2002 թվականից մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 23-ը 1120 բողոք է ստացվել Եվրոդատարան՝ ընդդեմ Հայաստանի: Ըստ «Արմինֆոյի», այդ մասին հաղորդել է ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը:
291-ը մերժվել է դատարանի կողմից, ՀՀ կառավարության հետ քննարկումներ են տեղի ունեցել 105 գործի առնչությամբ: ՀՀ-ի նկատմամբ կայացվել են 20 վճիռ եւ 22 որոշում: Դրանցից 5-ը կառավարության առարկությունների հիման վրա անընդունելի են ճանաչվել, որոշներն ավարտվել են հաշտության համաձայնագրով, մյուսները քննարկման փուլում են: Ինչ վերաբերում է խախտումներին, ապա դրանք, Գ. Կոստանյանի խոսքով, առնչվում են սեփականության իրավունքների, հասարակական հավաքների անցկացման արդարությանը: «Անկախ այն բանից, թե տվյալ որոշմամբ հաստատվել է խախտման փաստը կամ դրա բացակայությունը՝ այդ որոշումներում առկա մեկնաբանությունները շատ կարեւոր են երկրի համար: Նույնիսկ եթե ընդունվել է խախտման փաստը, դա չի նշանակում, թե որոշումն ուղղված է «ընդդեմ» այս կամ այն պետության»,- ընդգծել է Գեւորգ Կոստանյանը: