Հայ-թուրքական սահմանին «կպած» Մարգարայի բնակիչների մտորումներն ու կարծիքները
Մարգարա հասանք, վարորդների ձեւակերպմամբ՝ ճանապարհների փոսերը հաշվելով: Կարծես՝ հայ-թուրքական սահմանը հենց Ջրառատի ֆաբրիկայից էր սկսվում. շինարար հայի ձեռքն ասես տարբերություն էր դրել մինչեւ Ջրառատ եւ դրանից հետո ճանապարհների միջեւ: Եթե մինչեւ ֆաբրիկա ճանապարհն ասֆալտապատ էր ու հեշտանցանելի, ապա ֆաբրիկայից հետո ճանապարհը հրետակոծության ենթարկված հատվածի էր նման:
Երասխահուն չհասած, նորոգվող կամրջի մոտ խմբված մարդկանց նկատելով՝ դադար առանք: Հասկանալով մեր «օտար» լինելը՝ իրենք մոտեցան, իսկ երբ իմացան, որ լրագրողներ ենք՝ «շուրջկալի» մեջ առան՝ ժամանակի ամենաակտուալ հարցով հետներս կիսվելու համար:
Հուզող հարցը, բնականաբար՝ հայ-թուրքական հարաբերություններն էին ու սահմանապահ գյուղերի բնակիչների վերաբերմունքը այդ հարաբերությունների կարգավորման շրջանակներում:
Վարդանաշենցի Զոհրաբ Բարսեղյանը մտահոգված էր, որ Հայաստան թուրքի մուտքով՝ մեծապես տուժելու են գյուղացիները: «Եթե ես հիմա իմ աճեցրած վարունգը, բիբարն ու պոմիդորը 50-70 դրամով չեմ կարողանում վաճառել, էդ ժամանակ ըսկի չեմ կարա. թուրքը շուկան կլցնի 25-30 դրամով՝ մերը կմնա: Դե, գյուղացի, արի ու ապրի… Ո՞նց: Բա հիմա, որ հնարավորություն ունենամ ու ընտանիքս հավաքեմ- գնամ՝ կստացվի, որ փախա, չէ՞… Բայց ես էլ փախստական չեմ ուզում դառնալ. տուն եմ դրել, տնտեսություն ստեղծել, որ թողեմ- գնա՞մ…»:
Այլ մտահոգություն ուներ արազափցի եզդի Արմեն Բակոյանը: Ըստ նրա՝ իրենց տարածաշրջանը դառնալու է ազգությունների խառնարան: «Մեր կողմից հայերն ու եզդիները, նրանց կողմից՝ թուրքերն ու քրդերը: Սահմանում էլ՝ ռուսները, դե արի ու խաղաղ սրտով գլուխդ բարձին դիր»: Բայց մեր խնդիրը Մարգարա հասնելն էր, ու խմբվածների հետ կարճ կապելով շարունակեցինք դժվարանցանելի ճանապարհը:
Մարգարա մտանք ոչ միայն ջարդուխուրդ եղած մարմնով, այլեւ՝ ճանապարհի փոշին թոքերի մեջ կուտակած:
Մարգարայի գյուղապետին չտեսանք՝ հարսանիք էր գնացել: Առաջին հանդիպած մարգարացին 77-ամյա Նինա տատիկն էր, ում առաջարկությամբ եղանք իրենց երկհարկանի տան պատշգամբում՝ տեսնելու համար իրենց անմիջական հարեւաններին: «Ամբողջ օրը դրանց նամազի ձենն ա ականջներիս: Զահլես գնում ա, հենց սկսում են երգել՝ ոչ միայն ականջներս, դուռն ու լուսամուտն էլ եմ փակում»: Նինա տատիկի չի հիշում դեպք, թեկուզ մանուկ հասակում, որ թուրք հարեւանների հետ ընդհարումներ եղած լինեն: «Բայց, դե մեկ ա՝ մենակ էն, որ մեր հիշողությունների մեջ 15 թիվ են թողել, իրանց հետ մտերմանալ չարժե»: Սկեսրոջ կարծիքը կիսեց նաեւ նրա տնտեսագետ հարսը՝ գյուղի նախկին դրամարկղի վարիչ, այժմ՝ գործազուրկ Վարդուշ Խաչատրյանը: «Թուրքին մենք ասոցացնում ենք չարության, դաժանության հետ: Օրինակ, եթե հարեւանները կամ երեխաները իրար հետ կռվում են, ասում ենք՝ ոնց որ հայ ու թուրք լինեք: Կամ, եթե ուզում ենք մեկի դաժանության աստիճանը նկարագրել, համեմատում ենք թուրքի հետ»: Տիկին Վարդուշի համար անընդունելի է նաեւ այն միտքը, որ սահմանը բացելուց հետո թուրք ներդրողի մոտ նույնիսկ շատ բարձր աշխատավարձով կարելի է աշխատել. «Անձամբ ես ոչ մի պայմանով նրանց ձեռքի տակ չեմ աշխատի. ինչքան էլ բարձր վարձատրեն: Գուցե ջահելները գայթակղվեն մեծ փողերով ու գնան դրան, բայց իմ սերնդակիցները հաստատ կմերժեն: Մենք արժեքային այլ համակարգում ենք կրթվել, ներկայիս սերունդը՝ այլ: Բացի այդ, հայտնի խոսք կա՝ պատվիրում է նա, ով վճարում է: Էս դեպքում՝ Աստված հեռու տանի թուրք պատվիրատուից»:
22 տարի առաջ Նոր Հաճընից Մարգարա հարս եկած Աննա Կիրակոսյանն էլ պատրաստ է տունը վաճառել ու այլ բնակավայր տեղափոխվել, եթե ամուսինը համաձայնի: Նրա ասելով՝ իրեն երբեք սահմանապահ գյուղացու կարգավիճակում չի զգացել, պետական որեւէ վերաբերմունքով դա չի արտահայտվել. անգամ Արաքսը կողքներին՝ ոռոգման ջրի խնդիր ունեն, իսկ կոմունալ ծախսերի զեղչերի մասին ավելորդ է համարում խոսել: «Տուն առնողներ երբեմն գալիս են, գնով հետաքրքրվում՝ գնում են: Բայց մեկ ա, տունը ծախենք, թե ոչ՝ էլի օգտվողը մենք չենք լինելու: Սահմանին կպած ենք ապրում, թե՝ հեռու, մեկ ա՝ ձեռներս ոչինչ չի ընկնի, եթե փող չունենք: Սահմանի բացումը մենակ փողատերերին ա պետք, որ իրանց ունեցածն ավելացնեն: Թե չէ՝ մեր նման խեղճուկրակների՞ն ինչ: Մենք էստեղ էլ ապրենք՝ էլի շահողը երեւանցին ա լինելու: Ով հնարավորություն ունի՝ գալու ա, իր գործն անի՝ մենք էլի մնալու ենք: Միշտ հարցնելու ենք՝ վերջն ո՞վ ա…»:
Աննա Կիրակոսյանը վստահ է, որ թուրքի հետ հարեւանություն կարելի է անել, բայց բարեկամություն՝ երբեք. «Թուրքը մեր թույլ տեղը գիտի. դա մեր հավատքն է, որը սեր ու ներողամտություն է քարոզում: Նրանց դաժանություն ու բռնություն քարոզող իսլամի դեմ մենք չափազանց բարի ենք, որի վրա էլ հենց աշխատել ու աշխատելու են»: