Դատավարական պահմտոցի՞
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը ծանուցագրեր է ուղարկում հանգուցյալներին եւ դատական նիստեր անցկացնում նրանց «ներկայությամբ»:
Փետրվարի 24-ին «Առավոտն» իր «Քաղաքի կենտրոնում բնակարանը տիրազո՞ւրկ էր» հրապարակման մեջ անդրադարձել էր Վանաձոր քաղաքի Լազյան 43ա կոոպերատիվ շենքի մի խումբ բնակիչների բողոքին: Բնակիչները փորձում են իրենց սեփականության իրավունքը պաշտպանել նույն շենքի՝ ընդհանուր սեփականությունը հանդիսացող, ընդհանուր օգտագործման թիվ 17 բնակարանի նկատմամբ: Լոռու մարզի նախկին առաջին ատյանի դատարանը կեղծ փաստաթղթերի եւ ստորագրությունների հիման վրա կայացրել էր վճիռ, որով բնակարանի սեփականատեր է դարձել նույն շենքի բնակիչ Անդրանիկ Աֆրիկյանը: Շենքի բնակիչները դատարանի վճիռը բողոքարկել են վերաքննիչ դատարանում, որն իր հունիսի 1-ի որոշմամբ բավարարել էր նրանց հայցը եւ գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ դատարանը բնակիչների բողոքը համարել է հիմնավոր՝ ելնելով այն հանգամանքից, որ. «Ոչ բազմակողմանի քննության արդյունքում դատարանը Անդրանիկ Աֆրիկյանի դիմումը քննել է հատուկ վարույթի կարգով, մինչդեռ տվյալ պարագայում վեճն առնչվում էր կոոպերատիվի բոլոր անդամների իրավունքներին, հետեւապես առանց նրանց մասնակից դարձնելու՝ դատարանն իրավասու չէր գործը քննել հատուկ վարույթի կարգով եւ վճիռ կայացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 188-րդ հոդվածի հիման վրա: Դիմումը ներկայացվել է հատուկ վարույթի կարգով, վերաքննիչ բողոք ներկայացրած, ինչպես նաեւ իրենց համաձայնությունը տված անձինք չեն ներգրավվել գործով որպես պատասխանողներ»:
Հետեւաբար, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կրկին քննում է Լազյան 43 ա շենքի՝ կռվախնձոր դարձած թիվ 17 բնակարանի հարցը: Սակայն դատարանը, այս անգամ դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, աշխատում է նախկին դատաքննության ոճով, միայն մի «առավելությամբ», որ այս անգամ դատավորը հարգում է շենքի երբեմնի՝ վաղուց արդեն հանգուցյալ բնակիչների սեփականության իրավունքը եւ դատական նիստերին ներկայանալու ծանուցագրեր է ուղարկում քաղաքի «Կոնգո» թաղամասի գերեզմանատան «բնակիչներ» Ս. Սարգսյանին, Մ. Ղազարյանին, Ա. Սոխակյանին, Ց. Ունանյանին, Գ. Անտոնյանին եւ այլոց: Հանգուցյալներն այսպիսի բովանդակությամբ ծանուցագրեր են ստանում դատարանից. «…03.11.2009 թվականին կայացած նախնական դատական նիստում դատարանի կայացրած որոշմամբ՝ գործը քննվում է հայցային վարույթի կարգով եւ դուք ընդգրկված եք նշված գործով որպես պատասխանողներ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախազգուշացվում եք, որ դուք պարտավոր եք սույն գրությունը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը, դրան կցելով Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր եւ իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, ինչպես նաեւ՝ հայցադիմումի պատասխանը եւ կից փաստաթղթերը հայցվորին եւ գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում: Խնդրում եմ նշված օրը եւ ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում՝ նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ»: Նման ծանուցագրեր ստացել են նաեւ շենքում եւ, առհասարակ, հանրապետությունում չբնակվող այլ բնակիչներ եւս: Ուղարկված ծանուցագրերից 14-ը ետ են եկել: Մինչդեռ բնակարանի նկատմամբ 13 պահանջատեր բնակիչներից 9-ը նման ծանուցագրեր չեն ստացել: Իսկ Սլավիկ Նազլուխանյանը նոյեմբերի 3-ի դատական նիստի մասին իմացել էր պատահական: Այդ մասին նա «Առավոտին» պատմեց. «Այդ օրը պատահական մտա դատարան, միջանցքում կարդացի այդ շաբաթվա դատական նիստերի ցանկը եւ տեսա, որ մեր շենքի եւ տվյալ բնակարանի հետ կապված լսվելու է Աֆրիկյանի հայցը: Զարմացա: Մեկ ժամ անց պետք է դատը լիներ, որի մասին ես տեղյակ չէի: Հարեւանիս հետ եկանք եւ մտանք նիստերի դահլիճ, տեսանք եւ լսեցինք, որ հրապարակում են մեր շենքի այն բնակիչների անունները, որոնք վաղուց մահացել են, բայց ներկայացված են որպես պատասխանողներ: Անգամ նրանց ժառանգները այդտեղ չեն ապրում, վաճառել են տները եւ գնացել, եւ այդ շենքի հետ որեւէ կապ չունեն: Մենք անմիջապես դուրս եկանք դահլիճից, որպեսզի մեր փաստաբանին տեղյակ պահենք այդ ամենի մասին: Մոտ 100 մետր հեռացել էինք դատարանի շենքից, մեզ կանչեցին. դատարանի կարգադրիչն էր, որն ասաց, թե դատավորը մեզ կանչում է: Վերադարձանք: Երբ մտանք դահլիճ, դատավորը հարցրեց՝ մենք այդ շենքի բնակիչնե՞ր ենք, թե՞ ոչ: Ասացի՝ հանգուցյալների անուններ ես կարդում, իսկ մենք, որ այս գործում բողոքավոր եւ դիմումատու ենք, մեզ չե՞ք հրավիրել, առանց մե՞զ եք դատ անում, գոնե մեր փաստաբանին տեղյակ պահեիք: Ասաց՝ ձեր պաշտպանը կարող է հասցե չունի: Ասացի, որ բոլորի հասցեները մեր գործերում նշված են: Հիմա էլ ասում է՝ կարող է դուք ձեր պաշտպանին փոխել եք, ես ի՞նչ իմանամ»:
Լազյան 43ա շենքի բնակիչները մտագոհված են, որ նման գաղտնի գործելաոճով դատարանը կարող է երկրորդ անգամ անհիմն վճիռ կայացնել: