Մոտ 3 տարի է՝ «Հայկական ավիաուղիների» պարտատերերը իրենց գումարը չեն ստանում
Զոհված անձնակազմի անդամների հարազատները մինչ այսօր փոխհատուցման են սպասում:
Սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիների» պարտատերերը հույսները կորցրել են, որ մի օր կկարողանան իրենց պարտքերը ստանալ: 2004-ին ընկերությունը սնանկ ճանաչվեց եւ եղած գույքի վաճառքից գոյացած գումարների հաշվին պարտքերի որոշ մասը մարեց, սակայն 2007-ից հետո ընկերությունը պարտատերերին ոչ մի կոպեկ չի վճարել: Բանն այն է, որ եղած անշարժ գույքը՝ Սեւանի ավազանում գտնվող 11,6 հա հողամասը եւ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում կայանած «ԻԼ-86» օդանավը գնորդ չունեն, ինչի պատճառով էլ գումարներ չեն հավաքագրվում՝ պարտքերը մարելու համար:
Իսկ պարտատերերը գրեթե 3 տարի է, ինչ պաշտոնյաների դռներն ընկած՝ իրենց խնդրին լուծում են պահանջում, սակայն ոչ ոք նրանց բանի տեղ չի դնում:
«Հայկական ավիաուղիների» պարտատերերի ցուցակի մեջ են նաեւ 2001-ին Իրանում վթարի ենթարկված «ՅԱԿ- 40» օդանավի անձնակազմի անչափահաս երեխաններն ու ընտանիքների այլ անդամները: Ընկերությունը պարտավոր է՝ ինչպես աշխատակիցների, այնպես էլ զոհվածների 10 տարվա աշխատավարձը վճարել հարազատներին: Անձնակազմի զոհված անդամ, ավիաինժեներ Համլետ Օհանյանի կինը, մայրը, անչափահաս 5 երեխաները, որոնցից մեկն էլ հաշմանդամ է, այդ աշխատավարձի հույսին են, սակայն 3 տարի է՝ ոչ մի լումա չեն ստացել: Զոհվածի կնոջ՝ Սուսաննա Օհանյանի պատմելով. «Ես չեմ աշխատում, հազիվ իմ անչափահաս երեխաներին եմ խնամում: Մեր միակ հույսը ամուսնուս աշխատավարձն է, այն էլ ինչ-ինչ պատճառներով չեն տալիս: Բազմաթիվ անգամ դիմել ենք երկրի նախագահին, վարչապետին, բայց ամեն անգամ մեր դիմումը ուղարկում են քաղավիացիա, որտեղից էլ ոչ մի պատասխան չենք ստանում»: 3 տարի է՝ «ՅԱԿ-40»-ի զոհված անձնակազմի մյուս անդամների անչափահաս երեխաներն ու հարազատները նույնպես սպասում են «Հայկական ավիաուղիների» փոխհատուցմանը: Յուրաքանչյուր ընտանիք ամեն ամիս միջինը պետք է ստանա 200-350 հազար դրամ:
Ըստ «Հայկական ավիաուղիներ» ընկերության սնանկության գործերով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի, ընկերության պարտատերերը թվով 95-ն են, զոհված անձնակազմի հարազատները եւս ընդգրկված են այդ ցուցակում: Այսինքն, եթե մի օր «Հայկական ավիաուղիները» իրեն պատկանող հողամասն ու ինքնաթիռը վաճառի, ապա այդ գումարը պետք է բաժանվի 95 պարտատերերի միջեւ, քանի որ այդ անդամները, ինչպես պարոն Ղամբարյանն ասաց, պարտատերերի «բ» ցուցակում են, իսկ ցուցակի «ա» հորիզոնականում հենց պարոն Ղամբարյանն է, որովհետեւ նա հանձնաժողովի միակ անդամն է, որը զբաղվում է սնանկության գործերով եւ իր աշխատանքի համար պետք է վարձատրվի գույքի վաճառքից ստացված գումարից:
Որքան էլ «ՅԱԿ-40»-ի անձնակազմի հարազատները պահանջում են իրենց առաջնահերթ փոխհատուցում տրամադրել, քանի որ, ըստ նրանց, 5 ընտանիքի գումար տրամադրելն ավելի հեշտ է, քան՝ 95-ին, Հ. Ղամբարյանը դա անհնարին է համարում:
«Դա գործնականում հնարավոր չէ: Ցուցակի այդ 95 անդամն էլ պետք է համաձայնություն տան, որ, ասենք, իրենց չվճարեն, այլ 5 ընտանիքին վճարեն, իսկ դա անհնար է: Ես ինքնուրույն չեմ կարող այդ գումարը իմ ցանկությամբ բաժանել»:
Մեզ հետ զրույցում Հ. Ղամբարյանը նշեց, որ մինչ օրս ինքն էլ է անվճար աշխատում, երբ գումար հավաքագրվի՝ իր հասանելիքը կստանա:
Սակայն Հ. Ղամբարյանը մի մտավախություն ունի, եթե անգամ ինքնաթիռը կամ հողամասը վաճառվեն, «Հայկական ավիաուղիներն» այնքան պարտքեր ունի կուտակած, որ դժվար թե այդ գումարը բավականացնի ամբողջությամբ պարտքերը մարելու համար: Բացի այդ, ճգնաժամի պատճառով, հողամասի ու ինքնաթիռի գները այնքան են նվազել, որ կառավարիչը գերադասում է. «Մի որոշ ժամանակ սպասենք, մինչեւ ճգնաժամն ավարտվի, միգուցե գտնվեն գնորդներ, գոնե մի քիչ թանկ վաճառենք: Իսկ հիմա, լավ, ասենք ցածր գնով վաճառենք, որոշակի գումար տվեցինք՝ պրծավ, բա հետո՞»:
Թե ինչու «Հայկական ավիաուղիներին» պատկանող «Դոմոդեդովոյում» կայանած «ԻԼ-86» օդանավից եւս «խեր» չկա, պարոն Ղամբարյանն այսպես մեկնաբանեց. «Դեռեւս 2005-ին աճուրդում 750 հազար դոլարով վաճառվեց ինքնաթիռը, բայց գնորդը հրաժարվեց վճարել, ինչից հետո աճուրդն անվավեր ճանաչեց: Դրանից հետո անընդհատ դրել ենք աճուրդի, բայց չի օտարվել ու գնալով ինքնաթիռի գինը նվազում է: Նախ՝ կայանման համար լուրջ վճարումներ ենք անում, հետո էլ՝ 2004-ից կայանված ինքնաթիռի բոլոր ագրեգատները ենթակա են փոխելու: Դա ընդամենը մի կտոր երկաթ է, եւ եթե ռեալ նայենք, այդ ինքնաթիռից էլ խեր չկա: Բավականին երկար ժամանակ է՝ փորձում եմ տարբեր ճանապարհներով պարզել, թե որքան է կայանման վարձը: Նույնիսկ Հայաստանի քաղավիացիայից եմ փորձել պարզել: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը խոստացել է հստակ ասել կայանման պարտքը, մինչեւ դա չիմանանք, չենք կարող հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում մեր ինքնաթիռը: 2 տարի առաջ կատարած անկախ փորձագիտական տվյալներով, ինքնաթիռը 150 հազար դոլար է գնահատվել»: Պարոն Ղամբարյանի ներկայացմամբ՝ եթե անգամ այս գումարով վաճառվի եւ եթե հաշվի առնենք կայանման վարձը, ապա վաճառքից հետո տակը բան չի մնա: Նրա կարծիքով, պետությունը պետք է ռեսուրսներ գտնի՝ պարտատերերին փոխհատուցելու համար: Հետաքրքիրն այն է, որ այդ ինքնաթիռը ժամանակին վարձակալության է տրվել նախկին պատգամավոր Արտյուշա Սիմոնյանին պատկանող «Էքսպրես լայն» ընկերությանը, որն էլ 2004-ին այն տեղափոխել էր Մոսկվա: Մեկ տարի անց, դատարանի վճռով «Էքսպրես լայնը» պարտավոր էր ինքնաթիռը ետ բերել Հայաստան, բայց նույնիսկ ԴԱՀԿ-ի պարտադրանքով գործը գլուխ չեկավ: Իսկ զավեշտալին այն է, որ այդ ընկերությունը 2008-ին ճանաչվեց սնանկ, ու այսօր այդ ընկերության պարտատերերի ցանկում է հենց «Հայկական ավիուղիները»:
Փաստորեն, պարտատերերի միակ հույսը մնացել է Սեւանի ավազանում գտնվող 11,6 հեկտար հողամասը: Պարոն Ղամբարյանի խոսքերով՝ եթե 18 հեկտարը վաճառել են 187 մլրդ դրամով, ապա այս եղած հողն էլ ճգնաժամից հետո կարգին գնով կվաճառեն, ինչի շնորհիվ պարտքերի մի մասը կմարեն: Ըստ կառավարչի, պարտատերի կապիտալացված գումարը 1 մլրդ 325 միլիոն դրամ է, որ մինչ պարտատերի 70 տարին լրանալը, երբ գումար հավաքագրվի, կարող են վճարել: Իսկ վթարի ենթարկված «ՅԱԿ-40» ինքնաթիռի անձնակազմի հարազատների 2008- 2009 թվականների պարտքը 28 միլիոն դրամ է, մնացած 85 պարտատերերի 2006-2009-ի պարտքը՝ 422 միլիոն դրամ:
Բացի 95 պարտատերերից, Հ. Ղամբարյանը մեզ վստահեցրեց, որ կան մի քանի ընկերություններ եւս, որոնք պարտատերերի ցուցակում են գտնվում, սակայն մինչ նշված 95-ի պարտքը չմարեն, մյուսների մասին չեն էլ կարող մտածել: Իսկ «Հայկական ավիաուղիների» եղած գույքը նույնիսկ բարձր գնով վաճառելու դեպքում՝ չի բավականացնի ամբողջությամբ պարտքերը մարելուն:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում «ՅԱԿ-40»-ի զոհված անձնակազմի ընտանիքի անդամները վստահեցրին, որ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են կազմակերպելու, պահանջելով, որ վարչապետն անձամբ իրենց ընդունի եւ հարցերին պատասխան տա. «Նախորդ ցույցի ժամանակ ոստիկանն ասաց, թե իրեն հրահանգել են, որ մեզ ասի՝ դիմենք քաղավիացիային, եթե մեր հարցերին բավարար պատասխան չտան, նոր մեզ վարչապետը կընդունի: Բայց քաղավիացիայի ներկայացուցչի հետ մի քանի անգամ հանդիպել ենք եւ ոչ մի արդյունքի չենք հասել, ուստի պահանջում ենք, որ Տիգրան Սարգսյանը մեզ ընդունի»: