Օրերս Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում նշվեց «Հայ արիներ» հայկազունների ազգային սկաուտական կադետա-սեպուհական միության հիմնադրման 22-ամյակը եւ Հայաստանում միակ մանկապատանեկան սկաուտական Նժդեհյան ցեղակրոն «Հայկազունք» պարբերականի տպագրման 20-ամյակը: Շնորհանդեսին մասնակցում էին Հայաստանի մարզերից՝ միության մասնաճյուղերի ներկայացուցիչները, հյուրեր Սփյուռքից: «Հայ արիներ» ՀԱՄ-ը 22 տարվա գործունեության ընթացքում զորավիգ է կանգնել ազգային բանակի ստեղծմանը, բացի այդ, հարյուրավոր հայկազուններ մասնակցել են արցախյան ազատամարտին: Միության ջանքերով Հրազդանի կիրճում գտնվող «Նոր Բերդ» ռազմաուսումնամարզական կենտրոնում ստեղծվել է Հայաստանի «Փոքր Մհեր» կադետա-սեպուհական կրթահամալիրը, որտեղ ուսում են ստացել եւ ազգային բանակի շարքերն են համալրել Հայաստանի ողջ տարածքից մուրացիկ, թափառաշրջիկ, զոհված ազատամարտիկների, անապահով ընտանիքների երեխաները: Միության 22-ամյա գործունեության մասին հանգամանալից զեկույցով հանդես եկան միության հիմնադիր ատենապետ, գեներալ-խմբապետ Լեւոն Մխիթարյանը եւ «Հայկազունք» պարբերականի գլխավոր խմբագիր Ռուզաննա Ասատրյանն ու Կարինե Շիրակը: Առաջին անգամ ցուցադրվեց «Եղիր Հայկազունք» վավերագրական ֆիլմը: