Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԻՑ ՄՈՒԹ ԱԿՆԱՐԿՆԵՐ ԵՆ ՀՆՉՈՒՄ

Դեկտեմբեր 17,2009 00:00

Սեւակ Արծրունին չի բացառում, որ Գերագույն դատարանը ընթացք չի տա

Երեկ «Երկիր» հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների միության համակարգող Սեւակ Արծրունին եւ փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն «Առավոտում» հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրին, որ «Միասնական Ջավախք» կազմակերպության առաջնորդ Վահագն Չախալյանի գործը գտնվում է Վրաստանի Գերագույն դատարանում: Ընդ որում, այստեղ գործը կարող է պահվել մինչեւ 6 ամիս: Սեւակ Արծրունին չբացառեց, որ հնարավոր է 6 ամիս հետո դատարանն ընդհանրապես ընթացք չտա 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախահայ ակտիվիստի գործին եւ վերադարձնի:
Ս. Արծրունին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Գերագույն դատարանի փուլում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, վերջերս Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հանդիպելով Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամների հետ, պատասխանելով պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլանի հարցին, ասել է, որ ձերբակալված Չախալյանը «դատապարտվել է կասկածելի, ոչ շինծու մեղադրանքներով: Ձեր նշած հայազգի քաղաքացին ձերբակալվել է ավելի լուրջ մեղադրանքների հիման վրա: Նա տեղեկություններ էր փոխանցում երրորդ երկրին: Ես իրավունք չունեմ նշելու, թե որ …բայց Ձեզ թողնում եմ կռահումներ անելու իրավունքը»: Ինչ վերաբերում է Վ. Չախալյանին Ֆրասիայի փաստաբան Պատրիկ Արապյանի փաստաբանական օգնությունից զրկելու խնդրին, Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շարունակել է. «Դժբախտաբար, մեր օրենսդրությունը թույլ չի տալիս օտարերկրյա փաստաբանի մասնակցությունը դատավարությանը, բայց նա կարող է ընդգրկվել պաշտպանական խմբի մեջ՝ որպես խորհրդական: Հակառակ որոշ, հատկապես հայկական սփյուռքի թերթերի ներկայացմանը, Չախալյանին դատում են ոչ թե նրա համար, որ նա հայ է, կամ պաշտպանում էր հայության իրավունքները, այլ այն պատճառով, որ նրա դեմ առաջ են քաշված լուրջ մեղադրանքներ: Եթե նա լիներ ազգությամբ վրացի, ապա կարժանանար նույն ճակատագրին»: Ս. Արծրունու գնահատմամբ, վրացի պաշտոնյան ստում է, քանի որ «աղմուկ է բարձրացել ոչ միայն հայկական ճակատում, այլեւ Եվրոպայի քաղաքական շրջանակներից»: Վահագնը մեղադրվել է ջավախահայության հանրահավաքների կազմակերպման համար, բացառապես՝ 2005-2007թթ. ծավալած քաղաքական գործունեության համար: Հայտնի է, որ դատավարությունն ընթացել է զենք-զինամթերք պահելու, հանրահավաքներ կազմակերպելու համար: «Պարոն Վաշաձեն «մոռանում» է նշել, որ մինչեւ 2009թ. հուլիսը Վրաստանում օրենսդրորեն արտոնված էր օտարերկրյա փաստաբանների մասնակցությունը երկրի ներսում ընթացող դատավարություններին, եւ Վ. Չախալյանի դիմումից հետո միայն Վրաստանի խորհրդարանը հապճեպորեն օրենք ընդունեց՝ հանելով այդ դրույթը օրենսդրությունից»,- ասաց Ս. Արծրունին: Վերջինս տեղեկացրեց, որ Ֆրանսիայում ստեղծվել է շտաբ, ուր տեղի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ մշակվում են քայլեր, որպեսզի հանդես գան քաղաքական հայտարարությամբ: Քննարկվում է «զրպարտություն» հոդվածով Վաշաձեին իրավական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Փաստաբան Ռ. Ռեւազյանը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից փաստաթուղթ է ուղարկվել հայկական կազմակերպության համակարգող խորհրդին: Այնտեղ խոսվում է, թե ինչ «քայլեր է ձեռնարկել» Վրաստանը ջավախահայության կյանքում, անդրադարձ է եղել Չախալյանի գործին: «Խեղաթյուրված են բոլոր փաստերը: Իբր խնդիրներ չկան հայերենի, մշակութային, կրթական, կրոնական ոլորտներում, իբր թույլատրվում է, որ հայ եկեղեցին գրանցվի: Վահագնի գործով ներկայացվում են ստեր, թե իբր նա դատվել է Ախալքալաքում, մինչդեռ դատավարությունն ընթացել է Ախալցխայում: Չեն նշել, որ Վահագնի կրտսեր եղբորն ու հորն են դատել: Ստացվում է, թե իբր Չախալյանին ձերբակալել ու դատել են: Վահագնին ծեծի էին ենթարկել բանտում: Սակայն նշվում է, իբր փաստաբանների կողմից այդ կապակցությամբ որեւէ բողոք չի ներկայացվել: Մինչդեռ հայտնի է, որ վրացի, հայ, ֆրանսիացի փաստաբանները բողոքել են: Մինչեւ հիմա, նկատենք, որ վրացի պաշտոնյաները ոչինչ չէին ասում: Հիմա լռել չեն կարող, ստիպված են ստեր հորինել ու տարածել»,- ասաց փաստաբանը: Վերջինս հավատացրեց, որ Գերագույն դատարանից հետո իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանզի ակնհայտ է, որ Վահագնը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման՝ զենք պահելու համար, 9 տարի՝ քաղաքական գործունեության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել