Երեկ www.hetq.am-ից տեղեկացանք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց մշակույթի կենտրոն ձգվող կամրջի շինարարության պատճառով մեկ օր առաջ երկու եղեւնի է հատվել։ Շինարարությունն իրականացնող Վոլոդյա Աբրահամյանը տեղական «Սոսի» հեռուստատեսությանը ասել է, որ ծառերը կտրելու թույլտվություն Կապանի քաղաքապետարանն է տվել: Աբրահամյանը, սակայն, որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել, պնդել է, որ բանավոր են թույլատրել: «Երեխա չեմ, իմ ասածը ձեզ համար հազար թուղթ չարժե՞»,- նկատել է Վոլոդյա Աբրահամյանը: Սեփականատերն ու շինարարները իրենց արարքն արտառոց չեն համարում։ «Հո մարդ չսպանեցինք, ծառ է, էլի, եղածը մի բան չի: Պիտի փոսերը ծածկեի, որ տեղը չերեւար: Մեկի տեղը հազարը կտնկեմ, ավելի որակով ու թանկարժեք ծառեր կտնկեմ, աշխարհը քանդվե՞ց»,- զարմացել է Վոլոդյա Աբրահամյանը: