեն արձագանքել: Ուղղակի մեր պետական կառույցներն ավելի պահպանողական են, եւ ցանկացած նորամուծություն ավելի դժվար է ճանապարհ հարթում դեպի պետական կառույցներ»:
«Առավոտը» զրուցեց նաեւ ծրագրին մասնակցած ուսանողների հետ: Օրինակ՝ ԵՊԼՀ ուսանողուհի Սյուզաննա Շահբազյանը պատմեց, որ ինքը պրակտիկա է անցել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում եւ այդ փորձնական աշխատանքի համար վճարվել է: Խոսելով պրակտիկայի կազմակերպման մասին՝ նա նշեց. «Ընդհանրապես ուսումնական պրակտիկայի կազմակերպման հարցում բուհերը չլուծված խնդիրներ դեռ ունեն: Երբեմն ուսումնական պրակտիկայի ոչ լիարժեքության պատճառն այն է, որ պրակտիկա գնացող ուսանողների թիվը տվյալ գործատուի մոտ մեծ է, ուստի չեն հասցնում յուրաքանչյուր ուսանողի պատշաճ ուշադրություն դարձնել»: Իսկ նույն բուհի ուսանողուհի Նարինե Հարությունյանը, ով պրակտիկա է անցել Ազգային պատկերասրահում, նկատեց. «Ցավոք, աշխատանքի ընդունվելիս գործատուները ուշադրություն չեն դարձնում ուսումնական պրակտիկա անցած լինելու հանգամանքին: Իսկ այսպիսի ծրագրերը գուցե ավելի մեծ հաջողություն ունենան հետագայում աշխատանքի տեղավորման համար»: