Ըստ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, մարզի երեխաների մոտ 10 տոկոսը՝ 4500 երեխա, գրանցված է որպես կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, 53-ը՝ առանց ծնողական խնամքի մնացած, որից 15-ը՝ 18-23 տարեկան: Տասը երեխա ժամանակավորապես տեղավորվել է Երեխաների աջակցության կենտրոնում, 30-ը՝ մանկատանը: Մեկ երեխա վերադարձվել է կենսաբանական ընտանիք: Մարզում կա ընդամենը մեկ խնամատար ընտանիք: 2009թ. դեկտեմբերի 1-ի տվյալներով, մարզային ոստիկանության վարչության կողմից պրոֆիլակտիկ հաշվառման է վերցված 27 անչափահաս: Արձանագրվել է 12 հանցագործության դեպք՝ 17 անչափահասի մասնակցությամբ: Արագածոտնի մարզպետարանը ուսումնասիրել է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 96 երեխայի եւ նրանց ընտանիքների սոցիալական պայմանները մարզի 26 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Թալին, Արտենի, Գետափ, Կարմրասար, Ոսկեվազ, Գառնահովիտ, Զովասար, Արագածավան, Ծաղկասար, Նորաշեն, Ուջան, Ն. Արթիկ, Պարտիզակ, Գեղադիր, Հարթավան, Եղնիկ, Ցամաքասար, Հացաշեն, Գեղաձոր, Մելիքգյուղ, Բերքառատ, Վարդենուտ, Փարպի, Սասունիկ: 51 ընտանիքի մարզպետարանը դրամական աջակցություն է տվել: Աշտարակ քաղաքում բացահայտվել է խիստ անբարենպաստ պայմաններում ապրող մեկ ընտանիք, որին մարզպետի կողմից տրամադրվել է սենյակ: Արդյունքում փոխվել է ընտանիքի կենցաղը, նրանք ընդգրկվել են բարեգործական ճաշարանում, ձեռք են բերել փաստաթղթեր: Ի դեպ, այս ընտանիքի մասին «Առավոտը» գրել է այս տարվա հուլիսի 9-ին՝ «Հինգ բոմժով պակաս»:
Ըստ մարզպետարանի, Արագածոտնում կա 453 հաշմանդամ երեխա, որոնց կրթությունը կազմակերպվում է ինչպես դպրոցներում՝ ներառական կրթության շրջանակներում, այնպես էլ՝ տներում:
Ինչպես այլ մարզերում, Արագածոտնում էլ քիչ չեն ծննդյան պետական գրանցում չունեցող երեխաները: Այս տարի ժամկետի ուշացումով ծննդյան վկայական է ստացել 15 երեխա՝ 10 համայնքներից: