«Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագրի մասին, որն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից: Ծրագրի իրականացման գործում ներգրավված են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ կենտրոնական բանկն ու ֆինանսների նախարարությունը: Շուրջ մեկ ամիս առաջ «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում այս կապակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը հայտարարեց, որ իրենք մոնիտորինգ իրականացնելու համար ընդունել են շուրջ 2000 նախնական հայտեր, որպեսզի պարզեն հնարավոր շահառուների քանակը: Ծրագրով հետաքրքրված որոշ երիտասարդ ընտանիքներ «Առավոտին» մտահոգություն հայտնեցին, որ մեկ շաբաթ առաջ հեռուստաընկերություններից մեկի եթերով հայտարարվել է, որ ծրագրի համար արդեն հայտեր ընդունվել են եւ միայն այդ հայտը լրացրած անձինք կմասնակցեն ծրագրին:
Այս կապակցությամբ «Առավոտը» պարզաբանում խնդրեց Ա. Քարամյանից: Նա կատարվածը համարեց թյուրըմբռնում եւ ասաց. «Ներկայումս ծրագիրը գտնվում է կառավարությունում: Արդեն որոշվել է ծրագրի համար հատկացվելիք դրամագլուխը՝ 3 միլիարդ դրամ, որից գումար կհատկացվի նաեւ երիտասարդ ընտանիքներին՝ ավտոմեքենաների ձեռքբերման վարկավորման համար: Նորից հայտարարում եմ, որ այդ հայտերը նախնական են եւ որեւէ առավելություն կամ իրավական հետեւանք ունենալ չեն կարող: Իսկ երբ հունվար-փետրվարին ընդունվի համապատասխան որոշումը, հավանաբար մարտի 1-ից ծրագիրը կմեկնարկի: Իրականացման մեխանիզմները դեռ փոքր-ինչ տեսական են, բայց պարզ է, որ տոկոսադրույքը լինելու է 8-9%: Ընտանիքների միջին ամսական եկամուտը չպետք է լինի 150 հազար դրամից ցածր, իսկ 10 միլիոն դրամից ավելի արժեքով բնակարան չեն կարող ձեռք բերել, քանի որ սա սոցիալական ծրագիր է: Ծրագրի մեկնարկից հետո համապատասխան շահառուները, նաեւ նրանք, ովքեր նախնական հայտեր չեն լրացրել, կդիմեն առեւտրային բանկեր՝ հավաստելու իրենց կարգավիճակը, բանկերն էլ կուսումնասիրեն վճարողունակությունը. կամ կճանաչեն վարկունակ, կամ՝ ոչ: Վարկունակ ճանաչվելու դեպքում հիմնադրամից բնակարանի ձեռքբերման համար գումար կտրամադրվի երիտասարդ ընտանիքներին»: