21-րդ դարում՝ այստեղի բնակիչների համար անգամ գազն է շքեղություն
Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանի 4-րդ մասնաշենքի բակից արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ներսում ինչ անտանելի պայմաններ են: Շենքի շուրջբոլորն աղբակույտեր են, որոնց մեջ առնետներ են վազվզում: Չնայած, բնակիչների ներկայացմամբ, աղբահավաք կազմակերպությունը շաբաթը մեկ անգամ աղբը տանում է: Աստիճաններով բարձրանալիս աղբի հոտից ուղղակի խեղդվում ես. այն տարածված է շենքով մեկ: Այստեղ հիմնականում բնակվում են ուսանողներ ու փախստականներ: Հանրակացարանի յուրաքանչյուր հարկում խոհանոցն ու բաղնիքն ընդհանուր է, ու շատ հաճախ այնտեղ հակահիգիենիկ վիճակ է ստեղծվում, ինչի հետեւանքով շատ բնակիչներ նախընտրում են ճաշը սենյակներում պատրաստել եւ օգտվել վճարովի բաղնիքներից:
Այստեղ ապրող բնակիչների հիմնական մասը գործազուրկ է եւ գոյատեւում է թոշակների ու նպաստների հաշվին: Հանրակացարանի 4-րդ մասնաշենքի բնակիչ Արամայիս Պողոսյանն այստեղ ապրում է իր կնոջ հետ, որը մասնագիտությամբ հաշվապահ է, սակայն ոչ մի տեղ չի կարողանում աշխատանք գտնել: Ինքը՝ Ա. Պողոսյանը, 2-րդ կարգի հաշմանդամ է: Նա նույնպես չի աշխատում, իսկ ստացած 30 հազար դրամ թոշակն էլ բավականացնում է միայն կոմունալ վճարումները ժամանակին կատարելուն եւ թերսնվելուն: Ա. Պողոսյանի զավակները Հայաստանից արտագաղթել են, սակայն նրանց օտար ափերում եւս չի հաջողվում աշխատանք գտնել ու ծնողներին օգնել. «Որդիներիցս մեկը բուժման նպատակով Ֆրանսիա է մեկնել, մյուսն էլ Մոսկվայում է»:
Երկրորդ մասնաշենքի վերելակը չի աշխատում, ինչի պատճառով տարեց բնակիչները չեն կարողանում հաճախակի ներքեւ իջնել ու անհրաժեշտ գնումներ կատարել: Նիկողոսյանների ընտանիքն ապրում է ցուրտ ու խոնավ սենյակում. այնտեղ, բացի մահճակալներից ու պահարանից, ոչինչ չկար: Ռիմա եւ Գավրուշ Նիկողոսյանների պատմելով, գաղթել են Մարտակերտի շրջանի Չայլու գյուղից: Այժմ նրանց գյուղը ադրբեջանական տարածքում է: Գավրուշ Նիկողոսյանը 64 տարեկանում մասնակցել է արցախյան պատերազմին եւ վիրավորվել է: Նա երկու ոտքը կորցրել է ու այժմ 2-րդ կարգի հաշմանդամ է: Գ. Նիկողոսյանը կարծում է, որ յուրաքանչյուր հայ տղամարդու պարտքն է հայրենիքի ազատագրման համար պայքարել: Ամեն անգամ, երբ խոսք է լինում Չայլու գյուղի մասին, տիկին Ռիման մեծ ապրումներ է ունենում ու առանց արտասուքի չի կարողանում խոսել. «Մեր գյուղն ուղղակի դրախտավայր էր, եթե տերեւը լեզու ունենար, կասեր՝ ինչքան գեղեցիկ է տեղի բնությունը»: Նրանք հույսը չեն կորցնում, որ մի օր վերադառնալու են հայրենի գյուղ: Բնակիչների ներկայացմամբ, ամեն տարի կառավարությունը խոստանում է այդ հանրակացարանի փախստականներին նոր բնակարան տեղափոխել, սակայն՝ «Ժամկետը գալիս անցնում է, բայց մեր հարցը չի լուծվում»: Իսկ հանրակացարանը ամենեւին էլ հարմար չէ այս բնակիչների բնակության համար: Նրանց ամենացավոտ հարցերից մեկը գազի խնդիրն է: Մասնաշենքերում գազ չունեն: