Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության՝ Լոռու մարզային վարչության՝ Թումանյանի բաժնի ՔՀԲ պետի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ոստիկանության՝ Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ՔՀԲ պետ Ա. Գրիգորյանն իր որդու՝ Վ. Գրիգորյանի եւ վերջինիս ընկերներ Հ. Սարգսյանի ու Վանաձորի բնակիչ Վ. Գալստյանի հետ 2009թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 02-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ռեստորանային համալիրում վիճաբանության մեջ է մտել Գյումրի քաղաքի բնակիչներ Ա. Պապիկյանի եւ Ա. Իսկանդարյանի հետ, հայհոյել, բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Գործադրված բռնությունների հետեւանքով Ա. Պապիկյանը եւ Ա. Իսկանդարյանն ստացել են առողջությունը քայքայող թեթեւ մարմնական վնասվածք: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա. Գրիգորյանին, Վ. Գրիգորյանին եւ Հ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վ. Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: